Մտքի ուժը

Հետազոտությունները Մեխանիկայի ինստիտուտում, կիրառությունը՝ Թուրինի համալսարանում․ հայ գիտնականների նորարարությունը մեխանիկայի ոլորտում․ «Մտքի ուժը»

ԳԱԱ համակարգում մեխանիկայի ոլորտում հետազոտությունները սկսվել են Ակադեմիայի հիմնադրման առաջին իսկ օրերից՝ 1955 թվականից՝ Մաթեմատիկայի ու մեխանիկայի ինստիտուտում։ 1971 թվականին հիմնադրվեց Մեխանիկայի ինստիտուտը։ Այն ճանաչված հետազոտական կենտրոն է, որտեղ իրականացվում են հիմնարար տեսական և փորձարարական հետազոտություններ մեխանիկայի տարբեր բնագավառներում: Կիրառական նշանակության աշխատանքները հիմնականում վերաբերում են շինարարության, մեքենաշինության, նյութագիտության ոլորտներին։

Մեխանիկայի ինստիտուտում ձևավորել են հիմնական չորս բաժին՝ պատմում է Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն Լիլիթ Դաշտոյանը․ «Առաձգական և առաձգամածուցիկ մարմինների մեխանիկա բաժինը, բարակապատ համակարգերի մեխանիկայի բաժինը, դեֆորմացվող և կապակցված դաշտերի մեխանիկայի բաժինը։ Ունենք նաև փորձարակական հետազոտությունների լաբորատորիա։ Պարզ է, որ ինստիտուտի հիմնական ուղղությունը ֆունդամենտալ հետազոտություններն են, բայց նաև կիրառական մշակումների մեծ  փորձ ունենք»։

Կիրառական նշանակության աշխատանքները հիմնականում շինարարության ու մեքենաշինության ոլորտներում են։ Առաջարկվող լուծումները Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեն. «Այս պահին ԱԹՍ-ների թևերի նախագծման նոր ձև է ընտրված։ Այն հանձնված է, որպեսզի արտոնագիր տրվի։ Հուսանք, որ դա էլ կհաստատվի»։  

Մարինե Միկիլյանը Մեխանիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող է։ 1990-ականների կեսերից զբաղվում է մագնիսա-առաձգականության, աէրո-առաձգականության, աէրո-մագնիտո-առաձգականության հարցերով։

Բարձրագույն կրթության ու գիտության կոմիտեի հայտարարած 36-ամսյա դրամաշնորհի շրջանակներում հետազոտելու են քաղաքացիներիս համար բարդ ձևակերպմամբ, սակայն, գիտական աշխարհում հայտնի ու կարևոր թեմաներից մեկը:

Հետազոտությունն ունի տեսական մաս, այս բաղադրիչով կիրառական դաշտ չեն հասնի, բայց հետագայում այն անպայման նման հնարավորություն կստանա։ Հատկապես, որ փորձարարական լաբորատորիայում քննարկվում են ԱՍԹ-ների հետ կապված հարցեր։

Ստացված տեսական արդյունքները գործնականի հետ համադրելու հնարավորություն կա։         «Սա մեր միակ թեման չէ, այլ օրգանական շարունակությունը նախկինում ունեցած թեմաների։ Այնտեղ ուսումնասիրել ենք նմանատիպ հարցեր այլ տիպի նյութերից կառուցված մարմինների»։

Հետազոտությունները Մեխանիկայի ինստիտուտում, կիրառությունը՝ Թուրինի համալսարանում․ հայ գիտնականների առաջարկները միս ու արյուն են ստանում արտերկում։ Գուցե առաջիկայում նաև մեր երկրում դրանք նույն նշանակությունը ստանան։

Ինչպե՞ս ու ո՞ր մարմինը պետք է զբաղվի գիտական առաջարկի առևտրայնացմամբ․Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն Լիլիթ Դաշտոյանի խոսքով, գիտությունն արևի նման է, չես կարող ինչ-որ մի պահի թույլ չտալ, որ այն չծագի։ Նույնն էլ գիտությունն ու գիտնականն է․ բոլոր նրանք, ովքեր այս պահին գիտությամբ են զբաղվում, նվիրյալներ են ասում է:

Կարդացեք նաև

Back to top button