Էկոսֆերա

Հայաստանի աղբավայրերի թաքնված վտանգները․ «Էկոսֆերա»

  • Ինչպիսի՞ էկոլոգիական և առողջական խնդիրներ են առաջացնում բաց աղբավայրերը։
  • Ինչո՞ւ է անհրաժեշտ դրանց փակումը կամ թվի կրճատումը։
  • Ի՞նչ ծրագրեր կան մշակված այս ուղղությամբ։

Համաձայն 2017-18թթ․-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի Հայաստանում իրականացված գույքագրման աշխատանքների, Հայաստանում կան 297 գործող աղբավայրեր։ Այժմ գույքագրման նման ծավալուն աշխատանքներ չեն իրականացվել, սակայն համայնքների փոխանցած տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում շահագործվող աղբավայրերի թիվը չի գերազանցում 100-ը։  

ՀՀ տարածքային  կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  կոշտ կենցաղային թափոնների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Վահան Պոտոսյանի խոսքով՝ այս եռակի նվազումը կապված է համայնքների խոշորացման գործընթացի հետ․

«Այս եռակի նվազումը ավելի շատ կապված է եղել մինչև 2022 թ․-ը իրականացված համայնքների խոշորացման գործընթացի հետ։ Եվ համայնքների թիվը նվազել է։ Խոշորացած համայնքները, որոնք նախկինում որպես առանձին փոքր բնակավայրեր շահագործել են մեծ թվով փոքր աղբանոցներ, ներկայումս այդպիսի փոքր աղբավայրերը չեն շահագործվում արդեն իսկ խոշորացված համայնքների կողմից։ Աղբը կենտրոնացված ձևով տարվում է առավել մեծ աղբավայրեր։ Կառավարման տեսանկյունից, իհարկե, ավելի հեշտ է, բայց, դա նաև ենթադրում է նմանատիպ աղբի կուտակման պարագայում պարտադիր հողածածկման աշխատանքների իրականացում, որպեսզի բացառվեն աղբի ինքնաայրման դեպքերը»։

Սակայն սա չի նշանակում, որ նախկինում շահագործված աղբավայրերն այլևս գոյություն չունեն։ Դրանք պարզապես գումարվել են չգործող աղբավայրերի թվին։ Իհարկե, կան համայնքներ, որոնք սեփական ուժերով փակում են փոքր աղբավայրերը կամ աղբանոցները։ Այդուհանդերձ, տարիներ շարունակ կուտակված աղբը մնում է տեղում՝ հողի տակ, թե հողի վրա։ Այն էական վնաս է հասցնում շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը։ Շիրակի մարզից «Բիոսոֆիա» ՀԿ նախագահ Գևորգ  Պետրոսյանը մեզ հետ զրույցում թվեց՝ ինչպիսի վնասներ են հասցնում աղբավայրերը․

«Անձրևի ժամանակ աղբը լուծվում է այդ ջրերի հետ, այնուհետև ներծծվում ընդերքի ջրերի մեջ, եթե տարածքում ջրահոսքեր կան՝ կարող է ջրահոսքերով գնալ, հողը ներծծվում է թունավոր նյութերով։ Բնապահպանական ռիսկերն են՝ հողի, օդի, ջրի ուղղությումբ։ Մյուս կարևոր մասը՝ մարդու առողջության վրա ազդեցությունն է։ Արդեն այդ 3 ճանապարհներով տարածվող վնասակար նյութերը, իհարկե, մարդկանց առողջության վրա էական ազդեցություն են թողնում։ Դրանք վերին շնչուղիների ու շնչառական օրգանների հիվանդություններ կարող են առաջացնել»։  

Իրավիճակն էլ ավելի է սրվում, քանի որ մի կողմից գործող աղբավայրերի ծավալներն են մեծանում, մյուս կողմից էլ՝ բնակավայրերն են այսպես ասած՝ մոտենում աղբավայրերին։ Ասենք, Գյումրի քաղաքի աղբավայրը գտնվում է բնակելի շենքերի անմիջապես հարևանությամբ։ Բնակիչներն իրենց լուսամուտներից տեսնում են աղբի մեջ կեր փնտրող կենդանիներին ու թռչուններին, իսկ լուսամուտը բացելիս՝ շնչում են հոտը։ Աղբավայրերն ունեն ինքաայրման հատկություն, որոնք առաջացնում են տհաճ հոտ և վտանգավոր նյութեր ատանետում մթնոլորտ։ Նախարարության ներկայացուցիչը  սակայն ընդգծում է, որ հաճախ  աղբավայրերն այրվում են դիտավորությամբ։

Ի՞նչ պետք անել, ո՞րն է լուծումը։ Շիրակի մարզից մեր զրուցակիցը համոզված է՝ համայնքներն իրենց միջոցներով չեն կարող լուծել ո՛չ աղբավայրերի, և ո՛չ էլ աղբի գրագետ կառավարման խնդիրը։ Այս հարցում անհրաժեշտ է կառավարության ներգրավվածությունը․

«Բարձր էկոլոգիական մշակույթը ձևավորվում է հենց պետական քաղաքականության ու համայնքային քաղաքականության արդյունքում։ Այն չի կարող ինքնուրույն ձևավորվել, չկա նման ազգ, որը լավն է, ինքնուրույն, դա անում է՝ առանց պետական կարգավորման։ Կարծում եմ, որ պետությունը իր հերթին պետք է մասնակցություն ունենա, ներառի կրթության ոլորտ, բարձրացնի իրազեկվածության մակարդակը՝ սկսած մանկապարտեզից։ Երկրորդը՝ պետք է ուժեղ վերահսկողական համակարգ ստեղծվի, պատժիչ միջոցառումներին կարևոր տեղ տրվի։ Զուգահեռ՝ պետք է  նաև խրախուսման միջոցառումներ իրականացվեն։ Համայնքներն այսօր բազմաթիվ բացեր ունեն և իրենց ներկա բյուջեով չեն կարող այդ հիմնախնդիրին արմատական լուծում տալ, հատկապես աղբավայրերի հետ կապված։ Պետությունը պիտի այդ հատվածում օգնի, ստեղծի սանիտարական աղբավայր, որոշակի մեխանիզմներ, թափոնների վերամշակման ու նաև թափոնների վերօգտագործման կարողությունները զարգացնող փոքր ու միջին բիզնեսներ»։

Խնդիրների այս թնջուկում մեղավորներ փնտրել պետք չէ, քանի որ անվերջ կարելի է «զանգը ինչ-որ մեկի վզից կախել», բոլորին մեղադրել՝ շարքային քաղաքացուց սկսած մինչև վերին՝ պատասխանատու օղակներ։ Այժմ կարևոր է, թե ինչ քայլեր են արվում, որպեսզի աղբավայրերի խնդիրը թեկուզ ոչ մոտ տեսլականում, բայց այնուամենայնիվ, լուծում ստանա։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասնագետ Վահան Պոտոսյանի փոխանցմամբ՝ Հայաստանում առաջին սանիտարական աղբավայրը շուտով, ամենայն հավանականությամբ՝ մայիս մասին, կշահագործվի։ Այն գտնվում է Հրազդանում և սպասարկելու է երկու մարզերին՝ Կոտայք և Գեղարքունիք։ Մյուս մարզերի համար ևս կան ծրագրեր:

Ի՞նչ խնդիր է լուծելու սանիտարական աղբավայրը, Գևորգ Պետրոսյանի համոզմամբ՝ վերհանված խնդիրները որոշակիրոեն կմեղմվեն:

Ամեն դեպքում, զուգահեռ  պետք է մշակվի այնպիսի հայեցակարգ, որը կխրախուսի կամ կպարտադրի թափոնների նվազեցումը։ Ի վերջո՝ սանիտարական աղբավայրը լավագույն դեպքում կարող է շահագործվել 20-25 տարի, իսկ եթե բնակիչները կրճատեն թափոնների քանակությունը, որը տեսականորեն հնարավոր է, ապա նման աղբավայրերի «կյանքը» կերկարի։

Կարդացեք նաև

Back to top button