ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Քաղաքական ուղերձներ տոնական շնորհավորանքներում

1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության կազմավորման մասին: Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Այս օրն ավանդաբար Սարդարապատ են այցելում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչները և այլք։ ՀՀ ղեկավարները, օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ներկայացուցիչները Հանրապետության տոնի առթիվ այցելել են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, ծաղկեպսակներ են դրել և ծաղիկներ խոնարհել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: Սարդարապատում միջոցառումը մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթով, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը:

Ընդամենը երկու տարի և մի քանի ամիս կյանք ունեցած Առաջին հանրապետության օրը տոնական զորահանդեսով է նշվում Հայաստանի երրորդ հանրապետությունում։ Առաջին հանրապետության կայացման փաստը շրջադարձային էր ազգային մտածողության տեսանկյունից։ Այն խոր հետք թողեց ապագա սերունդների գիտակցության մեջ: Հանրապետության օրն ընկալվում է նաև որպես հայոց պետականության վերածննդի խորհրդանիշ։ 

Առաջին Հանրապետության հիմնարդումից 107 տարի անց էլ, սակայն, արդեն Երրորդ հանրապետության շրջանում, նույնպես գոյություն ունեն հարատևության, անվտանգության, անկախության ու տարածքային ամբողջականության պահպանման խնդիրներ։ Բայց երկրի ղեկավարների ձևակերպմամբ՝ այդ հարցերի լուծումը մտել է վճռորոշ փուլ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տոնական ուղերձում առանձնացրել է մի քանի իրողություն այս ճանապարհին․

«Իրողություն թիվ 1 – Մեր ինքնությունը մեր պետությունն է։

Իրողություն թիվ 2 – 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության։

Իրողություն թիվ 3 – Վերջին 4,5 դարերի մեր պատմությունը ուղերձ է հղում «Մի՛ կրկնեք այդ պատմությունը»։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ընտրությամբ ձևավորված կառավարությունն ըմբռնել և իրագործում է պատմական այս ուղերձը։

Իրողություն թիվ 4 – Արտաքին ուժերի երաշխավորած անվտանգությունը խաբուսիկ է։ Մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը։ Գործուն միջոցներն են առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական գործիքները»։

Որպես անկախության փաստացի ապացույց և աննախադեպ քայլ վարչապետը նշում է, որ 2025–ի կարևորագույն իրողություններից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության սահմանային բոլոր կետերում արդեն հսկողություն են իրականացնում բացառապես ՀՀ սահմանապահները։

Երկրի միջազգային հեղինակությունն աճում է տեսանելի կերպով՝ համոզված է Փաշինյանը։ Որպես տեսանելի արդյունք նա առանձնացնում է այն, որ 2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է Եվրոպայի և աշխարհի երկու հեղինակավոր ու մասշտաբային միջոցառում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը և Կենսաբազմազանության կողմերի COP-17 համաժողովը։

«Մենք շարունակում ենք սերտ հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի հետ, Միացյալ Նահանգների հետ հաստատել ենք ռազմավարական գործընկերություն, Հնդկաստանի հետ մեր գործակցությունը խորանում է, Ֆրանսիայի և Եվրամիության հետ մեր հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է ակտիվ երկխոսություն, Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա, Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված է ռազմավարական գործընկերություն։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցված և համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններն ավարտված են։ Այժմ մենք Ադրբեջանի հետ երկկողմ խորհրդակցություններ ենք անցկացնում Համաձայնագրի ստորագրման ժամկետների և հանգամանքների շուրջ համաձայնությունների հասնելու համար»։

Ի դեպ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շարունակությունը որևէ կապ չունի Խաղաղության պայմանագրի հետ։ Նման նախապայման դրված չէ՝ հաստատում է սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այս աշխատանքներում տևական դադարը, սակայն, նա փակուղի չի համարում․

«Ես չեմ համարում, որ փակուղային է։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ՝ մենք ունենք իրավականորեն լիարժեք բազա՝ երկու երկրների հաստատած և ներպետական ընթացակարգերի անցած, ինչը շատ կարևոր է և, ըստ էության, երաշխիք է աշխատանքները շարունակելու համար։ Ձեզ հայտնելու նորություն չունեմ այդ առումով․ աշխատանքներն ընթանում են, բայց հաջորդ հանդիպման ամսաթիվ դեռ չունենք պայմանավորված»:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցին անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ադրբեջանի անկախության օրվան նվիրված շնորհավորական ուղերձում նա նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման ջանքերին, որոնք կարևոր են Հարավային Կովկասի բարգավաճման համար։

«Մենք նշում ենք այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը»,– գրել է Ռուբիոն։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի ուղերձում այս ձևակերպումներն ուշագրավ են այն տեսանկյունից, որ օրեր առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ Ռուբիոն հայտարարել էր, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգ կա, որը փորձում են կանխել։

Այս առումով Հայաստանի մտադրությունների մասին ուղերձ կա Հայաստանի վարչապետի՝ Սարդարապատի հուշահամալիրի ելույթում։

«Մենք հաղթահարել ենք կորուստների պատմության շրջափուլը և թևակոխել ենք ձեռքբերումների պատմության մի խոստումնալից դարաշրջան։ Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ։ Պատերազմ չի՛ լինելու, լինելո՛ւ է խաղաղություն»։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր տոնական ուղերձում ցանկացել է, որ Մայիսի 28-ը կրկին հիշեցնի պետականության գինը և դրա պահպանման պատասխանատվությունը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ուղերձում շեշտել է, որ Մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ, այլ ընթացք է դեպի ապագա, դեպի կայուն, արդար և ուժեղ պետություն:

Տոնական օրվա առիթով շնորհավորական ուղերձ հղել է նաև ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա ընդգծել է, որ այսօր աշխարհում շատ ազգեր դեռ երազում են պետություն և պետականություն ունենալու մասին, իսկ հայոց նոր պետականությունն արդեն 34 տարեկան է։

Կարդացեք նաև

Back to top button