Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կայացավ կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը։
Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ է հյուրընկալում կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը։ Այն կանցկացվի մայիսի 7-11-ը։ Մրցաշարի եզրափակիչ մենամարտերը կանցկացվեն մայիսի 10-ին և 11-ին:
Առաջնությանը մասնակցում է ավելի քան 1000 մարզիկ և պատվիրակ 54 երկրից։
Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը շնորհակալություն է հայտնել գործընկեր կառույցներին։
Հայաստանը հյուրընկալելու է նաև 2027 թվականի Եվրոպայի պատանիների և երիտասարդների կարատեի առաջնությունը, ինչն առավել կնպաստի Հայաստանում այս մարզաձևի զարգացմանը:
Հայաստանի հավաքականից առաջնությանը կմասնակցեն Ելենա Գասպարյանը, Ալիսա Խոջայանը, Լենա Գյուլումյանը, Անիտա Մակյանը, Յուրա Զալյանը, Սուրեն Հարությունյանը, Ռոբետ Հովհաննիսյանը, Գոռ Ներսիսյանը, Դավիթ Մակյանը, Միքայել Մխիթարյանը։




