
«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով»․ աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի այս խոսքերը դարձել են ռեժիսոր Զառա Ջյանի խաղարկային վավերագրական ֆիլմի վերնագիրը։ Ֆիլմը նկարահանվել է կարճ ժամանակահատվածում և նվիրված է Փարաջանովի 100-ամյակին։
«Ֆիլմի ռեժիսորը ես եմ, պրոդյուսերը Անի Ոսկանյանը, գլխավոր շարժիչ ուժը՝ Սերգեյ Փարաջանովը, իսկ հերոսները, որոնց Փարաջանովը անցյալից մինչև ներկա է ուղղորդում՝ աշխարհահռչակ անուններ», — պատմում է Զառան։
Ֆիլմը նախորդ տարի օգոստոսին մասնակցել է Վենետիկի կինոփառատոնին, որն առանցքային նշանակություն ունեցավ ստեղծագործական թիմի համար։ Վենետիկի կինոփառատոնը համարվում է աշխարհի հնագույն կինոփառատոններից մեկը և իր հեղինակությամբ հավասարվում է Կաննի և Բեռլինի կինոփառատոններին։ Այստեղ ներկայացվելը կարևոր հարթակ է հատկապես երիտասարդ կինոգործիչների համար:
«Մենք արդեն ունեցել էինք պետական աջակցություն, ներդրել էինք մեր բոլոր ֆինանսական ռեսուրսներն այս ֆիլմը ստեղծելու համար, և Վենետիկի փառատոն գնալու հնարավորություն ստեղծվեց։ Այլևս որևէ ֆինանսական հնարավորություն չկար, չնայած ֆիլմն ուղարկել էինք ու հրավեր ստացել մասնակցության», — պատմում են ֆիլմի հեղինակները։ Հենց այս կարևոր պահին «Հրայր Հովնանյան» ընտանեկան հիմնադրամը անհատական դրամաշնորհով օգնության հասավ ստեղծագործական թիմին։


«Հիմնադրամի աջակցությամբ նաև ֆիլմի վրա աշխատած յուրաքանչյուր մասնագետ կարողացավ մեկնել Վենետիկ և մասնակցել փառատոնին, ինչը նոր կապեր հաստատելու և միջազգային ասպարեզում ֆիլմը ներկայացնելու բացառիկ հնարավորություն էր։ «Հրայր Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի անհատական դրամաշնորհը, իհարկե, նպաստեց ֆիլմի միջազգային ճանաչմանը, քանի որ թույլ տվեց հայ ստեղծագործական թիմին ներկայանալ միջազգային հարթակում և ապահովել ֆիլմի հետագա տարածումը։ Այս աջակցությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող է մասնավոր նախաձեռնությունը նպաստել հայկական կինոարվեստի զարգացմանը և միջազգային ճանաչմանը», — ասում են:
Վենետիկի կինոփառատոնում ներկայացումը թույլ տվեց ֆիլմին հայտնվել եվրոպացիների ուշադրության կենտրոնում։ Ռեժիսորն ու պրոդյուսերը նշում են, որ ֆիլմն արդեն ներկայացվել է այլ կինոփառատոնների, իսկ եվրոպական մի շարք մեդիաընկերություններ գնել են այն ցուցադրելու իրավունքը։ Ի դեպ, ֆիլմը հայ-ֆրանսիական արտադրության է։


Ֆիլմում ներգրավված են համաշխարհային կինոարվեստի նշանավոր դեմքեր՝ Էմիր Կուստուրիցա, Տարսամ Սիմխ, Ատոմ Էգոյան, Ջոել Չապրոն, Լորա Գերրա, Ալի Խամրաև, Արտավազդ Փելեշյան և ուրիշներ։ Նրանցից շատերը Փարաջանովի ընկերներն են, մյուսները նրա արվեստի մեծ սիրահարները։
«Այս ֆիլմը նրա հումորի մասին չէ, նրա բանտում ունեցած դժվարությունների մասին չէ, նրա անձնական կյանքի մասին չէ։ Ֆիլմը նրա մասին է, որ յուրաքանչյուրը պետք է իր տեղում լինի, անի իր գործը», — ասում է Զառա Ջյանը, հավելում. «Սերգեյ Փարաջանովի կենսագրությունը լի է եղել և՛ փառքով, և՛ դժվարություններով, սակայն նրա արվեստը մնացել է անժամանակ։ Այս ֆիլմը կարծես շարունակում է մեծ վարպետի փիլիսոփայությունը՝ սիրով և արվեստով վրեժխնդիր լինելու աշխարհից՝ ստեղծելով գեղեցիկը, ոգեշնչելով սերունդներին և միավորելով տարբեր մշակույթների ներկայացուցիչներին»։




