
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների մասնակցությամբ պանելային քննարկում է տեղի է ունեցել, որի առանցքում են եղել Հարավային Կովկասում զարգացումները:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ անցյալը չափազանց խորը վերհիշելը այս պահին կառուցողական չի լինի և կարող է նոր լարվածություններ առաջացնել։ Միրզոյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարություններին, թե խաղաղաության համաձայնագիրը ստորագրելու համար անհրաժեշտ է, որ Մինսկի խումբը լուծարվի, և Հայաստանի Սահամանադրության մեջ փոփոխություններ արվեն, քանի որ այն, իբր, տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ:
«Ես կուզենայի, որ մենք կենտրոնանայինք ներկայի և ապագայի վրա։ Եթե մենք շարունակենք քննարկել պատմական հակասությունները՝ ով որ տարածքն է ունեցել 100 տարի առաջ, կամ ով է ավելի շատ այլազգի սպանել, ապա արդյունքում նոր հակամարտություն կունենանք»,- նշել է Միրզոյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության և հայ ժողովրդի ցանկությունն է կայուն և երկարատև խաղաղության հաստատումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և համագործակցության վրա։
«Մենք, մեր կողմից, ձգտում ենք կառուցել երկարատև խաղաղություն և համագործակցություն մեր տարածաշրջանում։ Պետք է դուրս գալ պատմության ծանրությունից և առաջ շարժվել՝ լուծելով այսօրվա իրական խնդիրները»,- հավելել է ՀՀ ԱԳ նախարարը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացի շրջանակներում Երևանն առաջին հերթին կարևորում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը։
Նրա խոսքով՝ երկարատև բանակցություններից հետո Հայաստանն ու Ադրբեջանը հաջողությամբ համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը։
«Այո՛, երկար բանակցություններից հետո մենք հաջողությամբ համաձայնեցրինք խաղաղության պայմանագրի տեքստը։ Մենք նաև առաջարկել ենք անմիջապես սկսել մշտական խորհրդակցություններ՝ պայմանագրի ստորագրման վայրի և ժամկետի հստակեցման համար»,-նշել է Միրզոյանը։
Նա ընդգծել է, որ այդ պայմանագիրը չի կարող տալ բոլոր հնարավոր հարցերի պատասխանները։
«Բնական է, որ այս փաստաթղթով հնարավոր չէ տալ բոլոր հարցերի պատասխանը։ Կարծում եմ՝ աշխարհում չկա այնպիսի պայմանագիր, որը բոլոր խնդիրները ամբողջությամբ լուծի։ Բայց սա մեկնարկ է, որը կարող է հիմք դառնալ հարաբերությունների զարգացման համար»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։
Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը կարևոր քայլ է, սակայն գործընթացը դրանով չի ավարտվում։
Նրա խոսքով՝ կողմերը պատրաստ են շարունակել բանակցությունները բոլոր մնացած հարցերի շուրջ և ուսումնասիրել նոր համագործակցության հնարավորություններ։
«Սա միայն սկիզբն է։ Պայմանագրի տեքստում ներառված է դրույթ, որի համաձայն՝ ստեղծվելու է երկկողմ հանձնաժողով՝ բոլոր մնացած հարցերը քննարկելու համար։ Այդ հանձնաժողովը կքննարկի նաև հնարավոր տարաձայնությունները պայմանագրի այս կամ այն դրույթի մեկնաբանության շուրջ կամ այլ հարցեր, որոնք կարող են առաջանալ գործընթացի ընթացքում», նշել է նախարար Միրզոյանը։
Նա ընդգծել է, որ սա որոշման և մոտեցման հարց է։
«Ինչ ենք մենք՝ որպես արտաքին գործերի նախարարներ, առաջարկում մեր հասարակություններին, ինչ ենք առաջարկում տարածաշրջանին և աշխարհին։ Սա խաղաղության և համագործակցության կառուցման նոր հնարավորություն է, որը պետք է օգտագործել»,- հավելել է նա։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ համագործակցությունը կամքի և ընտրության հարց է։ Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է գործնական քայլերի և հարևանության տրամաբանությամբ կառուցված խաղաղության։
«Կարելի է սպասել ևս 200 տարի կամ սկսել կառուցել ամուր հիմքեր այսօր։ Մենք ընտրում ենք համագործակցությունը, բայց չենք կարող համագործակցել ինքներս մեզ հետ։ Պետք է նաև մեր հարևանը պատրաստ լինի համագործակցության։ Մեկ կողմի ջանքերը բավարար չեն»,-նշել է Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանը վերջերս կոնկրետ առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին՝ կապի ուղիների բացման վերաբերյալ։ Ըստ այդ առաջարկի՝ Ադրբեջանը կստանա մուտք Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքներին, իսկ Հայաստանը՝ մուտք Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ենթակառուցվածքներին։
«Այս առաջարկը ցույց է տալիս մեր պատրաստակամությունը իրական համագործակցության։ Հարևանությունը ենթադրում է փոխադարձ շահագրգռվածություն և պատասխանատվություն»,-հավելել է նախարարը։
Միրզոյանի խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության և համագործակցության հիմքերն արդեն գոյություն ունեն, և կողմերը պատրաստ են անցնել նոր մակարդակի երկխոսության և հարաբերությունների զարգացման։
Ըստ Միրզոյանի կարևորը հասկանալն է՝ ի՞նչ ուղի ենք ընտրում․ անցյալի մեջ խրվե՞լ, թե՞ միասին կառուցել ապագա՝ հանուն մեր քաղաքացիների բարեկեցության։
«Մենք վստահ ենք, որ այսօր առկա են բոլոր դրական նախապայմանները՝ խաղաղության պայմանագրի ստորագրման, երկխոսության նոր փուլ սկսելու և Հարավային Կովկասում ու դրանից դուրս խաղաղության և համագործակցության նոր դարաշրջան բացելու համար»,-նշել է նախարար Միրզոյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը կողմ է տարածաշրջանային բարեկեցություն ապահովող լուծումներին և խաղաղ զարգացման հեռանկարին։
«Սա մեր մոտեցումն է։ Սա է այն ուղերձը, որը մենք ցանկանում ենք հղել մեր հասարակություններին, տարածաշրջանին և միջազգային հանրությանը։ Խոսքը խաղաղ հարևանության և նոր համագործակցության դարաշրջանի մասին է»,-նշել է Հայաստանի ԱԳ նախարարը։
Պատասխանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի ԵԱՀԿ ՄԽ լուծարելու պահանջին, ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանը բազմիցս արտահայտել է իր պատրաստակամությունը Մինսկի խմբի լուծարման գործընթացը սկսելու վերաբերյալ։
Նրա խոսքով, սակայն, այն կարող է լուծարվել միայն այն դեպքում, երբ առկա չէ հակամարտություն։
«Սա կարևոր հարց է՝ մենք հիմա ունե՞նք հակամարտություն, թե՞ ոչ։ Գետնի վրա՝ ոչ, մենք չունենք դե ֆակտո հակամարտություն։ Փաստաթղթերի վրա՝ մենք դեռ չունենք խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին ստորագրված պայմանագիր»,-ընդգծել է Միրզոյանը։
Նրա գնահատմամբ՝ այս հարցի շուրջ կարելի է երկար քննարկել և վերլուծել, բայց Հայաստանի համար լուծումը հստակ է։
«Պետք է ստորագրել խաղաղության պայմանագիրը, ինստիտուցիոնալ կերպով վերջ դնել հակամարտությանը և նույն օրը՝ եթե ցանկություն կա՝ նույն 10 րոպեի ընթացքում, լուծարել այդ կառույցները։ Ինձ համար նույնիսկ կարևոր չէ, թե որ փաստաթուղթը առաջինը կստորագրվի»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը։
Նա նշել է, որ սա Հայաստանին համարում է գործընթացի տրամաբանական և միակ ճիշտ լուծումը՝ ապահովելու կայունություն և խաղաղություն տարածաշրջանում։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն վերջին տարիներին շարունակել է հաջողությամբ իրականացնել խոշոր էներգետիկ և տրանսպորտային նախագծեր՝ ընդլայնելով տնտեսական համագործակցությունը տարբեր երկրների հետ։
Նրա խոսքով՝ Հարավային գազային միջանցքի երկրորդ փուլից հետո Ադրբեջանի գազն արտահանվում է արդեն 12 երկրի՝ նախորդ 2-ի փոխարեն։
Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն զարգացնել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ։
Նրա համոզմամբ՝ տարիներ շարունակ Հայաստանը դուրս է մնացել այս նախագծերից իր քաղաքական դիրքորոշման պատճառով։
«Դժվար է պատկերացնել, որ երբ կոնֆլիկտ ունես և քո տարածքները օկուպացված են, կարող ես տնտեսական համագործակցության մեջ մտնել նման իրավիճակում գտնվող երկրի հետ»,- նշել է Բայրամովը։




