
Հայ-Նիդեռլանդական կապերը դարերից են գալիս, սակայն դրանք առավել ջերմացան 2022 թվականին Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում բացված «Արարատի հմայքի ներքո» ցուցահանդեսից հետո։ Այժմ նիդեռլանդական կողմն է մշակութային դեսպաններ ուղարկել Հայաստան՝ Դրենց թանգարանի բացառիկ նմուշների տեսքով։
Ցուցադրության կազմակերպիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմինե Զոհրաբյանն ասում է, որ մարդկությունը հիմնականում անցել է նույն ճանապարհը։ Դա են վկայում նաև նոր քարեդարից, ուշ բրոնզեդարից և վաղ երկաթեդարից մեզ հասած թե՛ նիդեռլանդական, թե՛ հայկական ցուցանմուշները, որոնք ցուցադրվում են զուգահեռաբար։


Թեև արտեֆակտերը մեծաքանակ չեն, բայց դրանք բացառիկ են իրենց կարևորությամբ։ Այսօր անվտանգային և ապահովագրական ծախսերի հետ կապված՝ թանգարանները մեծ խնդիրների առջև են կանգնած, ուստի մեծ հաջողություն է տեսնել ու վայելել այս բացառիկ ցուցադրությունը մեր երկրում։


Արմինե Զոհրաբյանը պատմում է նաև, որ առաջին հայերը Նիդեռլանդներ են եկել դեռևս 4-րդ դարում, իսկ այսօր այնտեղ կա շատ ակտիվ, բարգավաճ ու հայրենասեր հայկական համայնք, որի անդամները եկել են այնտեղ մեր պատմության ամենախառնակ ու դժվարին ժամանակներում։




