Հայագիտակ

Շենգավիթ պեղավայրի բացահայտումներն ու չլուծված հարցերը․ «Հայագիտակ»

Երևանյան լճի հարևանությամբ՝ 4 մետր խորությամբ, 6 հա տարածություն է զբաղեցնում Շենգավիթ պեղավայրը, որը վաղուց ի վեր գրավել է հայ և օտարազգի հնագետների ուշադրությունը։

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտության բաժնի վարիչ Հակոբ Սիմոնյանը գտնում է, որ սա սովորական բնակատեղի չի եղել, այլ բավականին բանուկ ու ծաղկուն քաղաք, որն իր բնակիչներին ապահովել է սննդով, ցորենով և աղով։

Այս պնդումը հիմնավորվում է պեղավայրում հայտնաբերված բավականին մեծ ձկների ողերով, որսի կենդանիների ոսկորներով, ինչպես նաև ցորենի երկհարկանի ամբարներով, որոնք վկայում են, որ Հրազդանի գետահովիտն ունեցել է շատ պարարտ հող և տվել է բացառիկ բարձր բերքատվություն։ Քաղաքի գոյության օգտին են վկայում նաև կրոնա-հավատալիքային կառույցները և ծիսական զոհերի մնացորդները։

Երևանի տարածքում հինգից վեց հազարամյակի հնություն ունեցող նման զարգացած քաղաքի գոյությունը վկայում է բարձր քաղաքակրթության մասին։ Ցավոք, այսօր բավարար միջոցներ չկան պեղումներն ամբողջացնելու համար, և Շենգավիթ քաղաքը մնում է քիչ ուսումնասիրված ու այցելուների համար գրեթե անմատչելի։

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում արդեն իսկ անգլերեն լեզվով գիրք է հրատարակվել Շենգավիթում կատարված պեղումների մասին՝ չափազանց բարձր գնահատելով պեղավայրի դերն ու նշանակությունը։

Կարդացեք նաև

Back to top button