ԿարևորՄիջազգային

ԵՄ-ն մտահոգություն է հայտնում Ադրբեջանում լրագրողների ազատազրկման կապակցությամբ

Եվրամիությունը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում «Աբզաս Մեդիա»-ի լրագրողներին և աշխատակիցներին ազատազրկման դատապարտելու դատավճիռների կապակցությամբ՝ այդ քայլը որակելով որպես երկրում մամուլի ազատության համար մտահոգիչ ազդանշան։

Դատավճիռներից հետո տարածված հայտարարության մեջ ԵՄ-ն ընդգծել է անկախ լրագրության էական դերը թափանցիկության, հաշվետվողականության և տեղեկացված հանրության խթանման գործում։ Հայտարարության մեջ կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ համաձայն իրենց միջազգային պարտավորությունների։

«ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ քայլեր ձեռնարկել բոլոր լրագրողների և լրատվամիջոցների մասնագետների համար անվտանգ և աջակցող միջավայր ապահովելու ուղղությամբ», — ասվում է հայտարարության մեջ։

ԵՄ-ն վերահաստատել է մարդու իրավունքների պաշտպանության իր հանձնառությունը և հայտարարել, որ շարունակելու է երկխոսությունը Բաքվի հետ, մասնավորապես՝ խոսքի ազատության և լրատվամիջոցների անկախության ուղղությամբ։

Օրերս Ադրբեջանում 7 լրագրող դատապարտվել է երկարատև ազատազրկման։

Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել մաքսանենգության, հարկերից խուսափելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման մեջ։

Կարդացեք նաև

Back to top button