
Խորհուրդ է տրվում զգուշանալ արևի ուղիղ ճառագայթներից օրվա ընթացքում՝ ժամը 11-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում։ ՈւՄ ճառագայթումը, հատկապես ամռան արևոտ օրերին, կարող է լուրջ վնաս հասցնել մարդու առողջությանը։ Այն առավել վտանգավոր է, երբ անձը երկար ժամանակ գտնվում է ուղիղ արևի տակ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթումը էլեկտրամագնիսական ճառագայթման ձև է, որը գալիս է արևից և տեխնածին աղբյուրներից։ Այն հատկապես վտանգավոր է դառնում մարդու համար, երբ ճառագայթների ինտենսիվությունը բարձր է։ Արևի ճառագայթների վտանգավոր շեմի մասին տեղեկանալ կարելի է՝ հետևելով ՈւՄ ճառագայթների քարտեզին՝ հնարավորինս արևի ուղիղ ազդեցությունից խուսափելու և ճառագայթահարումից ապահովագրվելու համար։ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն ամեն օր կազմում է քարտեզ, որտեղ բնութագրվում է հանրապետությունում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը, ասում է ՊՈԱԿ-ի Հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնի պետ Անահիտ Ասատրյանը։
Կլիմայական փոփոխությունների պայմաններում այժմ այն գիտական հիմնավորումը, թե միայն հունիս ամիսն է վտանգավոր կամ ռիսկային ուլտրամանուշակագույն ճառագայթների ինտենսիվության առումով, մասնագետները դժվարանում են պնդել։

Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը հորդորում է օրվա շոգ ժամերին խուսափել արևի ուղիղ ճառագայթների ներքո գտնվելուց։
Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հիմնական թիրախը մաշկն է։ Հետևաբար, եթե մտադիր եք հանգիստը կազմակերպել ծովում կամ ջրային այլ տարածքներում, ապա մասնագետը խորհուրդ է տալիս առանձնակի ուշադրություն դարձնել մաշկի խնամքին և կիրառել կանխարգելիչ միջոցառումներ։

Հստակ վիճակագրություն, թե ո՞րքան մարդ է տուժել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների հարվածից, նախարարությունը չունի։ Ասում են՝ դա բարդ ապացուցելի գործընթաց է, քանի որ այս կամ այն խնդրի առաջացումը կարող է պայմանավորված լինել նաև այլ գործոններով։ Սակայն փաստ է, որ արևի ուղիղ ճառագայթները մեծ ռիսկի գործոն են մի շարք հիվանդությունների առաջացման համար։ Այս համատեքստում պատասխանատու օղակները, կարևորելով հանրային իրազեկվածության բարձրացումը, պատրաստել են տեղեկատվական պաստառներ, որոնցում ներկայացված են օզոնային շերտի կարևորությունը՝ ՈւՄ վնասակար ճառագայթումից պաշտպանության հարցում, ՈւՄ ճառագայթման բացասական ազդեցությունը մարդու, հատկապես՝ երեխաների առողջության վրա, պաշտպանվելու անհրաժեշտությունն ու համապատասխան միջոցները։ Մանրամասնում է ՇՄՆ իրավախորհրդատու, «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը։
Բացի այդ, պետություն–մասնավոր հատված համագործակցության շրջանակում պատրաստվել են նույնաբովանդակ 2000 տեղեկատվական պիտակներ, որոնք կտրամադրվեն մանկական հագուստ արտադրողներին՝ իրենց արտադրանքին կցելու համար։




