Երաժշտական եռանկյունի

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մեկդարյա տարեգրությունը․ «Երաժշտական եռանկյունի»

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը նշում է մեկդարյա հոբելյանը։ Հայաստանի հնագույն նվագախմբային կոլեկտիվի ստեղծագործական ընթացքի վավերագրումը մեծ նշանակություն ունի մեր կատարողական արվեստի պատմության համար։ «Երաժշտական եռանկյուն» հաղորդման հյուրն է նվագախմբի արխիվի բաժնի պետ Ելենա Խոդիկյանը, որը կազմել և հրատարակել է կոլեկտիվի տարեգրությունը։

«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման պաշտոնական տարեթիվը համարվում է 1925 թվականի մարտի 20-ը։ Այդ օրը Պետթատրոնում կայացել է նվագախմբի առաջին համերգը։ Այդ ժամանակ կոլեկտիվը կոչվում էր Կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբ։ Նվագախմբի ելույթները հիմնականում կայանում էին Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում (այժմ՝ Առնո Բաբաջանյանի համերգասրահում)։ 1956 թվականի սեպտեմբերի 4-ին ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության կոլեգիայի որոշմամբ այն վերանվանվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և շուրջ 34 տարի գործել է այդ անվամբ»,-նշում է Ելենա Խոդիկյանը։

Նվագախումբը ժամանակի ընթացքում մի քանի անգամ վերանվանվել է։ 1990 թվականի սեպտեմբերի 16-ին նվագախմբի ընդհանուր ժողովի որոշմամբ այն վերանվանվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, իսկ 2015 թվականին ստացել է ազգային կարգավիճակ՝ ներկայումս հայտնի «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» անվամբ։

Նվագախմբի պատմության մեջ մեկ այլ կարևոր էջ է 1953 թվականի մայիսի 17-ը, երբ բացվել է Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճը՝ ներկայիս «Արամ Խաչատրյան» համերգասրահը։ Բացումը նշանավորվել է ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով, որը ղեկավարում էր դիրիժոր Միքայել Մալունցյանը:

Այսօր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդիսանում է մեր երկրում պրոֆեսիոնալ նվագախմբային արվեստի ազգային կենտրոն։ Այն դասական կատարողական արվեստի բնագավառում սահմանել է բարձր նշաձող ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում։

«Այս տարիներին նվագախումբը ունեցել է 18 գլխավոր դիրիժոր։ Նրանց շարքում են ականավոր երաժիշտներ՝ Արշակ Ադամյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Սուրեն Չարեքյանը, Գևորգ Բուդաղյանը, Կոնստանտին Սարաջյանը, Միքայել Մալունցյանը, Օհան Դուրյանը, Արամ Քաթանյանը, Դավիթ Խանջյանը։ Նվագախմբի միակ օտարազգի գլխավոր դիրիժորն է եղել Վալերի Գերգիևը (1980-1985 թթ.)»,-շարունակում է Խոդիկյանը։

Ֆիլհարմոնիկ նվագախմբի պատմության կարևորագույն փուլերից է հետխորհրդային 1990-ականները, երբ այն ղեկավարում էր դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը (1989–1998, 1999–2000 թթ.)։ Այդ տարիներին մարդիկ ամեն ուրբաթ գալիս էին «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ ունկնդրելու դասական երաժշտություն: Նվագախմբի կազմում գործում էր նաև մեծ երգչախումբ, կից կար նաև երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբ:

2000 թվականից սկսած՝ Ֆիլհարմոնիկը գործում է գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Նա նվագախմբի պատմության մեջ ամենաերկարակյաց գեղարվեստական ղեկավարն է։ Այս տարի լրանում է Թոփչյանի 25-ամյակը այդ պաշտոնում։ Նրա ղեկավարման ընթացքում նվագախմբի կատարողական մակարդակը զգալիորեն բարձրացել է՝ հասնելով միջազգային բարձր չափանիշների։

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իր ակտիվ և բազմամյա գործունեության շնորհիվ դարձել է Հայաստանի մշակութային դեսպանը ողջ աշխարհում` հանդես գալով երկու տասնյակից ավելի երկրների հեղինակավոր համերգասրահներում, ինչպես նաև Հայաստանում հյուրընկալելով միջազգային մեծ համբավ ունեցող բազում մենակատարների և դիրիժորների:

Կարդացեք նաև

Back to top button