
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ փոխնախագահ, Հայաստան–Թուրքիա բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մասնակցում են Անթալիայի դիվանագիտական 4-րդ ֆորումին։ Դիվանագիտական այդ համաժողովն այս տարի կրում է «Վերականգնել դիվանագիտությունը մասնատված աշխարհում» խորագիրը։
Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 140 երկրների 20-ից ավելի նախագահ և վարչապետ, ավելի քան 50 երկրների ԱԳ և այլ ոլորտների նախարարներ, հարյուրավոր հյուրեր։ Միջոցառմանը մասնակցում են նաև մոտ 60 միջազգային կազմակերպություններ։ Պանելային քննարկումներից մեկին որպես բանախոս հանդես է գալու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն ապրիլի 12-ին, Երևանի ժամանակով 13։00-ին։ Նախարարները քննարկելու են Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները: Քննարկմանը կմասնակցի նաև Միջազգային ճգնաժամային խմբի՝ Թուրքիայի գրասենյակի տնօրեն Նիգյար Գյոքսելը: Դիվանագիտական ֆորումի պաշտոնական կայքում՝ քննարկման ազդագրում, գրված է․
«Հարավային Կովկասը կանգնած է կայունության պատմական հնարավորության առաջ՝ վերջին փոփոխություններից հետո, ներառյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում առաջընթացը և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շարունակական ջանքերը: Այս ջանքերը, տարածաշրջանային համագործակցության մեջ Վրաստանի աճող դերին զուգահեռ, զգալի հեռանկարներ են տարածաշրջանի ապագայի համար»:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը ճիշտ է համարում Հայաստանի կառավարության որոշումը մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ակնկալում է, որ խաղաղության ուղերձներից բացի՝ արտգործնախարար Միրզոյանի խոսքում կլինեն նաև թիրախային այլ ուղերձներ․
«Այո՛, համոզված եմ, որ Դուք պետք է խաղաղության մեսիջ ուղարկեք, որ մենք կստորագրենք պայմանագիրը, պատրաստ ենք հենց այս պահին, որ ազդակ տաք, Ադրբեջանին ստիպեք, որ ստորագրի։ Բայց անպայման ելույթի մեջ պետք է լինեն մի քանի «կծու» խոսքեր Ալիևի քաղաքականության մասին․ նախապայմանները, որ Ալիևը դնում է, սպառնում է մեզ։ Անպայման պետք է հենց այդ մեծ ֆորումին, հենց Անթալիայում ասեք, որ մենք մտահոգված ենք։ Անպայման մենք պետք է «ատամ ցույց տանք»․ չսրենք հարաբերությունները, լեզվակռվի մեջ չմտնենք։ Դրականը ասում ենք, բայց միաժամանակ ասում ենք, որ ձգձգում է հենց Ադրբեջանը»։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այդ այցի շրջանակում նաև երկկողմ հանդիպումներ կունենա:

Ուշագրավ է, որ ապրիլի 10-ին՝ նախքան դիվանագիտական ֆորումի մեկնարկը, հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարներ Վահան Կոստանյանն ու Բերիս Էքինջին։ Հանդիպումից հետո Կոստանյանը X-ի միկրոբլոգում գրել է, որ կարևոր քննարկում է ունեցել՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման և հնարավոր համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու վերաբերյալ։ Թե որ ոլորտներն են շոշափվել, փոխարտգործնախարարը չի բացահայտել, ինչպես նաև պարզ չէ, թե արդյոք այդ հանդիպումը նախապատրաստական է եղել հնարավոր երկկողմ շփումների հարցերը և օրակարգը համաձայնեցնելու համար։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը դեռևս դժվարանում է Հայաստան-Թուրքիա համագործակցության նոր ոլորտներ առանձնացնել։ Այս փուլում նա կարևորում է մեկ այլ հարց, որն առնչվում է հենց Թուրքիայի միջազգային հեղինակությանը, որը, ըստ փորձագետի, տուժում է Ադրբեջանի տարածաշրջանային քաղաքականությունից․
«Պետք է սպասել, հասկանալ, թե ինչ ոլորտների է վերաբերում։ Ես կարող եմ կանխատեսել միայն, որ խոսքն ավելի շատ վերաբերում է հումանիտար ոլորտների․ երկկողմ հասարակական տարբեր ոլորտների ներկայացուցիչների ինչ-որ շփումներ կամ ինչ-որ ակտիվություն կամ մշակութային-պատմական ինչ-որ թեմաների շուրջ կարող են լինել։ Շատ ուրախ կլինեմ, որ բովանդակային այլ առումներով ավելի հետաքրքիր ոլորտներում ևս պայմանավորվածություն և ամենակարևորը՝ պայմանավորվածությունների իրականացման հեռանկարներ ու հնարավորություններ լինեն։ Բայց այս պահին ես դրանք չեմ տեսնում, որովհետև մնացած բոլոր առումներով գործընթացը սերտորեն փոխկապակցված է Ադրբեջան-Հայաստան կարգավորման հետ։ Ըստ էության՝ գործընթացը հայտնվել է փակուղում, և պարզ է, որ երկար ժամանակ այսպես շարունակվել չի կարող։ Փաստացիորեն այդ երկիրը ավելի ու ավելի ակնհայտ կերպով դիրքավորվում է որպես շատ ավելի փոքր պետության՝ Ադրբեջանի «շահերի գերի», որի հետևանքով ոտնահարվում են թե՛ Թուրքիայի ռազմավարական շահերը, թե՛ միջազգային իմիջն ու հեղինակությունը»։
Անթալիայի դիվանագիտական ֆորումի աշխատանքների առաջին օրվա առաջին երկկողմ հանդիպումներից մեկը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների միջև էր։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «նախագահ Էրդողանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացի կապակցությամբ, նշել է, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանին տեսնել որպես Հարավային Կովկասում խաղաղության ճարտարապետ և հավելել է, որ Թուրքիան զգուշորեն շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը»։
Ֆորումի աշխատանքների առաջին օրը հանդիպել են նաև Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։ Հանդիպումից հետո Ռուբինյանը X–ի միկրոբլոգում գրել է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում է ունեցել Քըլըչի հետ։
Հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա՝ «ՌԻԱ Նովոստի»-ին իր հերթին ասել է Քըլըչը։ Նրա խոսքով՝ իրենք ցանկանում են զարգացնել գործընթացը, կապի մեջ են Երևանի հետ, բայց այս պահին կոնկրետ ժամկետ չկա։




