
Հունիսի 11-ին մարզահամերգային համալիրում առաջին անգամ տեղի կունենա «Նեմրա» հայկական ռոք խմբի մենահամերգը։ Խումբը կներկայացնի իր երրորդ ալբոմը։ Բոլոր նոր երգերը գրվել են 2019-ից հետո և հեղինակների կարծիքով՝ ավելի «ծանր» հնչողություն ունեն։ Դրանց զուգահեռ կհնչեն խմբի արդեն հայտնի ու սիրված ստեղծագործությունները։
Նրանք երգում են սիրո, անարդարության, գեղեցիկի… Մի խոսքով՝ կյանքի բոլոր գույների մասին։
«Նեմրա» ռոք խումբն առաջին անգամ մեծ համերգ կունենա մարզահամերգային համալիրում ու կներկայացնի խմբի երրորդ «The End of the party» ալբոմը։ Համերգի օրը՝ հունիսի 11-ը, պատահական չի ընտրվել․ խմբի բոլոր ալբոմները ներառում են ճիշտ 11 երգ։ Խմբի մենակատար, կիթառահար Վան Եղիազարյանի խոսքով՝ նեմրացիներն ու երաժշտության բոլոր սիրահարներն այս անգամ ալտերնատիվ ռոք են լսելու․
«Մեր այս ալբոմի երգերը առաջարկում են այժմյան տրամադրության ալտերնատիվ տրամադրությունը, որովհետև «փարթի»-ն ահստեղ որպես ֆաստ ֆուդ ապրելակերպն է՝ թե՛ երաժշտության մեջ, թե՛ ընդհանրապես մեր կյանքում, նաև մակերեսային մտածելակերպը, զգացմունքները, մտքերը։ Ժամանակն է վերջ տալու այդ մակերեսային «փարթի»-ներին»։

Ավանդույթի ուժով նոր ալբոմը 11 երգերից մեկի անունով է։ Վան Եղիազարյանն ասում է, որ բոլոր երգերը գրվել են 2019-ից հետո և ավելի ծանր հնչողություն ունեն։
«Մեր խմբի առանձնահատկություններից մեկը դարձել է այն, որ շատ բազմաժանր ենք ներկայանում։ Թե՛ հայկական ժողովրդական երգերի մեր տարբերակների, թե՛ մեր հեղինակային երգերի մեջ էլ կա թե՛ «ծանր հնչողություն»։ Իմիջիայլոց, այս առումով ավելի շատ են «ծանր հնչողություն» է լինելու, և կա ավելի թեթև։ Մի խոսքով, անունը դրել ենք ալտերնատիվ ռոք, որ անենք այն, ինչ սիրում ենք»։
Բոլոր երգերն անգլերենով են, հեղինակները՝ Վան Եղիազարյանը և Վանի եղբայրը՝ խմբի բասկիթառահար Վասպուր Եղիազարյանը։ Ասում են, որ ստեղծագործելիս չեն էլ մտածում ՝ որ լեզվով ու ինչի մասին գրել, բառերն ու ռիթմը գալիս են պահի հոգեվիճակի հետ․
« Մենք երգերը գրում ենք առանց մտածելու, թե ինչ լեզվով ենք գրում ու ընդհանրապես ինչի՞ մասին ենք գրում։ Անկախ մեզնից է ստացվել։ Երբեք չենք ստիպել մեզ գրել ինչ-որ թեմայով կամ,կոնկրետ հայերեն կամ անգլերեն, պատահաբար ստացվել է, քանի որ մի քիչ էլ գիտակցությունը անջատված վիճակում ենք գնում։ Ավելի կտրված է առօրյա կյանքից, էս աշխարհի կյանքից։ Հայերեն երգեր ունենք գրված, արդեն երկուսը պատրաստ են, մենք արդեն հրապարակել «Բացի աչքերդ»։ Ալբոմի հետ կապված էլ մտքեր կան, եթե ձևավորվի այդ քանակությունը»։
«Նեմրա»-ն ոչ միայն ստեղծում է նորը, այլև վերակենդանացնում յակական ժողովրդական և ֆոլկ երաժշտությունը։ Խմբի վերջին տեսահոլովակը Արամայիս Սահակյանի ու Առնո Բաբաջանյանի «Չքնաղ երազ» ստեղծագործության նոր մշակված տարբերակն է․

Մեծ համերգից առաջ երաժիշտները հուզված են, բայց վստահ, որ այն ոչ թե խանգարելու, այլ ավելի վառ ու էմոցիոնալ է դարձնելու երեկոն։ Նոր երգերի հետ կատարելու են նաև արդեն սիրված երգերը։ Կես կատակ–կես լուրջ ասում են, որ հանդիսատեսն արդեն համացանցում պահանջում է այս կամ այն ստեղծագործությունը, սակայն Վան Եղիազարյանի խոսքով, կան երգեր, որոնք արդեն հնացել ու ժամանակավրեպ են դարձել․
«Երգեր կան, որ գրվել են, օրինակ, 13 տարի առաջ կամ անգամ մինչև խմբի ստեղծումը։ Հիմա այդ հոգեվիճակում չեմ գտնվում ու դժվար է կատարել երգեր, որոնք չես զգում, այսինքն՝ գրեթե միշտ, անգամ միշտ, ոչ թե գրեթե միշտ, ես բեմից երգել եմ այն երգերը, որոնք այդ պահին զգացել եմ։ Ամբողջ հոգով կարողացել եմ մատուցել, քանի որ չեմ սիրում կեղծ բաներ անել, ինչքան էլ երգերը սիրված լինեն, չեն սիրում կատարել այն, ինչ չեմ զգում»։
Խմբի անդամներն ասում են, որ նոր ալբոմի շնորհանդես-համերգը կդառնա նաև խմբի հաջորդ ալբոմի ստեղծման սկիզբը։ Որոշ ստեղծագործություններ արդեն գրել են։




