Կինոփորձագետ, պրոդյուսեր Մելիք Կարապետյանը և համադրող, կինոքննադատ Սոնա Կարապողոսյանը քննարկում են Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնը՝ անդրադառնալով փառատոնի տենդենցներին, չափանիշներին, քաղաքականության դերին, ցուցադրված ֆիլմերի թեմաներին, լավագույն ֆիլմերին, ինչպես նաև հայաստանյան ներկայությանը։
Կինոքննադատ Սոնա Կարապողոսյանը նշում է, որ Կաննի ցուցադրվող ֆիլմերում նոր կինոլեզու գրեթե չկա, և անկեղծորեն, ինքը չի էլ փնտրում դա։ Մելիք Կարապետյանն էլ ընդգծում է, որ Կաննը, բացի փառատոն լինելուց, նաև մեծ շուկա է, որտեղ կարող են լինել ամենատարբեր որակական չափանիշներ ունեցող ֆիլմեր։
Երկուսն էլ նշում են, որ Հայաստանի մասնակցությունը փառատոնին տարեցտարի ակտիվանում է, և այս տարի մասնակիցների թիվը հասել է հիսունի։ «Կաննը այն գլամուրային վայրը չէ, որի մասին բոլորը գիտեն։ Այնտեղ մասնակցելու համար պետք է ներկայացված լինել կինոոլորտում։ Կարևոր է հասկանալ, թե ուր ես գնում, ինչու ես գնում և ինչպես ես գնում Կանն», – ասում է Մելիք Կարապետյանը։
Շուկայում խնդիրներն այլ են։ Հայկական տաղավարն առաջին և վերջին երկու օրը դատարկ էր։ Անհրաժեշտ է նախապես ունենալ պայմանավորվածություններ և դրանց համաձայն պլանավորել հանդիպումները։ Հայկական կինոարտադրանքը պոտենցիալ ունի, պարզապես դրանով զբաղվող չկա։
Սոնա Կարապողոսյանը խոսում է հայկական անկախ կինոյում, հատկապես վավերագրական ոլորտում տեղի ունեցող զարգացումների մասին։ Նա նշում է, որ վավերագրական կինոն Հայաստանում վերջին մի քանի տարիներին շատ ավելի հետաքրքիր է, քան՝ խաղարկայինը, աճ կա, և մենք լավ ուղղությամբ ենք շարժվում։




