
2024-ից հանրակրթության ոլորտում անցում արվեց համընդհանուր ներառականության, որի նպատակը կրթության մատչելիության ապահովումն է՝ հիմնված երեխաների կարիքների վրա։ Ոլորտում գործող հասարակական կառույցներն ուսումնասիրել են ներառական կրթության գործընթացի ֆինանսավորումը Լոռու և Շիրակի մարզերում, վերլուծել դրա համամասնությունն ու պարզել, որ ոլորտի հատկացումները բավարար չեն լիարժեք և արդյունավետ ներառում իրականացնելու համար։ Խնդիրներ կան նաև ծնող-դպրոց-աջակցող կառույց օղակում, ինչի հետևանքով խնդիրներ ունեցող երեխաները հաճախ լիարժեքորեն չեն ներգրավվում կրթության գործընթացում։
«Իմ որդին չբարձրացավ բեմ, որովհետև դուք չհասաք նրա աշխարհ»․ մայիսի 23-ին սոցցանցերում հայտնվեց աուտիզմ ունեցող տղայի մոր հուզիչ գրառումը՝ իր խոսքով՝ չհաջողված ներառականության մասին։ Նրա տղան վերջին զանգին չէր մասնակցել։
«Դավիթն այսօր այնտեղ չէր, որովհետև իր իրական կարիքները չտեսան, չլսեցին, ու ոչ ոք չփորձեց ձևավորել մի տարածք, ուր նա կզգար իրեն վստահ ու արժևորված։ Ինչո՞ւ «ներառականություն» բառը մնաց միայն դպրոցական ծրագրերում, բայց ոչ իրական կյանքում»։
Չուշացավ նաև դպրոցի արձագանքը, ըստ որի՝ դպրոցում արվել է ամեն ինչ, որ Դավիթն իրեն անտեսված չզգա։
«Լուսաստղ» ՀԿ-ն ուսումնասիրել է 2024-ին ներառական կրթության բյուջետավորման համամասնությունը Լոռու և Շիրակի մարզերում, արձանագրել, որ թույլ է ծնող-դպրոց-ՏՄԱԿ կապն ու առաջարկներ ներկայացրել ԿԳՄՍ նախարարությանը։

Անի Գաբրիելյան, «Լուսաստղ» ՀԿ նախագահ. «Առաջարկություն ենք ներկայացրել ԿԳՄՍ նախարարությանը, որ տարվա մեջ ծնողները հնարավորություն ունենան գնահատելու այդ գործընթացը ինչպես նախակրթարաններում, այնպես էլ դպրոցներում։ Դա թույլ կտա իրականացնել վերահսկողություն, մասնագետներն էլ կվերանայեն իրենց աշխատանքը»։
2024-ին պետբյուջեից կրթությանը հատկացվել է 317․2 մլրդ դրամ, որից 3․8 միլիարդը՝ ներառական ոլորտին։ Ավելի պարզ՝ ներառական կրթության բյուջեն ընդհանուրի շուրջ 1․2 % -ն է կազմում։ Կազմակերպությունը պարզել է, որ այդ ֆինանսավորման 98 %-ն ուղղվում է տարածքային և հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագիտական աջակցությանը, աշխատավարձերին ու վերապատրաստումներին, 2 %-ն էլ՝ աուտիզմ և զարգացման խանգարումներով երեխաների հետ աշխատանքին։ 2024թ.-ին միայն աշխատավարձերին ուղղվել է 3,6 մլրդ դրամ։



Վանաձորի ՏՄԱԿ -ից Մարիաննա Ամիրխանյանի խոսքով՝ 60 մասնագետով սպասարկում են Վանաձոր և Ալավերդի խոշորացված համայնքների նախակրթարաններն ու դպրոցները, հաջորդ տարվանից՝ նաև միջին մասնագիական օղակը։
«Լուսաստղ» ՀԿ-ն իր զեկույցում եզրահանգել է՝ շատ հաճախ խնդիր ունեցող երեխաների կարիքները կամ չեն գնահատվում, կամ ոչ պատշաճ են գնահատվում, որովհետև ներառական կրթությանը հատկացվող ֆինանսավորումը քիչ է, կա նաև համապատասխան մասնագետների պակաս։ Կազմակերպության փորձագետ Արփինե Սերոբյանի խոսքով՝ եթե երեխաները նախակրթարանում գնահատվեն, անցումը դպրոցին ավելի սահուն կլինի։

Արփինե Սերոբյան. «Միայն այն, որ ՏՄԱԿ-ի աշխատակիցը մանկապարտեզ է այցելում շաբաթական 2 անգամ՝ 30-45 րոպեով, տեղիք է տալիս մտածելու, որ երեխան բավարար չափով ծառայություն չի ստանում։ Բախվում ենք խնդրի, որ ՏՄԱԿ-ը ռեսուրսներ չունի՝ սիստեմատիկ աշխատանք իրականացնելու համար»։
Կրթության նախարարությունից հակադարձում են՝ ֆինանսավորման վերաբերյալ ՏՄԱԿ-ներից դիտարկումներ չեն ստացել։ Պարզաբանում են՝ ֆինանսներ են տրամադրվում խելամիտ հարմարեցումներին՝ 3 տարվա կտրվածքով 3 մլն 300 000 դրամ․ ամեն տարի՝ 1 մլն 100 000 դրամով ֆինանսավորվում են այն հաստատությունները, որոնք կարիք ունեն քաղաքաշինական հարմարեցումների։ Հաստատությունների թվի ավելացումը նաև ֆինանսավորման ավելացում է ենթադրում։

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյան. «Երբ նայում ենք ՏՄԱԿ-ների հաշվետվությունները, կարծես թե բավարար է ֆինանսավորումը։ Եթե հաստատությունների թիվն ավելանում է, ֆինանսավորումն էլ է ավելանում։ Լիարժեք ներառման համար, որ նշանակում է նաև հնարավորությունների չափով դասապրոցեսին ներառում, էստեղ գուցե մենք դեռ անելիք ունենք»։
2014-20 թվականներին համընդհանուր ներառմանն ուղղված տարբեր քայլեր են արվել ՝ ռեսուրս-դասարաններից մինչև ուսուցիչների վերապատրաստումներ ու ուսուցչի օգնականի հաստիքի ներդրում։ Չնայած այս ամենին՝ ոլորտում դեռ խնդիրներ կան։

Արփինե Սերոբյան. «Քանի որ ծնողները հաճախ չեն կարողանում կռահել իրենց երեխայի լավագույն շահը, և երեխան դուրս է մնում այդ փուլից, հնարավոր է պետությունը գա այն որոշման, որ ծնողից անկախ սկսվի գնահատումը»։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թվով մայրաքաղաքին հաջորդում են Լոռին և Շիրակը։ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոններից 2024-ին աջակցություն է ստացել 11 457 երեխա։ Տղաների թիվն, ի դեպ, կրկնակի գերազանցում է աղջիկներին։ Լոռու մարզպետի աշխատակազմից Իրինա Մարտիրոսյանը, թեև աճող է բնութագրում գնահատման վիճակագրությունը, բայց նաև նկատում է՝ ծնողները հաճախ գնահատման չեն տանում երեխաներին՝ պիտակավորումից ու թիրախավորումից խուսափելու համար։

Իրինա Մարտիրոսյան. «Երևի իրազեկման խնդիրն է, որովհետև ծնողը չգիտի, թե ինչ է այն ներկայացնում։ Մտածում է, որ էդ պիտակը ամբողջ կյանքում կուղեկցի իր երեխային։ Գիտակցության խնդիր կա, ինչն էսօր մեծ թիվ է կազմում, երբ ծնողը հենց ինքն է վնասում իր երեխային»։
Ուսումնասիրվել է նաև Վանաձորի բյուջեն, որում նկատելի է նպատակային աջակցություն՝ ուղղված նախադպրոցական ներառական կրթությանը։ Համայնքի 8 մանկապարտեզներ հաճախում են խնդիր ունեցող 43 երեխաներ։ 2024-ին նախադպրոցական կրթությանը համայնքի բյուջեից 1․7 մլրդ դրամ է հատկացվել, որից 2․9 մլն-ն ուղղվել է ներառական կրթությանը։




