ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Արմավիրի մարզում ժամանակակից լուծումներով նոր դպրոցներ են կառուցվում, հները՝ քանդվում

Արմավիրի մարզում դպրոցաշինական նոր ծրագրեր են իրականացվում: 9 բնակավայրերում կառուցվող դպրոցներից երեքը կրթահամալիր են, որոնք ներառում են մանկապարտեզ ու դպրոց: Կրթահամալիրները կառուցվում են 280 երեխայի հաշվարկով: Մարզում որոշ դեպքերում հին շենքերը քանդվել են, ու տեղում նորն է կառուցվում։ Իսկ մինչ այդ դասերն անցկացվում են այլ դպրոցներում:

Անցած տարվա վերջին Նոր Արտագերս գյուղի դպրոցի երեխաները հրաժեշտ տվեցին հին դպրոցին ու հունվարից ժամանակավոր տեղափոխվեցին Ջրաշենի դպրոց: Հին դպրոցի տեղում նորն է կառուցվելու: Նոր միջավայրն ու երկար ճանապարհ գնալ-գալը որոշակի դժվարություններ են ստեղծել սովորողների և ուսուցիչների համար, բայց հարմարվել են ու սպասում են հարմարավետ պայմանների ստեղծմանը՝ ասում է Նոր Արտագերսի դպրոցի տնօրեն Նարինե Իվանյանը.

«Երկրորդ հերթով ենք մենք գնում դպրոց. իրենց տարրական դասարանն ավարտում է, մերն է գնում դասի, միջին ու ավագ տարիքային խմբի դասերից հետո մենք ենք դաս անում: Երեխաններն արդեն հարմարվել են, սկիզբն էր մի քիչ անսովոր, դե հունվարին ցուրտ էր, մութ»:

Հարևան գյուղի դպրոց տեղափոխման ծախսը պետությունն է հոգում: Նոր Արտագերսի դպրոցը վտանգավոր էր հետագա շահագործման համար ու քանդվել է՝ ասում է Իվանյանը:

«Սեյսմիկ գնահատում են արել, եզրակացրել, որ վթարային է: Արտաքին տեսքը բավարար էր, բայց ներսից պատերը ճաքած էին, պանելները՝ հեռացված, այդպիսի խնդիրներ էին»:

Նոր Արտագերսում կառուցվում է փոքր կրթահամալիր՝ ներառելով մանկապարտեզն ու դպրոցը: Նախակրթական հաստատությունը գործում է նախկին գյուղապետարանի շենքում, բակն էլ օգտագործվում որպես խաղահրապարակ: Հիմա դպրոցի ապաստարանի ամրաշինական աշխատանքներն են ընթանում:

 Նոր կրթահամալիրներ են կառուցվում Երասխահուն և Հայկավան գյուղերում ևս:   Հայկավանում չկային բավարար պայմաններ` կրթությունը լիարժեք կազմակերպելու համար, դպրոցը 60-ականների կառույց է՝ ասում է տնօրեն Սոֆյա Ալավերդյանը:

«Չնայած ստեղծել ենք լաբորատորիաներ, ապահովված են գույքով, սակայն չունենք մարզադահլիճ, որտեղ երեխաները կարողանան անցկացնել ֆիզկուլտուրայի դասերը: Չունենք հանդիսությունների դահլիճ, որտեղ կարողանանք կազմակերպել միջոցառումներ, չունենք նաև ճաշարան՝ ազգային տաք սննդի ծրագիրն իրականացնելու համար»:

Ֆիզկուլտուրայի դասերը ձմռանն անցկացվում են առանձնացված դասարանում,ամռանը՝ դրսում,  իսկ կրտսեր դպրոցի դասարաններից մեկն էլ հարմարեցրել են միջոցառումների համար: Երբեմն դրանք կազմակերպվում են նաև բակում: Դպրոցում կա նախակրթարան, բայց չունի խաղահրապարակ: Չնայած Հայկավանի դպրոցը նախատեսված է 205 երեխայի համար, և հիմա դպրոցում սովորում է շուրջ 155 երեխա, բայց սենյակները մի կերպ են բավարարում կրթական պահանջներին:

«Հանրակրթության պետական չափորոշչի» պահանջներին համապատասխան պիտի նաև անհատական ուսուցումներ լինեն, ընտրեն առարկաներ, արդեն դասասենյակների թիվը չէր բավարարում, դրա համար մենք միջին հերթ ունենք»:

Դպրոցի կոլեկտիվն ու աշակերտները հետևում են շինաշխատանքներին ու շաբաթվա վերջին ընթացքը ներկայացնում սոցիալական հարթակում:

Նոր դպրոցներ են կառուցվում ևս վեց բնակավայրում: Մրգաշատի թիվ 1 դպրոցը նախատեսվել է շահագործել 2026-ի հունվարին: Հին դպրոցներն աստիճանաբար փոխարինվում են նորերով՝ ասում է Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը.

«Բացի Մրգաշատից՝ կառուցվում է Գեղակերտի դպրոցը՝ հիմքն են փորել և սկսել աշխատանքները: Հինը վթարային է, անվտանգության խնդիր ունենք այնտեղ: Ամբերդում է կառուցվում, շինարարի հետ եմ հանդիպել, բավականին գեղեցիկ նախագիծ է: Ջրառատում, Վանանդում ու Վաղարշապատի թիվ 11 դպրոցում են նոր դպրոցներ կառուցվում»:

Վանանդի` 80-ականներին կառուցված դպրոցը մի քանի մասնաշենք ունի, սակայն դրանց մի մասն է  գործում: Այս դպրոցում են սովորում հարևան Կողբավան գյուղի դպրոցականները: Նոր դպրոցի կառուցումից հետո այստեղ կտեղափոխվեն նաև Տալվորիկի դպրոցի երեխաները՝ վստահեցնում է Սոնյա Բուդաղյանը.

«Ըստ էության՝ Տալվորիկը դպրոց չունի, հարմարեցված շենք է, այնտեղ աշակերտների թիվը շատ փոքր է: Ընդհանուր առմամբ, Վանանդում ենթակառուցվածքներով մեծ դպրոց է կառուցվում, և եթե պետությունը կհոգա տրանսպորտային ծախսերը, տեղափոխումը, կարծում եմ, շատ ավելի նպատակահարմար է երեխաների տեղափոխումը Վանանդ»:

Վաղարշապատի Չարենցի թաղամասի թիվ 11 դպրոցը վթարային էր ու արդեն քանդվել է, իսկ դասերն անցած տարվա սեպտեմբերից անցկացվում են Վաղարշապատի թիվ 6 դպրոցում: Փաստացի, մարզի մի շարք բնակավայրերում ակնկալում են առաջիկա ուսումնական տարիներն առավել բարվոք պայմաններում դիմավորել։

Կարդացեք նաև

Back to top button