ԿարևորՀասարակություն

Ո՞վ է պատասխանատու ֆինանսական զեղծարարության համար․ ԿԲ-ն փորձում է գտնել լուծումներ

Վերջին չորս-հինգ տարիներին Հայաստանում ավելացել են բանկային զեղծարարությունների դեպքերը։ Ձևերն ու մեխանիզմները տարբեր են, բոլորի դեպքում, սակայն, նույնն է հետևանքը․ քաղաքացիները զեղծարարության զոհ են դարձել ու վարկեր են կուտակել առանց իրենց իմացության։ Վերջին շրջանում նրանք պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ ակնկալելով կամ պահանջելով գլխավոր դրամատան միջամտությունը։                  

Վարկ վերցնել առանց բանկ գնալու, անձնական  տվյալներ ու փաստաթղթեր ներկայացնելու, պարտքեր կուտակել առանց դրանց գոյության մասին իմանալու։ Վերջին շրջանում բազմաթիվ քաղաքացիներ Հայաստանում բանկային զեղծարարությունների զոհ են դառնում։ 

Աստղիկ Անթանյանը նրանցից մեկն է․ Արդշինբանկի հաճախորդ է։ Սոցիալական կայքերից մեկում ապրանք վաճառելն է առիթ դարձել, որ զեղծարարության զոհ դառնա։  

«Ինձ գրեցին, փոստային հղում ուղարկեցին։ Լրացրի, բանկից կոդ ստացա։ Idram-ից էլ կոդ ստացա, որևէ մեկին դրանք չեմ տրամադրել։ Հինգ րոպե հետո հաղորդագրություն ստացա վարկի մասին։ Վազեցի բանկ, բայց էլ ոչինչ չկարողացան անել։ Վարկս հինգ րոպեում հաստատվել էր, ու գումարը հանել էին»։

Զրուցակցիս երեք քարտերի գումարը, ներառյալ խնայողական հաշվինը, արդեն իր տնօրինության տակ չի եղել։ Մինչև զեղծարարին հայնաբերելը քաղաքացին մեկ տարվա ընթացքում վարկը պետք է մարի առանց տոկոսավճարի։

Մյուս զրուցակցիս՝ Թեհմին Բուռնուսուզյանի պատմությունը փոքր–ինչ այլ է։

«Զանգահարել են ու ներկայացել որպես բանկի աշխատող։ Բանկային կարգուկանոնը պահպանել են․ անհնար էր տարբերել։ Աշխատակիցն ասել է, որ 600 հազար դրամի վարկի հայտ է ստացվել։ Ես ասել եմ, որ դա ես չեմ։ Խնդրեցի չեղարկել, բայց չչեղարկվեց։ Ինձ ծանուցվել է անգլերեն․ ես ՀՀ-ում եմ ապրում։ Ես անգլերեն չգիտեմ, այդտեղ նշված է եղել, որ կոդը որևէ մեկին չտամ։ Եթե դա հայերեն գրված լիներ, ես խնդիր չէի ունենա»։

ԿԲ նախագահի խոսքով՝ հանձն են առել բոլոր դեպքերն ուսումնասիրել առանձին-առանձին։ Այդ ուսումնասիրությունը ցույց կտա, թե որտեղ են հիմնական խնդիրները՝ կարգավորումների՞, համակարգերի պաշտպանվածությա՞ն,  թե՞ թերի վերահսկողության։

«Մենք ենք բանկերին ուղղորդել ու հորդորել լուծման ճանապարհներ գտնել։ Այս պահին ճանապարհն այն է, որ սառեցվում են այն պարտավորությունները, որոնք առաջացել են դեպքերի պատճառով։ Կարևոր է, որ նորարարությունը ճիշտ ուղղորդված լինի։ Եթե գնանք ծայրահեղացման, որ միայն բանկում հնարավոր լինի վարկ ձևակերպել, կամ հակառակը, կունենանք ծայրահեղ վատ դեպքեր։ Փորձում ենք հասկանալ, թե որտեղ է այն ոսկե միջինը, որով կունենանք նորարարություն, բայց նաև պաշտպանված սպառող»։

Մարտին Գալստյանի տեղեկացմամբ՝ ֆինանսական զեղծարարություններով ձևակերպված վարկերի մասնաբաժինը վարկային ընդհանուր միջոցների 0,1 տոկոսն է կազմում։ Խոսքը բոլոր դեպքերում ֆիզիկական անձանց մասին է։ ԿԲ նախագահը կարծում է, որ պատասխանատուն այն կառույցն է, որում խնդիրն առաջացել է։

«Թե՛ անվտանգության, թե՛ պրոդուկտի տրամադրման տեսանկյունից դինամիկան մեծ է։ Ուստի հետևել բոլոր պրոդուկտների մուտքերին շուկա հնարավոր չէ։ ԿԲ չունի 7․500 աշխատող, որ այդքան պրոդուկտ նայեն։ ԿԲ բանկերի վերահսկողության բաժնում մեկ տասնյակ մարդ է աշխատում։ Նրանք զբաղված են բանկերի վերահսկողությամբ, պորդուկտներով։ Խնդիրները հասկանում ենք, փորձում ենք արագ լուծում տալ»։

Մարտին Գալստյանի տվյալներով՝ խնդիրներ կան երեք–չորս բանկում։ Խորքային ուսումնասիրություններ արվում են հենց դրանցում։ Քննարկվում է նաև նոր տեխնոլոգիաների ներդրման հարցը՝ կիբերանվտանգությունն ուժեղացնելու նպատակով։

Կարդացեք նաև

Back to top button