ԿարևորՄիջազգային

Ստամբուլում մեկնարկել է Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը

Ստամբուլում մեկնարկել են Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները։ «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիա-ԱՄՆ-Ուկրաինա ձևաչափով հանդիպումը տեղի է ունենում Բոսֆորի մոտ գտնվող Դոլմաբահչե պալատում։

Բանակցություններում նախագահում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ հանդիպումը կսկսվի նույն վայրում՝ տեղական ժամանակով 12:30-ին:

Ստամբուլում հավաքվել են թուրքական, ռուսական, ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները։ Ռուսաստանից և Ուկրաինայից բանակցողները Ստամբուլ են ժամանել մայիսի 15-ին, սակայն հանդիպումը, ըստ ռուսական լրատվամիջոցների, չի կայացել «լոգիստիկ խնդիրների» պատճառով։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նույնպես մեկ օր առաջ ժամանել էր Թուրքիա, մինչ այդ հայտարարելով, որ պատրաստ է երկխոսություն վարել միայն անձամբ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանի նախագահը, սակայն, չի մեկնել Թուրքիա։

Ուկրաինական պատվիրակությունը գլխավորում է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Զելենսկու խոսքով՝ Ստամբուլում բանակցությունների գլխավոր նպատակը հրադադարն է։

Հաղորդվում է նաև, որ Վոլոդիմիր Զելենսկին արդեն մեկնել է Ալբանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի նիստին։

Ստամբուլում գտնվող ռուսական պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Ստամբուլում Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններում Ռուսաստանի խնդիրն է վաղ թե ուշ հասնել «երկարաժամկետ խաղաղության՝ վերացնելով հակամարտության հիմնական արմատական ​​պատճառները»։

Մեդինսկին նշել է, որ ռուսական պատվիրակությունը Ստամբուլում ընթացող բանակցությունները դիտարկում է որպես «2022 թվականին ընդհատված խաղաղության գործընթացի շարունակություն։

ԱՄՆ-ն Ստամբուլում ընթացող բանակցություններին ներկայացնում է Պետդեպարտամենտի քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Էնթոնը, հաղորդում է Reuters-ը։ Ստամբուլ են ժամանել նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Կարդացեք նաև

Back to top button