
Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվանից հետո Վատիկանի ժամանակավոր ղեկավարի պաշտոնը ստանձնել է կարդինալ Քևին Ֆարելը՝ մինչև նոր պապի ընտրությունը։ Ինչպես հայտնում CNN-ը, նա զբաղեցնում է «կամերլենգոյի»՝ պալատականի պաշտոնը, որը Վատիկանի ղեկավարն է Պապի մահվան կամ հրաժարականի և հաջորդ կաթոլիկ առաջնորդի ընտրության միջև ընկած ժամանակահատվածում։
Ֆարելը ծնվել է Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում, սակայն երկար տարիներ ծառայել է ԱՄՆ-ում և դարձել ԱՄՆ քաղաքացի։ Նա նախկինում եղել է Դալլասի եպիսկոպոս, այժմ ԱՄՆ-ից եկած ամենաբարձրաստիճան եկեղեցականն է Վատիկանի կենտրոնական վարչակազմում։
77-ամյա Ֆարելը բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում ունի Ինդիանայի Նոտր Դամի համալսարանից և հայտնի է որպես կազմակերպչական բարձր հմտություններ ունեցող հոգևորական։ Նա սահուն տիրապետում է անգլերենին և իսպաներենին, ինչպես նաև խոսում է իտալերեն և իռլանդերեն։
Ֆարելի գործունեությունը և փորձը գրավել էին պապ Ֆրանցիսկոսի ուշադրությունը։ 2016 թվականին Ֆրանցիսկոսը նրան նշանակել էր Վատիկանի ընտանիքի, աշխարհիկների և կյանքի հարցերով վարչության ղեկավար, ապա՝ կարդինալ։ Երեք տարի անց Ֆարելը նշանակվեց նաև կամերլենգո՝ ստանձնելով Վատիկանի կարևոր և պատասխանատու պաշտոններից մեկը։
Նոր պապի ընտրության համար առաջիկայում կհրավիրվի Կարդինալների ժողով (կոնկլավ), որում միայնակ իրավասություն կունենան քվեարկելու 80 տարին չլրացած կարդինալները։ Այդ ընթացքում Վատիկանի գործերը կվերահսկի Կարդինալ Ֆարելը։




