
«Ես սովորում եմ Քաթարի «Նորթ Վեսթերն» համալսարանում։ Իմ մասնագիտությունը լրագրությունն է։ Դիմել էի համալսարաններ և՛ ԱՄՆ–ում, և՛ Եվրոպայում, և՛ Քաթարում։ Արդյունում՝ որոշել էի, որ պետք է սովորեմ Իտալիայում։ Մտածում էի, որ Քաթարում սովորելը շատ բարդ կլինի, տվյալ համալսարանից կրթաթոշակ ստանալը շատ դժվար է, քանի որ իրենք չունեն ֆինանսական հիմունքներով կրթաթոշակ։

Ունեն կա՛մ վարկ, կա՛մ քո հաջողությունների հիման վրա կրթաթոշակ, որը ստանում են տարեկան 10–12 հոգի։ Իրականում, ես հույսեր չունեի, որ կլինեմ այդ մարդկանցից մեկը։ Դրա համար էր, որ մտածում էի կրթություն ստանալ Իտալիայում՝ էկոնոմիկա մասնագիտությամբ, որովհետև այնտեղ արդեն ընդունվել էի կրթաթոշակով։

Բարեբախտաբար ամեն ինչ փոխվեց, երբ Քաթարի համալսարանից ստացա ամբողջական կրթաթոշակ և բնականաբար։
Որոշեցի գնալ «Նորթ Վեսթերն» համալսարանում սովորելու»,–պատմում է Քաթարի «Նորթ Վեսթերն» համալսարանի ուսանողուհի Լիլիթ Հովսեփյանը։
«Այս տարվա սեպտեմբեր ամսից ես սովորելու եմ Լիտվայի «ԷԼ ՍԻ ՍԻ» միջազգային համալսարանում՝ միջազգային հարաբերություններ և զարգացում բաժնում։ Դիմել եմ աշխարհի տարբեր համալսարններ։ Որոշներից ստացել եմ մերժումներ, որոշներում դեռ պահեստային «աթոռներին նստած» եմ։ Բայց, իմ նախընտրած համալսրանից պատասխանը ստացել եմ դեկտեմբեր ամսին և շատ ուրախ էի դրա համար։

Սկզբում չգիտեի, որ կրթաթոշակ եմ ստացել։ Հետո, երբ արդեն փուլերով անցա, պարզվեց ամբողջական կրթաթոշակի շահառու եմ։
Մեզ մոտ կա մի քանի կրթաթոշակ, որոնցից մեկը Կովկասինն էր, և կարող էին ստանալ ընդամենը 4 աշակերտ։ Ես այդ ցանկում էի»,– ասում է Լիտվայի «ԷԼ ՍԻ ՍԻ» համալսարանի ուսանողուհի Իռեն Հարությունյանը։
«Ես սովորում եմ ԱՄՆ–ում, Նյու Յորք նահանգի Կոլումբիայի համալսարանում՝ համակարգչային գիտություն, արհեստական բանականություն և ստատիստիկա մասնագիտությամբ։ Փոխադրվեցի 3-րդ կուրս։

Ես դիմել էի մոտ 20 համալսարններ, ընդունվել էի մոտ 5–ը, բայց ամբողջական կրթաթոշակ ինձ տվել էր միայն Կոլումբիայի համալսարանը։ Հետևաբար՝ իմ ընտրությունը կանգ առավ այս համալսարանի վրա։
Բացի դրանից՝ Կոլումբիայի համալսարանը աշխարհի թոփ 10 համալսարաններից մեկն է ու իմ ընտրած մասնագիտության մեջ էլ աշխարհում առաջատարներից է։ Շատ ուրախ էի, որ հենց այդպես ստացվեց»,– ասում է ԱՄՆ–ի Նյու Յորք նահանգի Կոլումբիայի համալսարանի ուսանող Էդվարդ Թովմասյանը։




