Ժամանակակից աշխարհում այս մասնագիտությունը հեղինակավոր է, պահանջված․ որքան մեծ տեմպերով է զարգանում տնտեսությունն, այնքան աճում է այս մասնագիտության պահանջարկը ու չնայած անհրաժեշտ է անընդմեջ ուսուցում, վերապատրաստում, մասնագիտական զարգացում, աշխատատար է ու բարդ, բայց միևնույն ժամանակ եկամտաբեր է ու անչափ հետաքրքիր:
Աուդիտ. կազմակերպության, համակարգի գործունեության, ծրագրի և արդյունքի անկախ գնահատման գործընթաց, ֆինանսական վերահսկողության ձևերից մեկը, որի անհրաժեշտությունն առաջացել է դրամական հարաբերությունների և ապրանքափոխանակման առաջացմանն ու զարգացմանը զուգահեռ։
Կազմակերպության ֆինանսական տեղեկատվության, գործարքների կամ գործընթացների անկախ հետազոտման և գնահատման համակարգված գործընթաց, որը հաստատում է դրանց ճշգրտությունը, օրինականությունը և սահմանված չափանիշների համապատասխանությունը՝ ապահովելով ֆինանսական կայունություն, բացահայտելով ձեռնարկության հաշվապահական գործունեության հնարավոր սխալները:
Ամենահին վկայություններն աուդիտի վերաբերյալ հայտնաբերվել են Չինաստանում՝ դեռևս մ.թ.ա. 700 թվականին: Ժամանակակից աուդիտը 20-րդ դարի ընթացքում անցավ աստիճանական զարգացման փուլեր՝ հաստատողական, վերահսկողական և խորհրդատվական:
Բարձր գիտելիքներից և հարուստ փորձից զատ անբասիր ազնվությունը, օբյեկտիվությունը, անկախությունը, գաղտնապահությունը, վերլուծական մտածողությունը, անկողմնակալ շփումն արհեստավարժ աուդիտորի հիմնական հատկանիշներից պետք է լինեն:
«Մասնագիտություն» հաղորդման հյուրը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կիրառական ֆինանսների ֆակուլտետի փոխդեկան, կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Տիգրան Մանուկյանն է:




