
Այսօր ԲՏԱ նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացրել «Հանուն Հանրապետության» կուսակցությունն ու նրանց համախոհները։
«Մենք պահանջում ենք մեր իշխանություններից և այս գերատեսչությունից հայկական մուլտիպլեքսից հեռացնել ռուսաստանյան հեռուստաալիքները։ Մենք այստեղ ենք, որ ասենք՝ այդ որոշման կողքին ենք»,-ասել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։
Ռուսական ալիքների շուրջ աղմուկը վերջին օրերին ավելացել է, քանի որ մեր երկրում հեռարձակվող ռուսական ալիքների եթերներում ակտիվացել է հակահայկական խոսույթը։
«Հայաստանի կառավարությունը չպետք է թույլ տա մեր երկրի թվային սահմանների վրա տեղեկատվական հարձակումները»,-հայտարարում են ակցիայի մասնակիցները։
Օրերս Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը բարձրացրել էր այդ ալիքների վերահարձակումը դադարեցնելու հարցը՝ մեղադրելով, որ դրանց եթերում Հայաստանի պետական ինստիտուտների ու քաղաքացիներին հասցեագրված են վիրավորական արտահայտություններ, խեղաթյուրված գնահատականներ, փաստերի փոխարեն հուզական ու ագրեսիվ բնորոշումներ։
Կարգավորող անկախ մարմինն ընդգծել էր, որ Ռուսաստանի պետական հեռուստաընկերությունները պարբերաբար խախտել են 2020 թ. դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրի առնվազն երեք դրույթ։ Ըստ համաձայնագրի՝ ռուսաստանյան հեռուստաալիքները պարտավորվել են պահպանել Հայաստանի օրենսդրությունը, բացառել հայ ժողովրդի և ազգային արժեքների նկատմամբ վիրավորական բովանդակությամբ հաղորդումները, ինչպես նաև միջամտությունը Հայաստանի ներքաղաքական կյանքին։




