Էկոսֆերա

Կաբինետներից դուրս գալով միայն կհասկանանք բնության պահպանությունը․ Կարեն Մանվելյան․ «Էկոսֆերա»

Հայաստանը հարուստ կենսաբազմազանություն ունեցող երկիր է, աշխարհի 200 էկոհամակարգերից մեկը, և ներառված է Կովկասի էկոհամակարգում։ ՄԱԿ-ի 2024 թվականի զեկույցի համաձայն՝ Հայաստանում առկա են մոտ 3800 բույսերի տեսակներ, 428 ջրիմուռների, 549 ողնաշարավոր կենդանիների և մոտ 17200 անողնաշարավորների տեսակներ։

Կենսաբազմազանությունը կարևոր դեր ունի Երկրի էկոլոգիական հավասարակշռության պահպանման գործում։ Սակայն այն ներկայումս կանգնած է բազմաթիվ լուրջ խնդիրների առաջ։ Կլիմայի փոփոխությունը ազդում է տեսակների տարածման վրա՝ ստիպելով նրանց տեղափոխվել նոր միջավայրեր կամ անհետանալ։ Այս խնդիրների առաջացման մեջ մարդկային գործոնը ցավոք վերջին տեղում չէ․ քաղաքաշինական զարգացումը, անտառահատումները, գյուղատնտեսական տարածքների ընդլայնումները և արդյունաբերական գործունեությունը հանգեցնում են բնական էկոհամակարգերի ոչնչացմանը։

Երբ կենդանիներն ու բույսերը կորցնում են իրենց ապրելավայրերը, արդյունքում վտանգվում է նրանց գոյությունը։ Մարդկանց կողմից վերահսկման տակ չառնված որսը և ձկնորսությունը կարող են բերել տեսակների ոչնչացման։ Սա հատկապես վտանգավոր է, երբ խոսքը վերաբերում է արդեն սպառնացող տեսակներին։ Քիմիական նյութերի (թունաքիմիկատներ, թափոններ, պլաստիկ) կիրառումը և տարածումը հողի, ջրի ու օդի մեջ կարող են վնասել կենսաբազմազանությունը։ Այս առումով հատկապես տուժում են ջրային էկոհամակարգերը։ Թվարկված խնդիրները հանդիպում են գրեթե բոլոր երկրներում։ Հայաստանը ևս բացառություն չէ։

Հարուստ կենսաբազմազանություն ունեցող մեր երկրում հանդիպող խնդիրների մասին զրուցել ենք Բնության համաշխարհային հիմնադրամի «Կենսաբազմազանություն և կայուն դրական զարգացում» ծրագրի ղեկավար Կարեն Մանվելյանի հետ։

«Եթե ասեմ՝ որսագողությունը լրիվ վերացել է, ո՛չ, նույնիսկ վերջին տարիների ընթացքում միտում կա ավելացման։ Կան մարդկանց խումբ, որոնք երևի աշխատատեղ չունեն և եկամուտի կարիք ունեն, գնում են կամրախայտ են որսում, վաճառում են թե՛ շուկաներում, թե՛ ռեստորաններին են տալիս։ Կան  մարդիկ, ովքեր նույն կխտարի կամ այլ վայրի կենդանու որս են անում և նույնպես վաճառում են։ Ռեստորաններին վաճառողներն են շատ վտանգավոր, որովհետև, դա իրենց համար եկամուտի աղբյուր է և պարբերաբար գնում են այդ քայլին։ Այդ մարդկանց անունները հայտնի են, ուղղակի, պետք է, ոնց որ ասում են, որսը ձեռը բռնեն, որ կարողանան ինչ-որ  պատիժ սահմանեն»։

Մեր երկրում կենսաբազմազանությանը սպառնացող խնդիրներից մեկն էլ հանքարդյունաբերական գործունեությունն է։ Մանվելյանի խոսքով՝ մեր երկրի այն հատվածներում, որտեղ կան մետաղական հանքավայրեր, կենդանական և բուսական տեսակների ապրելավայրերի վերացման վտանգն առկա է․

«Եթե մեծ ենթակառուցվածքային ծրագրեր են լինում՝ հանքարդյունաբերական, ապա դրա հետևանքով ապրելավայրերը կրճատվում են։ Այն բերում է տեսակների պոպուլյացիայի կրճատմանը։ Նման վտանգ կա բոլոր այն տարածքներում, որտեղ կան մետաղական հանքավայրեր։ Տարածքները դեգրադացված են և պիտանի չեն կենդանիների կամ բույսերի ապրելու, աճելու համար։ Մենք չենք հավատում, որ կուլտիվացիա կարվի, նախկին տեսքին կբերվի, ոչ, դա անհնարին է։ Առանձնապես ուսումնասիրություն պետք չէ կատարել, բավական է տեսնել այդ տարածքները, որտեղ ոչ մի բան չի աճում, ոչ մի բան չի բնակվում»։

Կենդանիների համար հաջորդ վտանգը հանդիպում է սահմանամերձ հատվածներում։

«Սահմանամերձ այն տարածքներում, որտեղ կենդանիները միգրացիա են անում, վտանգ կա, նույն ընձառյուծի կամ հայկական մուֆլոնի համար։ Մենք երկու տարի առաջ Կենդանաբանության ինստիտուտի հետ համատեղ նախաձեռնեցինք բեզոարյան այծերի և հայկական մուֆլոնների հաշվառումը։ Այդ հաշվառման արդյունքում բեզոարյան այծերի իրավիճակը բավականին լավ էր, նույնիսկ աճ է տեղի ունեցել։ Սակայն նույնը չենք կարող ասել մուֆլոնի վերաբերյալ, որի գլխաքանակը բավականին նվազել է։ Մուֆլոնի ապրելավայրերը հենց հիմնականում ընկնում են Հայաստանի ու Նախիջևանի հետ սահմանամերձ գոտում։ Կենդանիները տուժում են թե՛ ականների պայթյունից, թե՛ որսագողության հետևանքով։ Հուսանք այդ լարված իրավիճակը կթուլանա և կենդանիները չեն տուժի դրա պատճառով»։

Անդրադառնալով կենսաբազմազանության պահպանությանը միտված ծրագրերին, Կարեն Մանվելյանը մեջբերեց ՇՄՆ նախաձեռնած երկու ռեֆորմները․ «Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է 2 մեծ ռեֆորմ։ Առաջինը՝ էկոպարեկային ծառայության ներդրումն է Հայաստանում, որը դեռ շարունակվում է, իսկ երկրորդը՝ հատուկ պահպանվող տարածքների միավորումն է և հատուկ պահպանվող նոր տարածքների ստեղծումը։  Նախարարությունը նախատեսում է մինչև COP17-ը այդ հարցերի գոնե մեծ մասը ավարտված լինեն։ Դա կարևոր է, քանի որ երկրի պատիվն է։ Այսինքն՝ մենք հետևում ենք կոնվենցիայով ընդունված ձևաչափերին։

Գլոբալ կենսաբազմազանության շրջանակներում նախատեսում են մինչև 2030 թ․-ը՝ բնության հատուկ պահպանվող տարածքների և բնապահպանական տարածքների ծածկույթը հասցնել 30 տոկոսի՝ ամբողջ աշխարհում։ Հայաստանն էլ այդ  ուղղությամբ է գնում է։ Այս  պահին ունենք մոտավորապես 18-19 % ծածկույթ, ներառյալ՝ 13․1 % բնության հատուկ պահպանվող տարածքներ և մոտավորապես 6- 6․5 % բնապահպանական տարածքները»։

Կենսաբազմազանության պահպանությանը միտված աշխատանքներում Շրջակա միջավայրի  և դոնոր կազմակերպությունների կողքին Բնության համաշխարհային հիմնադրամը ևս մեծ ներդրում ունի։ Վերջին խոշոր ծրագիրը, որի մասին մեր նախորդ թողարկումներից մեկում խոսել ենք, «Կենսաբազմազանություն և կայուն դրական զարգացում» ծրագիրն է․

«Բավականին շատ աշխատանքներ են նախատեսված՝ սկսած Հայաստանի Կարմիր գրքի վերաթողարկումից, այսինքն՝ նոր ուսումնասիրություններ և նոր  Կարմիր գրքի կազմում։ Նախարարությունն ուզում է, որ անպայման  գույքագրվի այն տեսակները ՝ թե բուսական, թե կենդանական, որոնց օգտագործման թույլտվություն է տրվում՝  հասկանալու,թե ինչքան ռեսուրսներ կան։ Հաջորդ ամենամեծ բաղադրիչներից մեկը կենսաբազմազանության մոնիթորինգի ներդրումն է։Շուտով մենք արդեն առաջին աշխատանքային ժողովը կիրականացնենք մեր գործընկերների հետ։  Երկու նոր հատուկ պահպանվող տարածքների ստեղծման ուղղությամբ արդեն բավականին մեծ աշխատանք է տարվել։ Գիտեք, որ « Տաթև» ազգային պարարկը, «Ջերմուկ» ազգային պարարկը  վաղուց  ծրագրում  էինք։ Հիմա կան հնարավորություն և   ֆինանսական միջոցներ այն իրակգործելու»։

Առանց համայնքների հնարավոր չէ որևէ արդյունավետ ծրագիր իրականացնել, համոզված է Մանվելյանը և ոլորտի պաշտոնյաներին ևս հորդորում է ավելի շատ գործունեությունը ծավալել աշխատասենյակից դուրս։

«Բոլոր կողմերի հետ որքան համագործակցությունը ինտենսիվ և բարձր մակարդակով լինի, այնքան ավելի հաջողություններ կունենանք։ Բոլոր հարցերում՝ և՛ տնտեսական, և՛ սոցիալական զարգացման, միայն բնության պահպանության մասին չէ խոսքը։ Համագործակցությունն է բերում հաջողություններ։ Պետական պաշտոնյաները պետք է ավելի շատ լինեն ո՛չ թե կաբինետներում, այլ գնան բնություն, տեսնեն՝ ինչ է դա, ինչ աշխատանքներ են պետք։ Դա մի քիչ մեզ մոտ վատ է դրված։ Մեկ-մեկ գնում են, բայց ավելի ինտենսիվ է պետք գնալ, հասկանալ, հանդիպել տեղի բնակիչներին, զրուցել խնդիրների մասին։ Բնությունում շատ հետաքրքիր բաներ կան, որոնք կաբինետներում նստած չես իմանա, մինչև տեղում չլինես, չքայլես սարերով, անտառներով չես հասկանաս՝ ինչ է բնության պահպանությունը․․․»։  

Կարդացեք նաև

Back to top button