
Ֆիզիկոսների միջազգային համայնքի շուրջ 30 ներկայացուցիչ կրկին Հայաստանում է։ Կրկին, որովհետև այդպիսով վերականգնվում է նախորդ դարի 60-ականներին ձևավորված, ապա ընդհատված ավանդույթը։ Հունիսի 23-25-ը Երևանի պետական համալսարանում անցկացված գիտաժողովին մասնակցել են 10 երկրի առաջատար գիտական հաստատությունների՝ տեսական ֆիզիկայի մասնագետներ։
Ճանաչված ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի՝ 1960-ականներին հանգամանքների բերումով ընդհատված նախաձեռնությունն ավելի քան 60 տարի անց վերսկսվել է։ Հայաստանում 2 տարին մեկ կհավաքեն ֆիզիկոսներ ողջ աշխարհից։
Լանդաուի դպրոցը միջազգային գիտական համայնք է, որի անդամները հավաքվել են Երևանում՝ քննարկելու իրենց և գործընկերների գիտական աշխատությունները, ի մի բերելու ոլորտի նորարարությունները։ Այս քննարկումները կարևոր են աշխատությունների «ամրությունը» ստուգելու համար՝ «Ռադիոլուրին» ասում է գիտաժողովի կազմակերպիչներից Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Արա Սեդրակյանը:


«Խորհրդային Միությունում, այդ թվում՝ մեզ մոտ, կար Լանդաուի դպրոց։ Ասպիրանտուրա անցած, գիտությամբ զբաղված մարդիկ հստակ կապ են ունեցել մեկը մյուսի հետ։ Անկախ նրանից՝ աշխարհում որտեղ են գտնվում, նրանք միշտ քննարկում են իրենց ծրագրերը։ Նոր Ամբերդի դպրոցը, որը ժամանակին կազմակերպում էր Ալիխանյանը, մեծ հեղինակություն ուներ։ Համարվում էր, որ նույն Լանդաուի դպրոցի երիտասարդներն անպայման պետք է գան և մասնակցեն այդ դպրոցին»։
Ռուսաստանից մինչև ԱՄՆ, Գերմանիայից մինչև Միացյալ Թագավորություն՝ այս երկրների գիտական հաստատություններից շուրջ 30 ներկայացուցիչ էր այս տարի ժամանել Հայաստան։ Օրակարգը տեսական ֆիզիկայի վերաբերյալ էր։
«Ո՞վ է տեսաբան ֆիզիկոսը» հարցին Արա Սեդրակյանը պատասխանում է։
«Փորձ չի անում, բայց նկարագրում է փորձը, այսինքն՝ տեսություններ են ստեղծում, որ հասկանան, օրենքները գրեն։ Շատ զեկուցումներ եղան քվանտային նյութերի թերմոդինամիկ հատկությունների, նոր նյութերի ստեղծման և դրանց տոպոլոգիական հատկությունների վերաբերյալ»։
Նյու Յորքի Սթոնի-Բրուք համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Աբանովը զբաղվում է խտացված նյութի ֆիզիկայով։ Կիսով չափ հայ է և գիտաժողովի կազմակերպիչներից։
«Գիտաժողովը բաղկացած է զեկույցներից, յուրաքանչյուրը՝ 40 րոպե, գումարած՝ զեկուցողին հարցերի մաս։ Դրանից հետո բոլոր ընդմիջումների ժամանակ մենք շարունակում ենք քննարկումը։ Մեկը կարող է ասել, որ տեսել է նման բան մեկ այլ աշխատանքում, այսինքն՝ տեղի է ունենում տեղեկատվության փոխանակում։ Գլխավոր նպատակն է գտնել ձևակերպել նոր առաջադրանքներ, որոնք կարևոր են գործակցության նոր ուղիների ստեղծելու համար»։
Պրոֆեսոր Աբանովը զեկույցներից հատկապես առանձնացնում է հազվագյուտ տատանումներին առնչվողը։ Առաջարկում է պատկերացնել, թե ինքնաբուխ տատանումների պատճառով որքանով է հավանական նյութի մեջ մեծ դատարկ տարածության առաջացումը։ Խիստ մասնագիտորեն ձևակերպված իր իսկ միտքը մասնագետը բացատրում է այսպես․
«Դա հազվագյուտ երևույթ է, կարող եք խճճվել։ Քանի որ սա ֆունդամենտալ գիտություն է, նոր մոտեցումները կարող են կիրառվել ամենաանսպասելի ոլորտներում։ Ռուսաստանից մի ֆիզիկոս խոսեց որոշ հավասարումների լուծման մասին, և մենք հասկացանք, որ կարող ենք օգտագործել այդ լուծումը հազվագյուտ տատանումներն ուսումնասիրելիս»։


Գերմանիայի Վուպերտալի համալսարանից տեսական ֆիզիկայի պրոֆեսոր Անդրեաս Կլյումպերն ուսումնասիրում է այսպես կոչված «օպտիկական ծուղակներում» ի հայտ եկող երևույթները։ Պատմում է՝ Հայաստանում է արդեն 5-րդ անգամ։ Հայաստանյան պետական ծրագրով տրամադրվող դրամաշնորհային ծրագրում պայման կա՝ ներգրավել նաև արտասահմանցի գործընկերների։ Դրա շնորհիվ է պրոֆեսորի գիտական կյանքը կապվել Հայաստանի հետ։
«Այս քննարկումները շատ կարևոր են, դրանք հնարավորություն են տալիս տեղեկանալ նոր գաղափարներին, ներկայացնել քո տեսակետը՝ ինչու ոչ՝ ընդդեմ մյուսների։ Միասին կարող ենք հասնել ավելիին, քան՝ առանձին-առանձին։ Դեռ 2000-ականներից առաջ Գերմանիայում Հայաստանի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողի հետ հանդիպումն, օրինակ, ինձ համար մեծ խթան էր համատեղ գիտական ուսումնասիրության համար»։
Զրուցակիցներս նկատում են՝ ֆիզիկայի մասին հանրության պատկերացումներն առավելապես դասագրքային են, դրանցում ուսումնասիրությունները հասնում են մինչև 20-րդ դարի սկիզբ։ Այսօր նեղ մասնագետները քննարկում են ժամանակակից ֆիզիկան՝ փորձելով այն ճանաչելի դարձնել այսօրվա աշխարհին։ Գիտական համայնքի ներկայացուցիչները Հայաստանում կրկին կհավաքվեն 2 տարի անց։




