Երաժշտական եռանկյունի

Աբու Դաբիի բեմից՝ աշխարհին․ հայ ջազմենները «Ջազի միջազգային օրվա» գլխավոր համերգին․ «Երաժշտական եռանկյունի»

Ջազը Հայաստանում շուտով նշելու է իր 100-ամյակը։ Մենք բազմիցս անդրադարձել ենք Հայաստանում ջազի պատմությանը, ներկայացրել ենք հին և նորաստեղծ ջազային կոլեկտիվները, երաժիշտներին, երաժշտական մենեջերներին և պրոդյուսերներին, որոնք համակարգում և կազմակերպում են ջազի ընթացքը մեր երկրում։ Անդրադարձել ենք ակումբների գործունեությանը, ինչպես նաև ջազային բազմաթիվ փառատոների։

Հայտնի ջազային կոմպոզիտոր և դաշնակահար Հերբի Հենկոկը ՄԱԿ-ի մակարդակով հաստատել և հանրահռչակել է «Ջազի միջազգային օր» փառատոնը, որն անց է կացվում ամեն տարի տարբեր մայրցամաքներում և երկրներում, և որի գլխավոր միջոցառումը ընդգրկում է բոլոր երկրների լավագույն երաժիշտներին։

Այս տարի այն կայանալու է Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում։ Հայաստանը ներկայացնելու են կոմպոզիտոր, դաշնակահար Սամվել Գասպարյանը և թմբկահար Արման Մնացականյանը։

«Մեզ համար մեծ պատիվ է մասնակցել փառատոնի գլխավոր միջոցառմանը և կիսել բեմն աշխարհի ամենահեղինակավոր երաժիշտների հետ», — ասում է Սամվել Գասպարյանը, որը Բերքլի երաժշտական դպրոցի դասախոս է և բազմաթիվ ջազային միջազգային նախագծերի մասնակից։

Թմբկահար Արման Մնացականյանը Հայաստանի լավագույն երաժիշտներից է, համագործակցում է Հայաստանի Ջազ նվագախմբի և տարբեր ջազային ուղղություններ ներկայացնող մի շարք ջազմենների հետ։

«Իմ հետաքրքրությունները շատ լայն են․ բացի ջազից, նվագում եմ մեր օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբում, սիրում եմ էքսպերիմենտալ ջազը, ֆյուժնը և ազատ ոճի ուղղությունը։ Համագործակցում եմ գրեթե բոլոր հայտնի հայ  ջազային երաժիշտների հետ։ Ուսանել եմ Բոստոնի Բերքլի քոլեջում և քաջ գիտակցում եմ, թե ինչ պատիվ է՝ հրավիրվել «Ջազի միջազգային օրվա» գլխավոր համերգին և նվագել Հերբի Հենկոկի և այլ ջազի հսկաների հետ մի բեմում», — շարունակում է Արման Մնացականյանը։

Հայաստանի ներկայությունը միջազգային երաժշտական հարթակներում մեծ մշակութային նշանակություն ունի, երաժիշտների ներգրավվածությունը համաշխարհային ընթացքների մեջ նպաստում է մեր մշակույթի և կատարողական արվեստի հանրահռչակմանն ամբողջ աշխարհում։

Կարդացեք նաև

Back to top button