Էկոսֆերա

Հայաստանում բուսածածկ, խոտածածկ և անտառածածկ տարածքներում հրդեհների թիվն աճել է 2․7 անգամ․ «Էկոսֆերա»

Խարույկը վառել միայն խարույկի համար նախատեսված վայրերում, իսկ հեռանալուց առաջ համոզվել, որ կրակն ամբողջությամբ մարված է։ Անտառային տարածքներում արգելվում է թողնել ապակու մնացորդներ կամ շշեր, որոնք արևի ուղիղ ճառագայթների միջոցով կարող են հրդեհի առաջացման պատճառ դառնալ։ Անզգույշ քայլերը կարող են հանգեցնել անտառային կամ բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման։ Պետական կառույցների ներկայացուցիչները հորդորում են քաղաքացիներին, հատկապես ամառային օրերին, զգոն լինել՝ չնպաստելով հրդեհների առաջացմանը։

Համաշխարհային վիճակագրությունը հուշում է, որ անտառային հրդեհների ավելի քան 90%-ը պայմանավորված է մարդածին գործոնով. միայն աննշան մասն է բնական աղետի հետևանք՝ կայծակ, քամի և այլն։ Այսինքն՝ անտառային հրդեհներն առաջանում են մարդու անզգուշության կամ որոշ դեպքերում՝ դիտավորության հետևանքով։

Հայաստանում ևս հրդեհների թիվն ավելացել է։ Ինչպես հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Բագրատ Վարդազարյանը, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ այս տարի բուսածածկ, խոտածածկ, ինչպես նաև անտառածածկ տարածքներում հրդեհների թիվն աճել է ավելի քան 2.5 անգամ։

Մեր երկրում ևս հրդեհների առաջացման հիմնական պատճառը մարդածին է։ Անզգույշ որևէ գործողություն կարող է հանգեցնել էական վնասների, մասնավորապես՝ շրջակա միջավայրին և բնությանը։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի և վերլուծության վարչության պետ Էդուարդ Կարապետյանի խոսքով՝ անտառային տարածքներում հրդեհների հասցրած վնասը բավականին մեծ է լինում։ Այն մեծ վնաս է հասցնում էկոհամակարգին։

Ի դեպ, ահասարակ, ողջ աշխարհում անտառային հրդեհներն արտանետում են հսկայական քանակությամբ CO₂՝ նպաստելով գլոբալ տաքացմանը։ Օրինակ՝ 2021-ին Սիբիրում հրդեհների հետևանքով մթնոլորտ է արտանետվել ավելի շատ CO₂, քան Գերմանիայում մի ամբողջ տարվա ընթացքում։ Հրդեհների ծուխը կարող է անցնել հազարավոր կիլոմետրեր։ Կանադայի հրդեհների ծուխը, օրինակ՝ 2023 թ․-ին, հասել էր Եվրոպա՝ վատթարացնելով օդի որակը Փարիզում, Լոնդոնում և այլուր։

Կրակի հետ «խաղալը», ինչպես փոքր տարիքում նախատում են մեր մեծերը, վտանգավոր է։ Իսկ ահա մեծ տարիքում՝ չափահաս մարդկանց դեպքում, դա արդեն պատժելի արարք է։ ՆԳՆ-ից հայտնում են նաև, որ ներդրվել է նոր համակարգ, որի օգնությամբ նախապես հաղորդվում է տվյալ տարածքում հրդեհավտանգ իրավիճակի մասին․ մանրամասնում է Բագրատ Վարդազարյանը։

Բնության պահպանությունը հնարավոր չէ իրականացնել միայն մեկ կառույցի ուժերով։ Այս հարցում մտահոգ վերաբերմունք պետք է դրսևորեն բոլորը, հատկապես այն քաղաքացիները, ովքեր նախատեսում են իրենց հանգիստը կազմակերպել բնության գրկում։ Անզգուշորեն նետված չմարած ծխախոտը կարող է առաջացնել հրդեհ։ Սա հատկապես վտանգավոր է տաք և չոր եղանակին։ Շատ հրդեհներ սկսվում են անտառային արշավների ժամանակ՝ անհետևողական խարույկների կամ խորովածի պատրաստման արարողությունից հետո չմարված կրակի պատճառով։

Մասնագետները հորդորում են հետևել սահմանված վարքականոններին՝ զերծ մնալու հնարավոր ռիսկերից և վտանգներից։ Որքան շատ մարդ տիրապետի այս վարքականոններին, այնքան պաշտպանված կլինեն բնությունն ու շրջակա միջավայրը։

Կարդացեք նաև

Back to top button