
Նրանք կարող էին իրենց կյանքը կառուցել Փարիզում, որտեղ հնարավորություններն ու հարմարավետությունը շատերի համար երազանք են։ Սակայն Նելլի և Միքայել Պոլյակովները՝ քույր և եղբայր, կայացրին մի որոշում, որն իրենց շրջապատի համար անհավանական էր թվում. նրանք տեղափոխվեցին Հայաստան։ Սա պարզապես մի երկրից մյուսը տեղափոխվելու պատմություն չէ։ Սա երկու տարբեր աշխարհայացքների, հակասական զգացմունքների և, ի վերջո, հայրենի հողի հետ անբեկանելի կապի մասին պատմություն է, որը հուզում է և ստիպում վերաիմաստավորել «հայրենիք» հասկացությունը։
«Սփյուռքի ձայնը» հաղորդման տաղավարում իրենց վերադարձի մասին պատմում են Նելլի և Միքայել Պոլյակովները, որոնց ծնողները Ֆրանսիա են տեղափոխվել Հայաստանից, որտեղ ծանոթացել ու ամուսնացել են։


Երկու ուղի դեպի մեկ հայրենիք․ Նրանց ճանապարհները դեպի Հայաստան նույնքան տարբեր էին, որքան իրենք։
Նելլին՝ առաքելությամբ առաջնորդվող հայրենասերը, Հայաստան տեղափոխվեց հինգ տարի առաջ՝ աշխատանքի բերումով։ Նրա գործը խորհրդանշական էր․ «Դեպի Հայք» և «AVC» հիմնադրամներում աշխատելով՝ նա ինքն էր դարձել կամուրջ Սփյուռքի և հայրենիքի միջև։ Միքայելի պատմությունն այլ է՝ ավելի անսպասելի ու ըմբոստ։ Ֆրանսիայում նա գրեթե կապ չուներ հայկական միջավայրի հետ։ «Ես ռեբել էի, իմ աշխարհը նրանցը չէր։ Իմ կյանքը ֆրանսիացի ընկերներիս հետ էր, իսկ հայկական երաժշտություն լսում էի միայն խնջույքների ժամանակ՝ Թաթա Սիմոնյան։ Տանը՝ ծնողներիս հայերեն հարցերին պատասխանում էի ֆրանսերենով»,-անկեղծանում է նա։ Սկզբում Հայաստանը նրա համար ընդամենը արձակուրդի վայր էր, իսկ այսօր արդեն չորս տարի է, ինչ ապրում է այստեղ։ Ամուսնացել է և մեծացնում է իր դստերը՝ Սիային։
Հայաստանն առանց վարդագույն ակնոցի․ Նրանք Հայաստանը չեն ներկայացնում որպես անթերի դրախտ։ Նրանց սերն ու քննադատությունը միահյուսված են՝ դարձնելով իրենց կյանքի պատմությունն առավել իրական ու արժեքավոր։
«Վաու» էֆեկտը, որ չի անցնում․ Միքայելի համար, ով եկել է մեգապոլիսից, Հայաստանի «փոքրությունը» թեթևություն է բերել։ Բայց ամենամեծ բացահայտումը մարդկային ջերմությունն ու անվտանգության զգացումն է։ «Այստեղ երեխա ունենալն ուրիշ բան է։ Ես գիտեմ, որ աղջիկս՝ Սիան, կարող է բակում խաղալ, և ես հանգիստ կլինեմ։ Սա անգին է»,-ասում է նա։ Նրա համար ամենօրյա հրաշք է պատուհանից բացվող տեսարանը․ «Ամեն օր նայում եմ սարերին ու մտածում՝ սա իրական չէ, փոստային բացիկի նման է»։
Ցավը, որ չի մեղմանում․ Մյուս կողմից, Նելլիի սիրտը ցավում է՝ տեսնելով, թե ինչպես է փոխվում իր սիրելի Երևանը։ «Ինձ սպանում է, երբ տեսնում եմ, թե ինչպես են բազմաթիվ շենքեր կառուցվում, ծառեր կտրվում։ Այդ սիրուն Երևանը ի՞նչ են սարքում։ Այդ ցավի պատճառով հասկացա, որ պետք է ժամանակ առ ժամանակ գնամ Ֆրանսիա, մի քիչ շունչ քաշեմ ու տեսարանս փոխեմ»,-ասում է նա, իսկ հետո ավելացնում մի միտք, որն ամբողջությամբ բնութագրում է իր կապվածությունը․ «Երբ հարցնում են՝ ամուսնացա՞ծ ես, ասում եմ՝ այո, իմ ամուսինը Հայաստանն է»։



Իրավունք՝ բողոքելու և սիրելու․ Հայրենադարձի համար ամենաբարդ մարտահրավերներից մեկը շրջապատի արձագանքն է։ Նելլին իր դիրքորոշումը հստակ է ձևակերպել․ «Քանի որ ես այստեղ եմ ապրում, աշխատում ու հարկեր եմ վճարում՝ իրավունք ունեմ բողոքելու և քննադատելու։ Բայց նա, ով այստեղ չէ, այդ իրավունքը չունի»։
Սա սկզբունքային մոտեցում է, որը սահմանում է պատասխանատվության և ներգրավվածության կարևորությունը։ Միքայելն էլ, իր հերթին, բախվել է ինտեգրման դժվարություններին։ Նրա եվրոպական անմիջականությունն ու թեթևությունը սկզբում թյուրիմացության տեղիք են տվել աշխատանքային միջավայրում։ Սակայն ժամանակի ընթացքում մարդիկ հասկացել են՝ նա պարզապես այլ է, բայց իրենցից մեկն է։
Խորհուրդ ապագա հայրենադարձին․ «Մի՛ եկեք որպես «ավելի լավը»։ «Երբ գալիս եք, մի՛ մտածեք, թե դուք ավելի լավն եք։ Դուք շատ բան եք սովորելու և փոխվելու»,-զգուշացնում է Նելլին։
Դո՛ւրս եկեք քաղաքից ․ «Փորձեք երկար ժամանակով գալ, դուրս եկեք Երևանից, գնացեք գյուղեր, շփվեք մարդկանց հետ, և դուք միանգամից կսկսեք նրանց սիրել»,-խորհուրդ է տալիս Միքայելը։ Հայրենադարձությունը իդեալականացված հեքիաթ չէ։ Այն մարտահրավեր է, ներքին պայքար, հիասթափություն, բայց նաև անսահման սեր, նորովի ինքնաբացահայտում և, ամենակարևորը՝ սեփական տանը, սեփական արմատների կողքին լինելու անփոխարինելի զգացում։




