Էկոսֆերա

Ապօրինի տուֆարդյունահանություն Արմավիրում և Սև ծովի էկոլոգիական աղետի հետևանքները․ «Էկոսֆերա»

Ընդերքի պահպանության կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում արձանագրել են տուֆի ապօրինի արդյունահանման դեպք։

Բաղրամյան համայնքի Արևադաշտ գյուղում տնտեսավարողն ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասից դուրս իրականացրել է տուֆանման լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում։ Կատարվել է հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման վնասի հաշվարկ։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտե։

Կերչի նեղուցում տեղի ունեցած վթարից հետո, որտեղ երկու լցանավեր խորտակվեցին, Անապայի շրջակա լողափերից հավաքվեց 160 հազար տոննա մազութով աղտոտված ավազ։

BBC-ն՝ պետական պայմանագրերի միջոցով, ուսումնասիրել է, թե որտեղից է տեղափոխվում աղտոտված ավազը և ինչ է արվում դրանով։ Պարզվել է, որ այն թափվում է ոչ պիտանի բացօթյա վայրերում՝ հիմնականում փոքր գյուղերում, որտեղ գոլորշիները թունավորում են օդը և վնասում տեղի բնակիչներին։

Դմիտրին և նրա ընտանիքը նախանցյալ տարի Սիբիրից տեղափոխվել են Կրասնոդարի երկրամաս։ Նա և իր կինը ունեն երեք երեխա. ավագը՝ վեց տարեկան է, միջնեկը՝ երեք, իսկ կրտսերը ծնվել է այստեղ՝ Անապայի մոտ, Վոսկրեսենսկի ֆերմայում։ Ընտանիքն ապրելու համար ընտրել է այս վայրը, քանի որ կարողացել են այստեղ տուն գնել։

Վոսկրեսենսկին գտնվում է ոչ թե անմիջապես ափին, այլ շատ մոտ՝ երկաթուղային կայարանի կողքին, լողափից մեքենայով մի քանի րոպե հեռավորության վրա։ Հենց այստեղ՝ տեղական արդյունաբերական գոտու տարածքում, որը վաղուց դատարկ էր, իշխանությունները որոշել են Անապայի լողափերից նավթով աղտոտված ավազ բերել։ «Կինս ուզում էր ծովի մոտ ապրել, մոտ լինի լողափին, որ երեխաները ծովի մոտ ապրեն, մաքուր ծովային օդ շնչեն»-ասում է Դմիտրին։

Դմիտրին ապրում է արդյունաբերական գոտու հարևանությամբ, որն իր տարածքով ավելի մեծ է, քան ֆերման։ Այնտեղ են գտնվում տանիքի նյութերի գործարանը, սալիկների գործարանը, այլ ձեռնարկություններ և ապրանքային պահեստներ, իսկ այժմ՝ ավազի և մազութի պահեստը։ Տեղի իշխանությունները պնդում են, որ այն ժամանակավոր է։

Ընդհանուր առմամբ, Վոսկրեսենսկոյեում ապրում է ավելի քան 2 հազար մարդ։ Բնակիչների կենտրոնացումն ամենաբարձրն է արդյունաբերական գոտու մոտ. այնտեղ կան երկու հնգահարկ շենքեր։ Գյուղի մնացած բնակիչները հիմնականում ապրում են մասնավոր տներում։ Իսկ արդյունաբերական գոտուց 350 մետր հեռավորության վրա կա մանկապարտեզ։

Սև ծովում նավթի արտահոսքի առաջին իսկ օրերից կամավորները (իսկ ավելի ուշ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները) սկսել են ափից մազութ հավաքել։ Մայիսին Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է այդ թիվը՝ լողափերում հավաքվել է նավթամթերքներով աղտոտված 163 հազար տոննա ավազ։

Ըստ աղբյուրի՝ մազութով աղտոտված ավազը թափվում է ասֆալտապատ տարածքի վրա։ Եվ այնտեղ ավազի լեռներ են գոյացել, մոտավորապես յուրաքանչյուրը երկհարկանի տան չափ։ Որոշ կույտեր վերևից ծածկված են ինչ-որ բանով, որը նման է թաղանթի, մյուսները՝ բաց են։ Բնակիչները երբեմն մոտենում են տարածքին՝ ավազը լուսանկարելու համար։ Դա դժվար չէ, քանի որ այն իրականում ցանկապատված չէ։ Մինչդեռ Վոսկրեսենսկոյեի բնակիչները պնդում են, որ գյուղից պարբերաբար նավթամթերքի հոտ է գալիս։

«Այս հոտն առաջանում է պոլիարոմատիկ ածխաջրածիններից,-BBC-ին բացատրել է էկոլոգ Դմիտրի Լիսիցինը։ -Եվ դրանք շատ վնասակար, քաղցկեղածին նյութեր են, այսինքն՝ դրանք կարող են բավականին արագ հանգեցնել շատ վատ հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի զարգացման։ Բացի այդ, կան բազմաթիվ վնասակար նյութեր, որոնք գոլորշիանում են և նույնիսկ հոտ չունեն»։

Կարևոր է նաև, որ երբ ջերմաստիճանը բարձրանում է, վտանգավոր նյութերի արտանետումն ավելի ինտենսիվ է տեղի ունենում։ Ձմռանը և գարնանը նրանք ժամանակ չունեին ավազը հեռացնելու, ավազի հեռացումը սկսվել է ամռանը։ Անապայում ջերմաստիճանը +25 աստիճան է, կանխատեսումը խոստանում է +30։

Գազերի հետ կապված խնդիրը լուրջ է նաև այն պատճառով, որ նավթով աղտոտված ավազը պահվում է բաց երկնքի տակ։ «Կան արագ կառուցվող անգարներ, որոնք հավաքվում են երկու կամ երեք օրվա ընթացքում։ Ընդհանուր առմամբ, շատ ժամանակ է անցել։ Հնարավոր է, որ գտնվել է ավելի ընդունելի տեղ, որն արդեն համապատասխանում է օրենքի բոլոր պահանջներին»,-պատճառաբանում է էկոլոգը։

Կարդացեք նաև

Back to top button