
Վրաստանում ՀՀ դեսպանությունն իրազեկված է հայկական կոնյակի հետ կապված խնդրի մասին և մշտական կապ է պաշտպանում Վրաստանի պատկան գերատեսչությունների հետ, Հանրային ռադիոյի Թբիլիսիի թղթակցին ասել է Վրաստանում ՀՀ դեսպանն Աշոտ Սմբատյանը։
Դեսպանի խոսքով, ՀՀ համապատասխան կառույցների հետ համակարգված դեսպանությունն աշխատանք է տանում վրացական կողմի հետ՝ խնդրի հնարավորինս արագ կարգավորման ուղղությամբ։
Ալկոհոլային խմիչքներ արտահանող մի շարք ընկերություններ օրերս Երևանում Վրաստանի դեսպանատան մոտ ակցիա անցկացրին՝ խնդրելով պարզաբանել Վրաստանի տարածքում Հայաստանից Ռուսաստան և այլ երկրներ ալկոհոլային խմիչքներ (հիմնականում կոնյակ) արտահանող բեռնատարների համար ստեղծված խոչընդոտների պատճառը։
Արձագանքելով հարցին՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ հայ-վրացական սահմանին ստեղծված հարցերը հասկանալու և խնդրին լուծում տալու համար մտադիր է առաջիկայում այցելել Վրաստան։




