Այս մասնագիտությունն առանցքային դեր է խաղում առողջապահության ոլորտում։ Լինելով աշխարհի հնագույն մասնագիտություններից մեկը՝ դարեր ի վեր ունի մեծ պահանջարկ, հնարավորություն է տալիս պայքարել ցավի և հիվանդությունների դեմ, պահանջում է անընդմեջ ուսուցում և վերապատրաստում, դինամիկ զարգանում է, անվերջ կատարելագործվում և լավ վարձատրվում ամբողջ աշխարհում։ Այն անչափ օգտակար մասնագիտություն, որ կանգնած է բժշկության և գիտության սահմանագծում։
Դեղագիտություն՝ գիտություն դեղի մասին՝ սկսած ստացման գործընթացից մինչև հետազոտություն, արտադրություն և սպառում, գիտություն, որը զարգանում է անհավանական տեմպերով, և որտեղ ամենափոքր մասշտաբի սխալը կարող է լինել ճակատագրական։
Դեղագիտության ոլորտում տեսական և գործնական գիտելիքներով զինված հմուտ և փորձառու դեղագետը պետք է տիրապետի աշխատանքային էթիկայի կանոններին, ունենա գիտական և վերլուծական միտք, գերազանց հիշողություն, մանրակրկիտ աշխատելու ունակություն, լինի ծայրաստիճան պատասխանատու՝ քաջ գիտակցելով, որ իրեն վստահված մասնագիտությունն անմիջականորեն առնչվում է մարդկանց առողջության ու կյանքի հետ՝ հնարավորություն տալով փրկելու հազարավոր կյանքեր։
«Մասնագիտություն» հաղորդման հյուրերն են Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի ֆարմատեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի վարիչ, դոցենտ, «Ֆարմացիա» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Անահիտ Հովհաննիսյանը և Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի ամբիոնի վարիչ, դոցենտ, «Դեղերի որակի վերահսկում» մագիստրոսական կրթական ծրագրի և «Ֆարմացիա» բակալավրի կրթական ծրագրի ղեկավար Հայարփի Սիմոնյանը։




