Վաղեմի պատմություն, հետաքրքիր բացահայտումներ, տեղեկատվության հսկայական շտեմարան. անկախ մասնագիտությունից ու գործունեության ոլորտից, քարտեզներն աշխարհաճանաչողության կարևոր պայմաններից մեկն են, և կյանքում պետք են գալիս յուրաքանչյուրին. օգնում են մեզ տեղից տեղ փոխադրվել, հեշտությամբ և արագ կողմնորոշվել, գտնել որևէ աշխարհագրական կետ:
Երկրագնդի մասին տեղեկատվություն հավաքող ամբողջական պատկերը հարթության վրա՝ քարտեզագրություն՝ ծանոթություն աշխարհի հետ, իմացություն աշխարհի մասին:
Վաղնջական ժամանակներից մարդիկ զգացել են շրջապատը նկարագրելու, առավել ևս հարթության վրա պատկերելու անհրաժեշտությունը, վերջինս կենսական պահանջ է բոլոր ժամանակներում: Երկիր մոլորակի ամփոփ արտացոլումը հարթության վրա մարդկային քաղաքակրթության պատմության անբաժանելի մասն է, ինչպես նաև անչափ հետաքրքիր գիտություն, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու, ճանաչելու և բացահայտելու մեր մոլորակը։
«Քարտեզագրություն և կադաստրային գործ» կրթական ծրագիրը պատրաստում է կադաստրային գործի, գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտի բազմապրոֆիլ մասնագետներ՝ տալով տեսական և գործնական գիտելիքներ գեոդեզիայի և չափագրման, քարտեզագրության և գեոինֆորմացիոն տեխնոլոգիաների, անշարժ գույքի կադաստրի, հողային ռեսուրսների և դրանց առնչվող օրենքների մասին։
«Մասնագիտություն» հաղորդման հյուրը Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Արտակ Փիլոյանի հետ:




