Էկոսֆերա

Դեբեդի տավուշյան հատվածը՝ անուշադրության մատնված․ այգեգործները վախենում են նոր վարարումից․ «Էկոսֆերա»

Տավուշի մարզի Դեբեդի կիրճում այգիներ ունեցող գյուղացիները մտահոգված են՝ նոր հնարավոր վարարման վտանգ կա, սակայն դեռ նախորդ հեղեղումից ոտքի չեն կանգնել։ Վնասը միայն ծառերի մասով չի եղել, այգիների մի մասն են կորցրել, դրանք անցել են ջրի տակ։ Արճիս գյուղի բնակիչները պնդում են, որ, ի տարբերություն Լոռու մարզի, Տավուշի հատվածում մաքրող տեխնիկա գետը չի մտել, մաքրման աշխատանքներ չեն արվել։ Հետևաբար, հնարավոր վարարման դեպքում, նոր վնասներ կրելու ռիսկերն ավելի մեծ են։ Իսկ ինչպե՞ս են պարզաբանում խնդիրը ՏԿԵ նախարարությունում։

Արծրուն Անդրեասյանի այգին գտնվում է Տավուշի մարզի Արճիս գյուղի հայտնի «Ճալա» կոչվող տարածքում՝ Դեբեդի կիրճում։ Տարածքը՝ 1100քմ է, նույնքան էլ տնկարանի տարածքն է, որտեղ մշակել են հոն, պնդուկ և այլ պտղատեսակներ։ Անդրեասյանն ասում է, որ միայն այգուց տարվա կտրվածքով ստանում էր 600-800 հազար դրամի եկամուտ, սակայն նախորդ տարվա մայիս ամսին տեղի ունեցած ջրհեղեղն էական վնաս է հասցրել այգուն։

Այգին էապես տուժել է նախորդ տարվա ջրհեղեղից։ Նրա խոսքով՝ փոխահատուցում ստացել է, սակայն անհամեմատելի է կրած վնասի հետ։

Հարևանությամբ, մի քանի մետր այն կողմ գտնվող այգին էլ պատկանում է Տավուշի մարզի բնակիչ, մանկավարժ, կենսաբան Սուրեն Միքայելյանին, ով թոշակի անցնելուց հետո սկսել է զբաղվել այգեգործությամբ։ 4800 քմ այգի ուներ, որի մի մասը նախորդ տարի տուժեց ջրհեղեղից։ Նա մտահոգված է ոչ թե կորցրած ծառերի, այլ հողի մասով։ Հողի մի մասը դեռ նախորդ տարվանից անցել է ջրի տակ։

Ամենից շատ տուժածներից է նույն գյուղի բնակիչ, այգեգործ Կարեն Մարտիրոսյանը, ասում է՝ 1500 մետր հողը ջուրը տարել է։

«Ի՞նչ հույսով այստեղ այգի հիմնեմ։ Այգեգործ մարդ եմ, հողը մշակում ենք, ծաղկացնում ենք։ Հիմա ո՞նց ծաղկացնեմ ստեղ, եթե գետափին դամբ (ափապաշտպան) չսարքի։ Դամբը սարքեն, մարդիկ կշարունակեն ստեղծել, արտադրել։ Եթե մենք դեղձ չբերենք Երևան, երևանցին դեղձը որտեղի՞ց է առնելու, Պարսկաստանից բերա՞ծ։ Իմ հողից 1500 մետրը տարել է ջուրը, մի 1000 էլ անմխիթար վիճակում է։ Հեսա, տեսեք, ես ստեղ կարա՞մ ծառ մշակեմ։ Տրակտորը է պետք, որ էս ավազը, տիղմը լրիվ հանվի։ Տեխնիկան, որտեղ որ աշխատել է, էդ Լոռու մարզն է։ Լոռու մարզին որոշ չափով աջակցել են, տրակտոր են տրամադրել, մարդկանց այգիների տիղմը հանելու համար։ Գետի հունը մի փոքր փոխել են, որ գետը շատ չբարձրանա։ Կոնկրետ մեզ ոչ մի ձևով չեն օգնում»,- պատմեց այգեգործը։

Գյուղացիներն ասում են՝ ոչ մի ապահովագրական ընկերություն չի գա և չի ապահավորագրի այս հողակտորները։ Եթե լինեն նման ընկերություններ, իրենք պատրաստ են։

«Տավուշի մարզ բնակիչները ճիշտ են, երբ ասում են, որ  աշխատանքներն իրենց մարզ դեռ չեն  հասել»,-համաձայնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Մելիորացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սասուն Միրոյանը՝ պարզաբանելով․

«Ներկայում «Մելորացիա» ՓԲԸ-ի կողմից աշխատանքներ են իրականացվում Լոռվա մարզում։ Սա համարվում է երկրորդ փուլ։ Առաջին փուլում մասնավոր ընկերությունը նորից Լոռու մարզում էր արել։ Որքանով տեղյակ եմ՝ առաջին փուլում նաև Տավուշի մարզում է աշխատանքներ իրականացվել։ 2-րդ փուլի շրջանակներում արդեն «Մելորացիա»-ին են աշխատանքները տրվել։ Աշխատանքները, էս փուլում իրականացնում ենք միայն մաքրման աշխատանքներ։ Մաքրման աշխատանքների հատվածներն ընտրվել են Ջրային կոմիտեի ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի կողմից։ Այս փուլում 13 տեղամաս, այսպես ասած, աշխատանքներ են իրականացնելու թվով 5-ը գետերում»,- ասաց նա։

Դեբեդ, Փամբակ, Տաշիր, Ձորագետ և Շնող գետերում մաքրման աշխատանքներ են տարվում։ Իսկ թե աշխատանքները ե՞րբ կհասնի Տավուշի մարզի հատվածներ, Միրոյանը պատասխանեց․

«Ճիշտն ասած՝ դա մեր տիրույթում չէ։ Կարծում եմ՝ այդ հարցին ավելի հստակ կարող է պատասխանել ՏԿԵ նախարարությունում»։

Ինչ վերաբերում է ափապաշտպան աշխատանքներին, ապա  պաշտոնյան հետևյալն ասաց․

«Ափապաշտպանի հետ կապված, այն «Մելորացիա»-ի ծրագրի շրջանակներում նախատեսված չէ։ Սակայն, որքանով ես եմ տեղյակ, կան համայնքներ, որ մրցույթներ են իրականացրել, ընտրվել են շինարարները։ Աղետի ծավալներն այնքան մեծ են, որ վթարային վատ վիճակում գտնվող հատվածները բավականին շատ են։ Ուստի այդ փուլին էլ ենք հասել, որ բացի մաքրման աշխատանքներից, իրականացվեն նաև ափապաշտպան աշխատանքներ։ Ափաշատպանի մասով ուղղակի «Մելորացիա» ՓԲԸ-ն չի զբաղվում»։

Միրոյանի խոսքով՝ խնդրո առարկա վայր այցելություններ կատարել է։ Պնդմանը, թե մարդիկ կորցրել են իրենց սեփականության փաստաթղթում նշված հողակտորից հատվածքներ, ՏԿԵ  ներկայացուցիչը ի պատասխան հիշեցնում է, որ գոյություն ունի Կառավարության որոշում, որով գետի եզրից 50 մետր շառավիղը համարվում է էկոտոն տարածք, որն օտարման ենթակա չէ։ Այսինքն՝ համայքները տրամադրել են սեփականության փաստաթուղթ, որի իրավունքը չեն ունեցել։ Ամեն դեպքում, մարդիկ ունեն փաստաթուղթ, ավելին՝ վճարում են հարկեր հողօգտագործման համար։

Կարդացեք նաև

Back to top button