
Աշխարհի ուշադրության կենտրոնում դարձյալ Հնդկաստանի և Պակիստանի միջև առաջացած լարվածությունն է։ Իրավիճակը թեժացել է այս գիշեր, երբ Հնդկաստանը հարվածել է Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Ջամմու և Քաշմիր նահանգին։ Հնդկական կողմն այդ քայլը հիմնավորում է Պակիստանի իր դեմ ծրագրած ահաբեկչությունը կանխելու ցանկությամբ։
Հնդկական կողմը հայտնում է, որ Պակիստանի ոչ մի ռազմական օբյեկտի չի հարվածել, քանի որ իր գործողությունները նպատակային են եղել՝ կանխել հնարավոր ահաբեկչությունը։ Չեն ուշացել պատասխան հարվածները Պակիստանից։ Երկու կողմում էլ զոհեր ու վիրավորներ կան։
Կրկին լարվել է իրավիճակը Հնդկաստանի և Պակիստանի սահմանին։ Հնդկաստանի զինված ուժերը հայտարարել են, որ «Սինդուր» գործողության շրջանակում հարվածել են Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Ջամմու և Քաշմիր շրջանում տեղակայված ինը օբյեկտի՝ գրում է Reuters-ը։
Թիրախավորվել են այն տարածքները, որտեղ, ըստ Հնդկաստանի ԶՈՒ հաղորդագրության, ահաբեկչական ուժեր ու ենթակառուցվածքներ են եղել, և որտեղից ահաբեկչական հարձակումներ են ծրագրվել Հնդկաստանի դեմ․
«Ընդհանուր առմամբ ինը նշանակետ է թիրախավորվել։ Հնդկաստանի զինվորականների գործողությունները եղել են նպատակային և լարվածությունը չսրող, քանի որ հարձակման չի ենթարկվել Պակիստանի որևէ ռազմական օբյեկտ։ Հնդկաստանը զգալի զսպվածություն է ցուցաբերել նպատակների և դրանց հասնելու եղանակների ընտրության հարցում»։
Նշվում է նաև, որ այդ գործողությունը պատասխան է մոտ երկու շաբաթ առաջ Քաշմիրի Փահալգամ բնակավայրում Պակիստանի ահաբեկչությանը, որի հետևանքով տասնյակ հնդիկներ էին սպանվել։
Իսլամաբադն էլ իր հերթին 48 ժամով փակել է իր օդային տարածքը և հրթիռակոծել հնդկակական որոշ օբյեկտներ։
Երկու կողմն էլ զոհեր ու վիրավորներ ունի։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Քաշմիրից և հարակից բնակավայրերից տարհանում են բնակիչներին՝ տեղեկացնում են հնդկական լրատվամիջոցները։
Այսքանով լարվածությունը չի ավարտվում․ սպառնալիքներ են հնչում երկու կողմից էլ։
Պակիստանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին տեղեկացրել է Հնդկաստանի հարձակման մասին և Անվտանգության խորհրդին իրազեկել, որ իրեն իրավունք է վերապահում պատասխանելու հարձակումներին։
Անտոնիո Գուտերեշը կողմերին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերելու՝ գրում է Reuters-ը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը լրատվամիջոցներին է փոխանցել Գուտերեշի մտահոգությունը․
«Գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ռազմական գործողություններով, որ Հնդկաստանն անցկացնում է վերահսկողության գծի և միջազգային սահմանի երկայնքով։ Նա կոչ է անում երկու երկրներին ցուցաբերելու առավելագույն զսպվածություն։ Աշխարհը չի կարող թույլ տալ ռազմական բախում Հնդկաստանի և Պակիստանի միջև»։
Երկու կողմերին իրավիճակի հետագա թեժացումից խուսափելու կոչ է արել նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա հեռախոսազրույցներ է ունեցել Հնդկաստանի և Պակիստանի կառավարությունների ազգային անվտանգության գծով խորհրդականների հետ և հորդորել բաց պահել հաղորդակցության ուղիները և թույլ չտալ իրավիճակի հետագա թեժացում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հնդկաստանի և Պակիստանի միջև հրթիռակոծությունն ու լարվածության աճը համարել է ամոթալի և հույս է հայտնել, որ միջուկային երկու տերությունների միջև լարվածությունն արագ կավարտվի՝ տեղեկացնում է Reuters-ը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները Հնդկաստանի մտերիմ գործընկերն է և Պակիստանի դաշնակիցը։ Ըստ գործակալության՝ Հնդկաստանը Վաշինգտոնի համար կարևոր գործընկեր է, քանի որ կարող է հակազդել Չինաստանի առաջընթացին։ Իսկ Պակիստանը մնում է ԱՄՆ դաշնակիցը, թեև Աֆղանստանից ամերիկյան զորքի դուրսբերումից հետո Իսլամաբադի կարևորությունը նվազել է Վաշինգտոնի համար։
Reuters-ը հիշեցնում է, որ ապրիլի 22-ին Հնդկաստանի վրա Պակիստանի հարձակումից հետո ԱՄՆ ղեկավարությունը աջակցություն է հայտնել Հնդկաստանին։ Ամերիկացի պաշտոնյաները, սակայն, ուղղակիորեն չեն մեղադրել Պակիստանին։
Դեռ անցած ամիս միջազգային վերլուծաբանները հայտարարում էին, որ լարվածության առաջին օրերին Վաշինգտոնը կարող է միայնակ թողնել Նյու Դելիին և Իսլամաբադին մասամբ այն պատճառով, որ շատ գործ ունի անելու Ռուսաստանում և Ուկրաինայում իր դիվանագիտական նպատակներին հասնելու համար։
Հնդկաստանի և Պակիստանի հակամարտությունը Քաշմիրում երկար տարիների պատմություն ունի։ Այն մի քանի անգամ վերաճել է պատերազմի։ Դա հաշվի առնելով՝ միջազգային մամուլն ու փորձագետները չեն բացառում, որ այս անգամ ևս լարվածությունը կվերաճի պատերազմի։




