
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կնքման անհրաժեշտության մասին հայտարարել են միաժամանակ մի քանի հարթակում, մասնավորապես՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Իրանում, որտեղ նրանք մասնակցել են «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին: Հայ-ադբեջանական կողմերից զատ՝ հարցին անդրադարձել է նաև իրանական կողմը։ Դրան զուգահեռ՝ խաղաղության այսպես ասած «փաստաթղթավորման» անհրաժեշտության մասին խոսել են նաև ՀԱՊԿ-ից։ Հայաստանը հերթական անգամ ներկայացրել է իր դիրքորոշումները և գոյություն ունեցող «կարմիր գծերը»։
ՀՀ-ն զարգացնում է իր հարաբերությունները բոլոր պետությունների հետ՝ չբացառելով որևէ երկիր՝ հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ի շրջանակում։ Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության բազմազանեցման մասին, նաև ընդգծել, որ «Զանգեզուրի միջանցք» անունով նախագիծ գոյություն չունի։

«Անկեղծ ասած՝ ընդհանրապես ոչ մի քննարկում չկա որևէ միջանցքի շուրջ, նույնիսկ մենք նման եզրույթ չենք օգտագործում։ Մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես կարելի է տարածաշրջանային կապերը դուրս բերել փակուղուց, խաղաղություն ու կայունություն բերել տարածաշրջան և հնարավոր դարձնել զարգացումը։ Մասնավորապես, «Խաղաղության խաչմերուկը», որը մենք առաջարկել ենք, նախագիծ է, որի նպատակը փակ ուղիները բացելն ու տնտեսական ենթակառուցվածքները ամրապնդելն է՝ տարածաշրջանային կապերն ու փոխկախվածությունը խորացնելու համար։ Մենք կարծում ենք, որ սա շատ օգտակար կլինի և կնպաստի ներդրումներին՝ ուղղված տարածաշրջանի կայունությանը։ Հետևաբար՝ ենթադրում եմ, երբ վերջնական տեքստը պատրաստ լինի տնտեսական հնարավորությունների վերաբերյալ, մենք կկարողանանք քննարկել մնացած հարցերն ու սկսել աշխատել խաղաղության հաստատման ավելի լայն շրջանակում»։
Իրանում նույն միջոցառմանը մասնակցել է նաև Ադրբեջանի ներկայացուցիչը։ Հայ և ադրբեջանի պաշտոնյաների հանդիպումների մասին տեղեկություններ չկան։ Բայց առանձին պարզաբանումներ խաղաղության գործընթացի առնչությամբ տվել է նաև Ադրբեջանի նախագահի օգնական և աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Tasnim գործակալության հետ զրույցում Հաջիևը կրկնել է Հայաստանի սահմանադրության մասին իրենց դիրքորոշումը։
«Դրական փաստն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման աշխատանքներն ավարտվել են։ Սակայն, միևնույն ժամանակ, Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում կան բաց հարցեր»։
Հաջիևը դիտարկում է արել, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից անկախության ձեռքբերումից ի վեր առաջին անգամ տարածաշրջանում խաղաղության հաստատման «ստեղծված են իդեալական պայմաններ»։
Տարածաշրջանում խաղաղության մասին խոսել է նաև իրանական կողմը։ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը նշել է, որ Իրանի և Հայաստանի՝ իր ձևակերպմամբ «ռազմավարական հարաբերությունները» և բոլոր ոլորտներում գործակցությունը նպաստում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը։ Մեջբերում․ «Իրանը թույլ չի տա, որ թշնամիները վնասեն երկու հարևանների միջև բարեկամական հարաբերություններին»՝ մեջբերման ավարտը։ Իրանցի պաշտոնյան ընդգծել է՝ իրենց քաղաքականությունն ուղղված է բոլոր հարևանների հետ սերտ կապեր պահպանելուն և նկատել, որ արտաքին ուժերը հետաքրքրված չեն տարածաշրջանում խաղաղությամբ։
ԵՄ անունից էլ խաղաղության մասին խոսել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն, բայց՝ արդեն Երևանում։ Պաշտոնական հանդիպումներից հետո ճեպազրույցում նա խաղաղության հաստատումը կարևորել էշ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարի տեսանկյունից։
«Մենք ամեն կերպ սատարում ենք խաղաղության պայմանագրին դիվանագիտության շրջանակում։ Տեսել եմ շատ փորձ ու ջանքեր այդ ուղղությամբ, հուսով եմ՝ ինչ ստորագրվի, պետք է նաև կյանքի կոչվի։ Մենք էլ մեր կողմից հույս ունենք, որ հնարավորինս շուտ կարձանագրվի դա և կլինի ի շահ երկու երկրների։ Դա կօգնի նաև ՀՀ-ի անդամակցությանը ԵՄ-ին։ Մենք չպետք է մոռանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Եվրոպան պետք է երկակի ստանդարտներով չմոտենա, ունենա նույն արձագանքը նաև Հայաստանի պարագայում, ինչպես այլ դեպքերի ժամանակ»։
Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը հիշեցրեց, որ իր երկրում ևս խաղաղության խնդիրն առկա է արդեն կես դար։ Կիպրոսն արդեն 50 տարի է՝ կիսված է՝ ասել է Դիմիտրիուն՝ նշելով, որ իրենք գիտեն՝ ինչ է նշանակում ապրել երկարատև հակամարտության պայմաններում։ «Այդ փորձառությունն էլ է պատճառ, որ Կիպրոսն աջակցում է հայ ժողովրդին՝ խաղաղություն հաստատելու ջանքերում»,- հայտարարել է Կիպրոսի խորհրդարանի նախագահը։
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հավատացած է, որ խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսը կունենա իր ներդրումը:
«Հայաստանը նույնպես իր կողմից մշտապես աջակցել և աջակցելու է Կիպրոսի խնդրին, և պետք է ասեմ, որ կա երկկողմ լիակատար ընկալում, մեր շահերի լիակատար համընկնում, որի համար ևս մեկ անգամ շնորհակալ եմ իմ հարգելի գործընկերոջը»։
Խաղաղության մասին խոսել են նաև ՀԱՊԿ-ից։ Կազմակերպությունը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտ կստորագրվի՝ հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում նա հայտարարել է, մեջբերում․
«Կովկասում կան որոշակի դրական շարժեր։ Դա Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունն է բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնեցման վերաբերյալ։ Փաստաթղթի շուտափույթ ստորագրման հույս ենք հայտնում և ակնկալում, որ դա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հուսալի ճանապարհ կհարթի»։
Ի հավելումն՝ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը չի քննարկում ռուսական ռազմաբազայի՝ Հայաստանի տարածքից հանելու հարցը: Նման քննարկման խոսակցությունները նա «աբսուրդ» է որակել՝ պատասխանելով հարցին, թե երրորդ ուժերի ներկայության մասին խաղաղության համաձայնագրի կետը կարո՞ղ է ինչ-որ փուլում Ադրբեջանը որպես պահանջ ներկայացնել՝ ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի տարածքից հանելու:




