Հասարակություն

Սարահարթը Հայաստանի քարտեզից դուրս է մնացել, ասում են տեղացիները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ծննդավայրում՝ հյուրի կարգավիճակով: Լոռու մարզի Սարահարթ համայնքի բնակիչներն այսպես են բնութագրում իրենց ու պարզաբանում՝ ավելի շատ դրսում են լինում, քան՝ գյուղում:  Շատերն են Սարահարթից արտագնա աշխատանքի մեկնում, նրանց մի մասը վերադառնում է, մյուս մասը՝  մոռանում  անգամ ընտանիքին:  Տեղացիները նաև վստահ են՝   հանրապետությունում քչերը գիտեն իրենց գյուղի մասին։

Տեղացիների բնութագրմամբ քարտեզից դուրս  է մնացել  Սրահարթ համայնքը: Նրանց,  մեղմ ասած,  հոռետեսական տրամադրությունները  սոցիալական ոչ բարվոք պայմաններով են բացատրվում:   Մինչ Արարատյան դաշտավայրում երանելի զով  եղանակի մասին  ենք երազում,  Սարահարթում ձմռան շունչն աստիճանաբար զգացնել է տալիս:  Տեղացիներն արդեն հարմարվել են։ Միակ չհարմարվողները Երևանից այնտեղ գնացող բարձրաստիճան պաշտոնյաները կամ հյուրերն են։ «Մենք սովորել ենք կլիմային, բայց որ դուք Երևանիս գալիս եք, մրսում եք: Ձմեռը չորս հատ վերմակ ենք գցում, վառելու ոչինչ էլ չկա, գազն էլ թանկ է»,- ասում են։

Սարահարթցիներն ապրում են նույն դժվարություններով, ինչպես մեր երկրի հեռավոր գյուղական մյուս համայնքներում։ Առիթն էլ  բաց չեն թողնում ու պատմում են  իրենց հոգսերի ու խնդիրների մասին : Վեց ամիս ձմեռ ու ձյան հաստ շերտ, մայիսից անձրևներ ու խոնավություն, բարձրացված գազի ու էլեկտրաէներգիայի սակագին: Կարտոֆիլ ու հացահատիկային կուլտուրաներ են աճեցնում, սակայն, մշտական վախ ապրում,  թե  բնությունն ինչ անակնկալներ կմատուցի: Գյուղացիները նույնիսկ վարկեր չեն կարողանում վերցնել: Նրանց հետ  զրույցներն ակամա տանում են դեպի  մշտական աշխատանք ունենալու  թեման։ Ի՞նչը  կուզանեյիք փոխվեր ձեր գյուղում, հարցի պատասխանն էլ է նույն թեմայի շարունակությունն  . «Կուզենայիք, որ փոխվեր։ Ոնց առաջ էր, աշխատատեղեր լինեին՝ աշխատեինք։ Լավ բաներ ենք ուզում, որ լինեն: Շատերն են գնում դրսում աշխատելու, գնում են, որ պարզվում է այնտեղ էլ են խնդիրների առջև կանգնում:  ՌԴ-ում էլ  ֆինանսական ու այլ հարցերի կրիզիս է։ Ի՞նչ տարբերություն: Երիտասաարդները բոլորը մեկնում են արտագնա աշխատանքի, կանայք էլ մնում են տանը»,- ասում են։

Այստեղ մարդիկ չեն ապրում, ինչպես իրենք են ասում « յոլա են գնում»։ Գյուղը չի զարգանում, հողն էլ չեն կարողանում մշակել, ամեն ինչ շատ թանկ է, գյուղտեխնիկան էլ՝ հին:  Հայրենի գյուղում տեղացիները «հյուրի»  կարգավիճակում են:  Գյուղի տղամարդկանց հիմնական մասն արտագնա աշխատանքի է մեկնում՝   բնակավայրի պահպանությունը թողնելով կանանց և երեխաներին: Առայժմ մենկողների  հիմնական մասը ձմռանը վերադառնում է, սակայն, Սարահարթում  վստահ են, արտերկրում աշխատանքային պայմանները բարելավելու դեպքում տղամարդիկ գյուղից դուրս կգան ընտանիքներով ու էլ չեն վերադառանա։

 

 

 

Back to top button