ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Ապագա» հիմնադրամն ուսման վարձի փոխհատուցում ու աշխատանքի հնարավորություն է առաջարկում ուսանողներին

Կրթություն-աշխատաշուկա խրթին ճանապարհն ավելի սահուն դարձնելու ակնկալիքով «Ապագա» բարեգործական հիմնադրամը հայտարարում է դիմումների ընդունման հերթական փուլը։ Հիմնադրամը վերջին երեք տարիներին ջանքերը կենտրոնացրել է երիտասարդին՝ աշխատելու հնարավորություն, աշխատաշուկային՝ երիտասարդ կադր տալու գաղափարի վրա։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանն է պատմում․

«Փորձում ենք ամբողջական փաթեթ տրամադրել ուսանողներին, այն է՝ ուսման վճարի 80 տոկոսը, փորձում ենք ապահովել լավագույն գործընկեր կազմակերպություններում մասնագիտական պրակտիկայով։ Բացի դրանից՝ ունենք թոփ մենեջերներ մեր գործընկեր կազմակերպություններում, որոնք պատրաստակամ են մասնագիտացված դասընթացներ կազմակերպելու  ուսանողների համար։ Այս փուլերից հետո լավագույն ուսանողները համապատասխպան կառույցներում աշխատանքի են անցնում»։

Այս տարի ծրագիրը մտադիր է աջակցել 30-ից ավելի ուղղություններով սովորող բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերի 70-ից ավելի ուսանողի։ Նրանց պատրաստ է ընդունելու 15-ից ավելի կազմակերպություն։ Աճի տեմպերը բացատրելու համար Ռոզա Սոլոմոնյանը հիշեցնում է, որ նախորդ երկու տարիների ընթացքում աջակցություն ստացել է 40 ուսանող, որոնցից 32-ն այսօր հիմնական աշխատանք ունեն։

«Ուսանողներն առաջին փուլի համար դիմում են ՄՈԳ–ի արդյունքներով։ Երկրորդ փուլը թեստավորումն է։ 3 ուղղությամբ է իրականացվում՝ անգլերեն, տրամաբանություն, և բոլորովին նոր բան ենք ստեղծել՝ աշխատանքային մոտիվացիան է կամ հոգեբանական թեստ։ Նեղ մասնագիտական հարցերի մեջ չենք խորանում, որովհետև ՄՈԳ–ն այդ տվյալները տալիս է։ Մենք փորձում ենք հասկանալ՝ անգլերեն գիտի ուսանողը, կարողանում է տրամաբանել և աշխատանքային մոտիվացիան թույլ է տալիս, արդյոք ճիշտ է ընտրել իր մասնագիտությունը և ուզո՞ւմ է այդ մասնագիտությամբ ունենալ աշխատանք»։

«Ապագա» հիմնադրամի հետ համագործակցող կառույցներից մեկը՝ Ֆինանսների նախարարությունը, դեռ 2,5 տարի առաջ է որդեգրել երիտասարդ կադրերի՝ ավելի ակտիվ ներգրավումն ապահովելու քաղաքականությունը՝ ասում է նախարարի խորհրդական Կարեն Սարգսյանը։

«Դա նշանակում է, որ մենք դառնում ենք հարթակ, որտեղ ուսանողները կարող են իրենց կարողությունները զարգացնել։ Միևնույն ժամանակ մենք մտածում ենք մեր կադրային քաղաքականության փոփոխության մասին՝ ինչպե՞ս ուսանողների ռեսուրսն օգտագործել նախարարության առջև դրված խնդիրների լուծման համար։ Մենք հասկացանք, որ պետք է ինստիտուցիոնալ կերպով վերաբերվենք խնդրին ու ունենանք ոչ թե կարճաժամկետ, այլ որոշակի համաձայնագրի կամ պայմանագրի վրա հիմնված ծրագրեր։ Եվ «Ապագա» հիմնդրամն այդ կառույցներից մեկն էր, որի հետ մենք կատարեցինք այդ աշխատանքը»։

2020 և 2021 թթ․ միայն 1 երիտասարդ է ընդունվել Ֆինանսների նախարարություն՝ ասում է Կարեն Սարգսյանը։ 2022-ին ընդունվել են 14-ը, հեռացել՝ նրանց կեսը։ 2023-ին նախարարությունն ընդունել է 12, 24-ին՝ 39 երիտասարդ, որոնցից միայն 4-ն են ազատվել։ Այժմ, ըստ նախարարի խորհրդականի, կառույցում աշխատող 350 մարդկանցից 126-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, նրանց մի մասը՝ հենց ուսանողներ։ Կարեն Սարգսյանը պատմում է, թե ինչ է պետք արվի փոխադարձ օգուտն առավելագույնի հասցնելու համար։

«Փորձել ուսանողին հնարավորինս չծանրաբեռնել մեխանիկական աշխատանքով։ Այսինքն, կներեք այդ արտահայտության համար, չուղարկել միայն քսերոքս անելու։ Տալ բարդ հանձնարարություններ, սկսել փոքրից, կամաց-կամաց բարդացնել։ Այդ կարծրատիպը, որ եթե ուսանող է, ուրեմն ոչինչ չգիտի, եթե նոր է ավարտել, ուրեմն մի 100 տարի պետք է անցնի բոլոր աշխարհները, հասնի «դրակոնի մակարդակին» և հետո նոր ինչ-որ բաներ հաղթահարի։ Ո՛չ, մեր փորձով կարող եմ վստահ ասել, որ մենք ունենք ստորաբաժանման աշխատակիցներ, որոնք ուսանողներ են, կարճ ժամանակահատվածում դրսևորել են այնպիսի արդյունք, արդյունավետություն, որից իրենց անմիջական ղեկավարները հաճելիորեն զարմացել են»։

Այլ գերատեսչություններ ևս ավելի արդյունավետ աշխատելու համար երիտասարդ ուժի կարիք ունեն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այդպիսին է՝ ասում է կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգման գծով խորհրդական Եվգինե Վարդանյանը։

«Այս պահին մենք տեսնում ենք հնարավորություն ներգրավելու մեր երիտասարդներին ինչպես միասնական սոցիալական ծառայության մեր գրասենյակներում, այնպես էլ սոցիալական պաշտպանության պետական այլ կազմակերպություններում՝ խնամքի կենտրոնները, տուն-ինտերնատներ, մանկատներ և այլ կառույցներ։ Բոլոր ուղղություններով սոցիալական աշխատողների կարիքը կա, և մենք պատրաստակամ ենք ինչպես պրակտիկան կազմակերպելու, այնպես էլ հետագայում՝ մեր աշխատակազմը համալրելու հարցում»։

Հիմնադրամը նաև երիտասարդներին հենց պետական համակարգ ուղղորդելու խնդիրն է փորձում լուծել։ Ռոզա Սոլոմոնյանն ասում է՝ այս առումով կա ընկրկող, բայց դեռևս ամուր կարծրատիպ։

«Ուսանողները մեծ մասամբ ուզում են գնալ մասնավոր հատված։ Անցյալ տարի, երբ մենք ունեցանք հուշագիր ֆինանսների նախարարության հետ, և 30 ուսանողից 12-ը ընդգրկվեցին նախարարությունում, մյուսները՝ տարբեր կազմակերպություններում, ծրագիրը ավարտից հետո ևս 6 ուսանող (քանի որ ցանցային համագործակցություն կար) խնդրեց լրացուցիչ գնալ նաև ֆինանսների նախարարություն, ունենալ մասնագիտական պրակտիկա։ Այսինքն՝ մի քիչ կարծրատիպային մոտեցում կա, որ պետական կառույցներում «ապագա» չեն կարող ունենալ, որովհետև աշխատավարձը ցածր է, էնտեղ չեն սիրում երիտասարդ կադրերին զարգացնել։ Մենք ուզում ենք նաև այս տենդենցը փոխել»։

Այդ հնարավորությունից օգտվելու համար ուսանողները կարող են իրենց դիմումները ներկայացնել մինչև հունիսի 7-ը։

Կարդացեք նաև

Back to top button