Սփյուռքի ձայնը

Աշխարհի առաջին կին կոմպոզիտորը հայ է եղել․ Շահան Արծրունու բացահայտումը․ «Սփյուռքի ձայնը»

2017 թվականից ի վեր Նյու Յորքում բնակվող դաշնակահար Շահան Արծրունին պարբերաբար այցելում է Հայաստան՝ իր հետ բերելով ոչ միայն միջազգային փորձառություն, այլև նոր բացահայտումներ մեր մշակութային ժառանգության վերաբերյալ։

ՀՕՖ-ի (Հայ Օգնության Ֆոնդ) նախաձեռնությամբ նա վարպետության դասեր է անցկացնում Հայաստանի և Ջավախքի երաժշտական դպրոցների աշակերտների համար, հատկապես՝ մարզերում։

«Ոչ միայն իմ ունեցած փորձի, այլև երեխաներից ստացած փորձն ինձ փոխանցելու մասին է»,- բացատրում է դաշնակահարը։

Ցավով հավելում է, որ, դժբախտաբար, ուսուցիչների մեջ կան նաև այնպիսիք, որոնք պատրաստ չեն կիսվելու իրենց փորձով։ Ութ տարվա ընթացքում նա հանդիպել է հազարավոր երեխաների, սակայն, ըստ նրա, միայն երեք իսկապես տաղանդավոր աշակերտի է բացահայտել։ «Նրանցից մեկը արցախցի էր, ում ճակատագրի մասին այսօր ոչինչ հայտնի չէ»։ Ջավախքի հայության մասին խոսելիս Շահան Արծրունին ցավով նշում է․ «Հայկական դպրոցներ չկան, իսկ հայությունն էլ շատ կապվածություն չունի հայկականության հետ»։

Նրա դիտարկմամբ՝ սփյուռքի այս կարևոր կենտրոնում հայկական ինքնությունը դանդաղ մարում է։ Այս տարվա մայիսին Շահան Արծրունին Հայաստան է ժամանել մեկ հավելյալ առաքելությամբ, որը, նրա համոզմամբ, կարող է փոխել մեր պատկերացումները հայկական մշակույթի մասին։

Նա հանրությանը ներկայացրել է հայ կին կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված ձայներիզ՝ ընդգրկելով 38 կին կոմպոզիտորների, որոնք ստեղծագործել են տարբեր դարաշրջաններում՝ սկսած 8-րդ դարից։

Իր երկարատև ուսումնասիրությունների ընթացքում Արծրունին բացահայտել է մի ուշագրավ փաստ, որի մասին քչերը գիտեն՝ աշխարհի առաջին կին կոմպոզիտորը հայ է եղել։

«Այս պատմական իրողությունը չիմանալը մեր մեծ բացթողումն է։ Մենք գրեթե չենք ճանաչում մեր մշակույթն ու արժեքները, ինչը հաճախ մեզ հեռացնում է մեր արմատներից ու մեր հայկականությունից»,-ցավով ընդգծում է դաշնակահարը։

Շահան Արծրունին այսքանով չի սահմանափակվում։ Հանդիպումները երաժշտական դպրոցների աշակերտների հետ շարունակական են լինելու, իսկ հայ կին կոմպոզիտորների ժառանգության ներկայացումից հետո նա նպատակ ունի անդրադառնալ նաև սփյուռքահայ կոմպոզիտորների ստեղծագործություններին, արական երգչախմբի համար գրված գործերին, ինչպես նաև Արամ Խաչատրյանի քիչ հայտնի ստեղծագործությունների ձայնագրմանը։

«Յուրաքանչյուր ուղևորություն Հայաստան միայն երաժշտական վարպետություն փոխանցելու մասին չէ։ Դա մեր մշակութային ինքնությունը վերագտնելու պայքարն է, հույս, որ մեր մոռացված մելոդիաները կրկին կհնչեն, և մեր պատմության թաքնված էջերը վերջապես կբացվեն»,-ամփոփում է Շահան Արծրունին։

Կարդացեք նաև

Back to top button