ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Բրայլի համակարգով՝ նաև նոտաներ․ ինչպես է տեսողության խնդիրներով երաժիշտը «շոշափում և նվագում» ստեղծագործությունը

Անվանի գրադարանավարներ, գրադարանային ֆոնդի ինքնատիպ նմուշներ․ ապրիլի 14-ից 25-ը հայաստանյան գրադարանները նշում են «Ազգային գրադարանային շաբաթը»։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գրադարանային ֆոնդում պահվում են կարևոր նմուշներ՝ տեսողության խնդիրներ ունեցող երաժիշտների համար։ Դրանք նոտաներն արտացոլում են ուռուցիկ փորագրման միջոցով։

Շոշափելի՝ թղթի վրա գունանյութով տպագրված, մեզ ծանոթ գրքերի կողքին գոյություն ունի նաև բառի բուն իմաստով շոշափելի գրականություն, որը տառերով չի խոսում։

Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար բրայլի գրերը ֆրանսիացի Լուի Բրայլի կողմից ստեղծվել են 1824թ.-ին։ Արևմտահայերենն ու արևելահայերենը նույնպես այդ համակարգով գրել-կարդալու լեզուներ են։ Բացի գրայինից՝ գոյություն ունի նաև բրայլի նոտային համակարգը։ Թույլ կամ վատ տեսողությամբ երաժիշտները նոտաները նախ շոշափում են, հետո երաժշտական գործիքով արտաբերում են ստեղծագործությունը։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում առկա է այդ ինքնատիպ գրքերից 2 նմուշ՝ պատմում է կառույցի երաժշտական գրադարանի թվայնացման բաժնի ղեկավար, մասնագիտությամբ երաժիշտ Անի Մուշեղյանը։

«Անգամ 21-րդ դարի այս տեխնիկական  գերհագեցած հոլովույթում Բրայլի նոտային գիրն ունի իր արժանվույն տեղը, թեև մեծ կիրառություն ունեն նաև աուդիոգրքերը»։

Հայ գրականագետ, բանասեր, թարգմանիչ, 1956թ.-ին հայկական առաջին բրայլյան գրքերի հրատարակության հեղինակ Ալբերտ Մուշեղյանի երաժիշտ թոռնուհին ասում է՝  կույր երաժիշտները նոտաները շոշափում են ցուցամատերի միջոցով․ նրանք դա անում են շատ վարժ, ուստի ստեղծագործությունները նվագելիս դադարներ չեն լինում։

«Սա, իհարկե, տեսնող ընթերցողի պարագայում մի փոքր ավելի ժամանակատար է, որովհետև, եթե տեսնող դաշնակահարը նոտան ընթերցում է և վերարտադրում  դաշնամուրի, ջութակի կամ այլ գործիքի օգնությամբ, ապա կույր երաժշտի պարագայում նախ պետք է սերտել այն տեքստը, որն ուռուցիկ տառերով ներկայացված է, հետո այն վերարտադրել գործիքի վրա»։

Բրայլյան նոտային ու տառային համակարգով գրքերը, սակայն, առանձնահատուկ ուշադրություն են պահանջում։ Գրադարանների դարակաշարերում դրանք հնարավոր չէ պահել սովորական գրքերի նման։ Պինդ սեղմելու դեպքում ուռուցիկ նոտաներն ու տառերը կարող են հարթվել և անընթեռնելի դառնալ։ Բացված պահելու դեպքում էլ իր գործը կանի փոշին։

«Առանձնահատուկ խնամքի կարիք ունեն՝ լինի նոտային գրականություն, թե պարզապես գեղարվեստական։ Երկար գործածության՝ շոշափելիքի միջոցով շոշափվելու հետևանքով մաշվում են ուռուցիկ տառերը, և ցավոք գրականությունը գործածությունից շուտ է դուրս գալիս»։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում պահվող բրալյան համակարգով նոտագրերը կույրերի համար նախատեսված մոսկովյան հրատարակության ուսուցման մեթոդական ձեռնարկի 2 հատորյակներն են։ Անի Մուշեղյանը դրանք կարևոր նմուշներ է համարում՝ հանրապետությունում նման գրականության սակավ լինելու պատճառով։

«Ցավոք, նոտային գրականությունը սակավաթիվ է հայաստանյան մասշտաբով, և այդ պատճառով գալիս են ընկերակցելու աուդիոգրքերը։ Այս առումով նրանք իրենց պատշաճ տեղն ունեն ոչ միայն կույրերի, այլև տեսնողների շրջանում։ Երբ որևէ գրքի թղթային տարբերակը չենք կարողանում ունենալ, ապա գոնե բավարարվում ենք աուդիո տարբերակով դա ավելի լավ է, քան ոչինչ չունենալը»։

Տեսողության խնդիրներ ունեցող երաժիշտների համար ուսումնական ձեռնարկներից զատ կարևոր են նաև ուսուցիչները։ Կրթություն ստանալու հարցում նրանց  օգնում են տիֆլոմանկավարժները։

«Կախված նրանից, թե կույր երաժիշտն ում ձեռքերում է հայտնվել՝ նրան կարող են մեծ բեմեր սպասել կամ հակառակը։ Ի բարեբախտություն մեզ, կույրերի երևանյան դպրոցը մասնագետների մեծ զինանոց ունի, որն այսօր էլ կարողանում է իր կոնսերվատորիական կրթության հավակնող ուսանողներ նախապատրաստել»։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարանի թվայնացման բաժնի ղեկավարը պատմում է՝ վարդապետի աշակերտներից  կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանն էլ է թույլ տեսողություն ունեցել։ Նա էլ չափերով մեծ տառերի օգնությամբ է տեքստեր գրել և կարդացել։ Կոմիտասի հիվանդությունից հետո հենց Կանաչյանն է վերահիմնադրել վարդապետի «Գուսան» երկսեռ երգչախումբը։

Կարդացեք նաև

Back to top button