
Եմենի Իրանի աջակցությամբ գործող հուսիթ խմբավորումը կիրակի օրը հայտարարել է, որ Իսրայելի վրա հրթիռային հարվածները համակարգվել են Իրանի հետ, գրում է Reuters-ը։ Թեհրանի դաշնակից խումբն առաջին անգամ է հրապարակավ հաստատել Իրանի հետ համատեղ հարձակում իրականացնելու փաստը։
Հուսիթների ռազմական խոսնակ Եհյա Սարեանը հեռուստատեսային ուղերձում նշել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում կենտրոնական Իսրայելի Ջաֆա բնակավայրի ուղղությամբ արձակվել են մի քանի բալիստիկ հրթիռներ։
«Այս գործողությունը կազմակերպվել է ի աջակցություն ճնշված պաղեստինցի և իրանցի ժողովուրդների և համակարգվել է Իրանի բանակի կողմից Իսրայելի հանցագործ թշնամու դեմ իրականացված գործողությունների հետ»,-ասել է Սարեանը։
Իսրայելական բանակը հայտնել է, որ Իրանի և Եմենի կողմից արձակված հրթիռների հետևանքով երկրի մի շարք շրջաններում գործի են դրվել օդային տագնապի ազդանշաններ։
Ուրբաթ օրվանից Իսրայելն ու Իրանը շարունակում են փոխադարձ հրթիռային հարձակումները։
Իսրայելը հայտարարել է, որ նույն օրը Եմենից արձակված հրթիռն ընկել է Հեբրոնում՝ Արևմտյան ափում, սակայն հուսիթները չեն ստանձնել պատասխանատվությունը տվյալ հարվածի համար։
Հուսիթների կողմից Իսրայելի դեմ իրականացվող հարձակումները ներկայացվում են որպես աջակցություն Գազայի պաղեստինցիներին։
ԱՄՆ-ն այս տարվա ընթացքում ևս ակտիվացրել է հարվածները հուսիթների դեմ։ Սակայն նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է գործողությունները՝ հուսիթների կողմից ամերիկյան նավերի դեմ հարձակումները դադարեցնելու համաձայնության դիմաց։




