ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Վրաստանը՝ «ֆասիլիտատոր»․ Թբիլիսին նախաձեռնել է եռակողմ նոր ձևաչափ


Թբիլիսիում կայացել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Փակ ձևաչափով հանդիպմանը մասնակցել են Հայաստանի կողմից Վահան Կոստանյանը, Վրաստանի կողմից Լաշա Դարսալիան և Ադրբեջանից Էլնուր Մամեդովը: Հայաստանի արտգործնախարարությունը հանդիպմանը նախորդ օրը հակիրճ հաղորդագրությամբ տեղեկացրել էր եռակողմ  հանդիպման մասին։ Ավելի վաղ՝ ապրիլի 12–ին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ, կողմերին բանակցային և աշխատանքային հարթակ տրամադրելու պատրաստակամության մասին էր խոսել Վրաստանի արտգործնախարարը։

Վրաստանը համոզված է, որ փոխարտգործնախարարների մակարդակով իր ձեռնարկած եռակողմ հանդիպումը չի հակասում և չի փոխարինում համագործակցության գոյություն ունեցող ձևաչափերին։ Պաշտոնական Թբիլիսին  փորձում է այդպիսով մեկտեղել երեք հարևան երկրների լրացուցիչ ջանքերը՝ կառուցողական և փոխշահավետ գործակցությանը նպաստելու համար։ Սա ասված է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ։

Օրեր առաջ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ՝ կրկին եռակողմ ձևաչափով պանելային քննարկմանը, Վրաստանի արտգործնախարարն էր առաջարկել  թբիլիսյան հարթակը ծառայեցնել նման քննարկումների։

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին դեռ հունվարին էլ Երևանում հայտարարել էր, որ Թբիլիսին ցանկանում է տեսնել տարածաշրջանը խաղաղ՝ նշելով, որ պատրաստ են անել հնարավորը՝ այդ նպատակին հասնելու համար, անգամ հանդես գալ որպես ֆասիլիտատոր՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու համար։

Թբիլիսյան եռակողմ այս հանդիպումը թեև փոխարտգործնախարարների մակարդակով էր, բայց հանդիպումը բացել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։ Բացման իր խոսքում նա ձևակերպել է եռակողմ հանդիպման հիմնական նպատակը, այն է՝ ոչ թե քաղաքական խնդիրների լուծումները գտնել, այլ արդեն արձանագրված խնդիրները միասնաբար լուծել՝ օգտագործելով տարածաշրջանի ներուժը և  գործակցության տարբեր ձևերը։

Փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում արդեն Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան ասել է․

«Վրաստանը բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է հարթակ տրամադրել տարածաշրջանի իր հարևաններին բանակցությունների համար։ Մեր պետությունը ռազմավարական գործընկեր է երկուսի համար էլ»։

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Թբիլիսիում փորձել են բացահայտել երեք երկրների համար փոխադարձաբար հետաքրքիր ուղղությունները, որպեսզի  համատեղ մոտեցումներ մշակեն։

Ադրբեջանն իր հերթին է դրական գնահատել Թբիլիսիի հանդիպումը։ Արտգործնախարար  Ջեյհուն Բայրամովն ասել է, որ դրան նպաստում են նոր իրողությունները.

«Այս հանդիպման ընթացքում քննարկվում են երեք երկրներին հուզող հարցեր, դրանք երկկողմանի հարցեր չեն, քննարկվում են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ չշոշափելով մեր միջև առկա բաց հարցերը։ Ընդհանուր առմամբ, նման հարթակի ստեղծումը մենք համարում ենք դրական զարգացում»։

Նախօրեին Բաքվում Վրաստանի նորընտիր նախագահը հայտարարել էր․ մեջբերում․ «Թբիլիսին հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի»: Ադրբեջան այցից հետո՝ ապրիլի վերջին, Կավելաշվիլին երկօրյա այցով նաև Հայաստան կգա։ Բայց փորձագիտական մակարդակում չեն շտապում սա դիտարկել այն համատեքստում, որ Վրաստանը փորձում է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կնքելու հարցում։ Հայաստանի արտգործնախարարն ավելի վաղ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել էր, որ այդ հարցում Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդի կարիք չունեն։ Արարատ Միրզոյանը դա ասել էր նաև Թուրքիայի միջնորդական հնարավորությունների համատեքստում․

«Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարճ պատմությունը ցույց է տալիս, որ եղել են գործընթացին մի շարք օժանդակողներ, միջնորդներ, ինչպես Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, տարբեր երկրներ։ Բայց Հայաստան-Ադրբեջան բանակցությունների պատմությունը ցույց է տալիս, որ երբ մենք ունեցել ենք երկկողմ բանակցություններ, այդ բանակցություններն ամենահաջողն են եղել։ Ուստի, հնարավոր է, բոլոր այն երկրները, որոնք հետաքրքրված են Հարավային Կովկասում խաղաղությամբ, հետաքրքրված են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում խաղաղությամբ, կարող են մասնակցել այս գործընթացին ինչոր ձևով։ Բայց երբ խոսքը վերաբերում է կոնկրետ բանակցություններին, երբ մենք մենակ ենք՝ երկու երկրները մեկ սենյակում, մենք կարող ենք, ունենք հնարավորություն ուղիղ խոսելու, մենք ունենք շփումներ, մենք հեշտությամբ մտքեր ենք փոխանակում։ Ուստի, հավանաբար, մեզ այլ միջնորդություն անհրաժեշտ չէ։ Բայց բոլոր այն երկրները, որոնք ես նշեցի, հավանաբար՝ նաև ևս մի քանիսը, կարող են դրական ներդրում ունենալ։ Ուստի, ներգրավվածությունը չպետք է սահմանափակվի միայն բանակցությունների միջնորդությամբ»։

Արարատ Միրզոյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նաև շեշտել է, որ խաղաղություն հաստատելուն այլընտրանք չկա։ Շարունակում են հարց մնալ Խաղաղության պայմանագիրը կնքելու վայրը և ժամկետները։

«Եթե մենք ունենք խաղաղության օրակարգ, ապա ի՞նչ այլընտրանք կարող է լինել բանակցություններին։ Այնպես որ, բանակցությունները շարունակվում են: Ինչ վերաբերում է տեղին, գիտեք, դա էական չէ: Կա գաղափար այն ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մի քանի այլ մայրաքաղաքներ առաջարկում են իրենց ծառայությունները, ես չեմ բացառում որևէ բան: Ես դեռ չեմ ստացել այդ առաջարկը: Չեմ բացառում որևէ տարբերակ:
Այդ հարցով որևէ նորություն չկա։ Նրանք ասում են, որ իրենց դիրքորոշումը հետևյալն է՝ իրենք չեն պատրաստվում քննարկել այդ հարցը, քանի դեռ այս կամ այն պահանջը չի կատարվել, նախ՝ առաջինը, հետո՝ երկրորդը, հետո՝ երրորդը և այդպես շարունակ։ Սա է իրականությունը, բայց մենք շարունակում ենք շփումները նրանց հետ»։

Հայկական կողմը հիմնավորում է, որ աշխարհում չկա խաղաղության որևէ համաձայնագիր, որը կպատասխաներ բոլոր հնարավոր հարցերին։ Եթե երկու հասարակություններ ունեն թշնամանքի, բախումների պատմություն, նրանք չեն կարող ամեն ինչ լուծել մեկ փաստաթղթով։ Մեջբերում․

«Ամենայն հավանականությամբ, առաջ գնալու համար պետք է մի քիչ ավելի շատ քաջություն, մի քիչ ավելի շատ ըմբռնում և մի փոքր ավելի շատ կենտրոնացում և հավատ ապագայի նկատմամբ: Մենք նախընտրում ենք ապագան։ Դա պետք է անենք համատեղ։ Ոչ ոք դա մենակ չի կարող անել։ Բայց միասին կարող ենք հիշել պատմությունը և միևնույն ժամանակ առաջ շարժվել ու կառուցել ավելի լավ ապագա»։

Միրզոյանը մի ուշագրավ մանրամասն էլ է հայտնել․ Խաղաղության պայմանագրի կնքումը ենթադրում է նաև երկկողմ մեխանիզմի՝ հանձնաժողովի ստեղծում։ Այդ հանձնաժողովը կհետևի պայմանագրի կատարմանը, կզբաղվի բոլոր այն  դժվարություններով և անհարթություններով, որոնք կարող են և, ամենայն հավանականությամբ, կարձանագրվեն  ընթացքում։ Այլ կերպ ասած, ըստ Հայաստանի արտգործնախարարի, նպատակադրված է ձևավորել գործիքակազմ՝ կառավարելու այդ մարտահրավերները։ Հետևաբար, ակնկալիքը, թե խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ պետք է լուծված լինեն բոլոր հնարավոր հարցերը, Հայաստանի գնահատմամբ, ո՛չ արդարացի է, ո՛չ էլ իրատեսական։  

Կարդացեք նաև

Back to top button