
Պետություն–եկեղեցի հարաբերությունների շուրջ հանրային թեժ բանավեճը շարունակվում է՝ ուղեկցվելով փոխադարձ սուր քննադատությամբ ու վիրավորական մեկնաբանություններով։ Նախօրեին Գերագույն հոգևոր խորհուրդն էր հայտարարությամբ անդրադարձել իրավիճակին՝ հիշեցնելով, որ Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը խոսել էր կաթողիկոսի ընտրության հարցում պետության մասնակցության անհրաժեշտության մասին։
Մայիսի 29–ից ֆեյսբուքյան գրառումներով հանրության մեջ գեներացվել է նոր քննարկում կամ խոսակցություն, որի բառապաշարը հաճախ թույլ չի տալիս ուղիղ մեջբերումներ անել։ Բայց վեճի հիմքում պետություն–եկեղեցի հարաբերություններն են, որոնք վերջին տարիներին այդքան էլ հարթ չեն։ Դեռ 2022 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր հարաբերությունների վերադասավորման մասին։
«Ընդհակառակը, կարող է ի վերջո հնարավորություն ստեղծվել, որպեսզի եկեղեցին զբաղվի իր բուն գործառույթներով և ի վերջո ավելի համապարփակ անդրադառնալ հոգևոր խնդիրներին, հոգևոր հարցերին և հոգևոր օրակարգին»։
Ավելի ուշ՝ արդեն այս տարի՝ հանդիպումներից մեկի ժամանակ նա հայտարարեց․
«Պետությունը պետք է չխառնվի եկեղեցու գործերի մեջ, եկեղեցին պետք է չխառնվի պետության գործերի մեջ, որովհետև հակառակ դեպքում դժվար է պատկերացնել»։
Այժմ եկել է հենց վարչապետի ձևակերպած «դժվար պատկերացնելու» պահը, քանի որ առճակատումն այնքան է խորացել, որ պետական և հանրային գործիչների մի մասն արդեն հրապարակավ խոսում է խնդիրներն օրենսդրորեն լուծելու մասին։ Պետություն–եկեղեցի հարաբերությունների կարգավորման համար, ի դեպ, Հայաստանի օրենսդրական դաշտում միայն Սահմանադրությունը չէ, որ պատասխանատու է։
Հայաստանի Մայր օրենքի 18-րդ հոդվածն ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Նույն հոդվածով սահմանվում է նաև, որ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են օրենքով:
Հարաբերությունները կարգավորող օրենքն ընդունվել է 2007 թվականին։ Ընդամենը 14 հոդվածից բաղկացած օրենքի 2–րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին` որպես ազգային եկեղեցի` Մայր աթոռ Սուրբ Էջմիածին կենտրոնով, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունների նվիրապետական աթոռներով, և նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Նույն հոդվածում նաև նշվում է, մեջբերում․
«Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում: Այսինքն՝ պետությունն ընդունում է եկեղեցու ինքնակառավարումը, ինչը ենթադրում է նաև հոգևոր առաջնորդի ընտրության հարցում ինքնակառավարում»։
Մինչդեռ վարչապետն իր վերջին գրառումներից մեկում նշել է, թե ճիշտ է համարում, որ Հայաստանի Հանրապետությունը վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ «Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։ Այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել»,- ֆեյսբուքում օրերս գրել էր վարչապետը։
Պետություն–եկեղեցի հարաբերությունները կարգավորող սկզբունքներ և նորմեր կան նաև «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում։ Դրանում ամրագրված դրույթներով՝ Հայաստանի Հանրապետությունը որևէ լծակ և ազդեցություն չունի եկեղեցու կայացրած որոշումներին միջամտելու, նաև երաշխավորված է եկեղեցու՝ պետությունից անջատ գործունեությունը։
Կան վերլուծություններ, որ նոր առճակատմամբ՝ պետությունը եկեղեցուն քաղաքական մրցակցության է մղում։ Շատ են նաև պնդումներն այն մասին, որ եկեղեցին ինքն է ձգտում քաղաքական իշխանության։ Որպես հիմնավորում վերլուծաբանները հիշեցնում են «Սրբազան շարժում»–ը, նաև կաթողիկոսի՝ վարչապետի հրաժարականը պահանջող հայտարարությունը։
Հանրության մեջ տարբեր վարկածներ են շրջանառվում այս առնչությամբ։ Մի մասը հակված է մտածելու, թե ընտրություններին ընդառաջ իշխանությունը վտանգներ է տեսնում, մյուս մասը վկայակոչում է Հայ առաքելական եկեղեցու՝ ամբողջ տարածաշրջանի համար վտանգ ներկայացնելու մասին Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը։ Քաղաքական վերլուծաբան Դավիթ Ստեփանյանն առանձնացնում է քաղաքական ավելի խորքային պատճառներ․
«Նիկոլ Փաշինյանը երբ բավականին կոպիտ, ինձ համար անընդունելի ձևով թիրախավորում է սրբազաններին, չի նշում հիմնական պատճառը։ Ես ինքս հավատացյալ մարդ եմ և կյանքում ինձ թույլ չեմ տա այդպիսի գնահատականներ հնչեցնել։ Ինքը ասում է այն, ինչ կարող է ասել, ինքը չի կարող ասել, որ այդ արքեպիսկոպոսները ծառայում են և սպասարկում են Ռուսաստանի շահերը։ Հակառակ դեպքում նույն Կոպիրկինը շքանշանը Գարեգինի կրծքին չէր կպցնի և Գարեգինը շատ ուրախ չէր ընդունի դա։ Սա ես ցավով եմ ասում։ Եվ հիմա՝ թիրախավորելով այդ մարդկանց երկրի ղեկավարը այսպիսով փորձում է երկու ուղղությամբ աշխատել։ Առաջինը դա ներքաղաքականն է՝ շուտով մենք ունենք ընտրություններ և երկրորդը հենց դա է՝ հնարավորություն չունենալով հենց ուղիղ նշել Ռուսաստանին, նշում է իրենց»։
Շրջանցելով քաղաքական ենթատեքստը՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ընդգծում է հարաբերություններում երկուստեք թույլ տրված սխալները․
«Կառավարությո՛ւն, դուք ցավոտ արձագանքեցիք նրան ու դուք դժգոհ են, որ եկեղեցականները մտան քաղաքական դաշտ։ Այդ դժգոհության մեջ կա ճշմարտություն, բայց մյուս կողմից դուք առաջարկում եք, որ բարեփոխվի մեր Հայ առաքելական եկեղեցին, նաև այդ թվում առաջարկում եք, որ կաթողիկոսին ընտրելու կարգի փոխվի, պետք է ասեմ, որ դուք էլ իրավունք չունեք մտնել այս դաշտ։ Մենք աշխարհիկ երկիր ենք։ Կառավարությունը և եկեղեցին տարանջատված են, եկեղեցին հոգևոր կյանքով է զբաղվում, կառավարությունը՝ առօրյա կյանքով և անվտանգության հարցերով պետք է զբաղվի։ Այստեղ իրոք կան նյուանսներ, երկու կողմից էլ կան, իմ կարծիքով, սխալներ, բայց Նիկոլ Փաշինյանը լի է վճռականությամբ փոփոխություն կատարելու մեր Հայ առաքելական եկեղեցու «խաղի կանոնների» մեջ, հայտարարությունից ակնհայտ դա երևում է»։
Արդյո՞ք իրատեսական են այս խոսակցությունները, հատկապես սահմանադրական բարեփոխումների փուլում․ այս հարցի պատասխանը հրապարակային հայտարարություններում և ֆեյսբուքյան գրառումներում դեռ բացակայում է։




