ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

100 ցանկացողից՝ 5 արժանի․ տնօրեն նշանակվել է 437 դպրոցից 138-ում

Հայաստանյան դպրոցների տնօրենի 437 թափուր հաստիքից ներկայումս համալրված է միայն 138-ը՝ մոտ 30 տոկոսը։ Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով այս առումով իրավիճակը, հայտարարել է, որ մրցույթի առաջին՝ զարգացման ծրագրերի փորձաքննության փուլում դրական գնահատական է ստանում դիմողների ընդամենը 13 տոկոսը, իսկ վերջիններիս միայն 30 տոկոսն է կարողանում հաղթահարել երկրորդ՝ բանավոր հարցազրույցի փուլը։ Կառավարությունը փնտրում է թափուր հաստիքները համալրելու ուղի՝ առանց առաջադրված պահանջները մեղմացնելու ճանապարհով։

***

Առաջիկա 30 վայրկյանին դուք կլսեք 3 հարց ու 3 «այո» պատասխան, որոնք, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ներկայացնում են, մասնավորապես՝ կրթական, առհասարակ՝ բոլոր ոլորտներում կառավարիչների մասնագիտական որակը։ Պատասխանողը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է։

— Դպրոցներին միայն 30 տոկոսում ենք մինչև այս պահը կարողացել նշանակել տնօրեն։ Ես ճի՞շտ հասկացա Ձեզ։
— Այո։
— 100 թեկնածուից 13-ն է հաղթահարում դպրոցի զարգացման ծրագրի պաշտպանության փուլը։ Ես ճի՞շտ հասկացա Ձեզ։
-Այո։
— 13 հոգուց 5-ը կամ նույնիսկ ավելի քիչն է, որ հաջորդ փուլում նշանակվում է տնօրեն, համապատասխանում է չափանիշներին։
— Այո։
— Ստացվում է, որ 100 հավակնորդից 5 հոգին է, որ մեր ստանդարտին համապատասխանում է։

Վերջին հարցին ևս Ժաննա Անդրեասյանը դրական պատասխան է տալիս։ Փաշինյանի կարծիքով՝ այս խնդիրն առկա է բոլոր ոլորտներում։

«Եթե էսպիսի մի թեստ էլ մենք անցնենք, նույնը մեզ հետ է լինելու։ Խնդրում ենք ինքներս մեզ չխաբենք։ նույն էլ մեզնից առաջների հետ էր լինելու։ Նույնն էլ նրանցից առաջների հետ էր լինելու»։


2023-ին ներդրվել է տնօրենների նշանակման եռափուլ համակարգ։ Ըստ այդմ՝  դպրոցի տնօրեն դառնալ հավակնող մարդը նախ պետք է անցնի հավաստագրման գործընթաց, այնուհետև ներկայացնի այն դպրոցի զարգացման ծրագիրը, որն ակնկալում է ղեկավարել-զարգացնել։ Եթե մրցույթով ընտրված անկախ փորձաքննող կազմակերպությունը որոշի, որ զարգացման ծրագիրը համապատասխանում է չափանիշներին, ապա թեկնածուի համար կնախատեսվի երրորդ՝ հարցազրույցի փուլը։ Այն անցկացնում է նախարարության ու լիազոր մարմինների անդամներից կազմված հանձնաժողովը։

Ժաննա Անդրեասյանն ասում է՝ գործնական փուլում 23-ին ներդրված համակարգում մի շարք խնդիրներ են ի հայտ եկել, դրական է պատասխանում «փորձաքննության փուլում ընտրված թեկնածուների ընդամենը 38 տոկո՞սն է հաղթահարում հարցազրույցի փուլը» հարցին և Կառավարությանն առաջարկում նոր նախագիծ․

«Ըստ նախագծի՝ իր ներկայացրած զարգացման ծրագրին դրական եզրակացություն ստացող հավակնորդը հարցազրույցի փուլը 2 անգամ չհաղթահարելու դեպքում պետք է կրկին զարգացման ծրագիր ներկայացնի, եթե հանձնաժողովը բացասական է գնահատել զարգացման ծրագրի որևէ բաղադրիչ։ Երբեմն հարցազրույցի ընթացքում պարզ է դառնում, որ հավակնորդն առնվազն չի հանդիսանում զարգացման ծրագրի հեղինակը, իսկ այս պարագայում կունենանք արդյունավետ արձագանքելու եղանակներ»։

Թեկնածուներ, որոնք չգիտեն «իրենց գրած» բառերի նշանակությունը

Նախորդ տարվա նոյեմբերին «Ռադիոլուր»-ը նկատել էր, որ հայտարարությունների ամենահայտնի կայքերից մեկում մի քաղաքացի առաջարկում է մոտ 450 000 դրամի դիմաց գրել, իր ձևակերպմամբ, դպրոցի տնօրենի մրցույթում հաղթելու ծրագիր։ «Այս տարի հաստատված ծրագրերի կեսն իմ աշխատած ծրագրերն են»՝ հայտարարել էր մեր անանուն զրուցակիցը։

Հրապարակումից 2 շաբաթ անց Ժաննա Անդրեասյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հայտնել էր՝ դեպքով զբաղվելու է ՊԵԿ-ը։

«Քանի որ դա նաև հանրայնորեն հասանելի տեղեկատվություն էր, մենք դիմել  ենք ՊԵԿ-ին, որ պարզեն՝ ինչքանո՞վ է տվյալ ծառայությունները տրամադրող անձը գործում իրավական դաշտում։ Իրավաբանների հետ խորհրդակցելու արդյունքում մեր եզրակացությունն այն էր, որ այդ իրավիճակում դա էր միակ գործուն եղանակը, որովհետև մարդը, ըստ էության, ծառայություններ է առաջարկում, ու ինչ-որ մարդիկ էլ դրանից օգտվում են։ Վստահ եմ, որ ՊԵԿ-ի գործընկերները հետամուտ կլինեն, բոլոր նման դեպքերում այդպես ենք վարվելու»։

ԿԳՄՍ նախարարությունից փորձեցինք պարզել՝ ինչ փուլում է դեպքի ուսումնասիրությունը։  Խոստացան պատասխանել ավելի ուշ։  

Դպրոց ղեկավարել հավակնող մարդկանց կողմից ներկայացվող ծրագրերում գրագողության ու արտագրության դեպքերը բացահայտել հնարավոր է՝ նշել էր Ժաննա Անդրեասյանը։ Սա նաև հնարավոր է պարզել հենց հարցազրույցի փուլում։ Հաճախ ներկայացվում է գրագետ, բոլոր չափանիշներին համապատասխանող ծրագիր, իսկ արդեն բանավոր հարցազրույցի փուլում է պարզ դառնում, որ թեկնածուն իր ծրագրի հետ ոչ մի կապ չունի։ Ժաննա Անդրեասյան․

«Եղել են մարդիկ, որ հարցազրույցի ժամանակ հենց համոզվել ենք, որ իրենք իրենց «գրած» ծրագրի հետ որևէ կապ չունեն, ու հենց էդ պատճառով նաև հարցազրույցը  չեն հաղթահարել։ Անկախ նրանից, թե իրենք էդ պահին հարցերին ինչպես կպատասխանեն, եթե ակնհայտ է, որ մարդն իր ներկայացրած ծրագրից տեղյակ չէ կամ այնպիսի բառապաշար է օգտագործվել, որ ակնհայտ է, որ էդ բառերը նույնիսկ իրեն հասկանալի չեն, էդ մարդիկ, հավատացած եղեք, հարցազրույցը չեն հաղթահարում»։

Լուծումը՝ գործուղված կամ փորձաշրջան անցնող տնօրեններ

Այս խնդիրը լուծելու նպատակով է ԿԳՄՍ նախարարությունը հարցազրույցի փուլը 2 անգամ ձախողած թեկնածուներին  առաջարկում  վերադառնալ զարգացման ծրագիր գրելու փուլին։ Այդպես էլ, սակայն, գործընթացն է երկարում, և կշարունակեն թափուր մնալ տնօրենների հաստիքները։ Նախագծով առաջարկվում է տնօրենի պաշտոնում փորձաշրջանով նշանակվելու հնարավորություն տալ այն հավակնորդներին, որոնք հարցազրույցի փուլում կստանան հանձնաժողովի առնվազն 4 անդամի դրական գնահատականը։

«Այս պարագայում մենք հնարավորություն կտանք այն հավակնորդներին, որոնք հեռանկարային են կամ բավարար պատկերացում ունեն հաստատության զարգացման վերաբերյալ, սակայն, օրինակ, չունեն կառավարման մեծ փորձառություն»։

Այս պարագայում թեկնածուն այլ դպրոցների փորձառու տնօրեններից մեկի օգնությամբ կանցնի փորձաշրջան և միայն այն բարեհաջող հաղթահարելու դեպքում կնշանակվի տնօրենի պաշտոնում։

Այժմ «E-draft» հարթակում հանրային քննարկման է դրված դպրոցի տնօրեններին վերաբերող մեկ այլ նախագիծ ևս։ Այն առաջարկում է տնօրենի գործուղման ընթացակարգ սահմանել այն դեպքերի համար, երբ առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղի համար դիմող չի եղել, կամ տեղը չի համալրվել: Ըստ նախագծի՝ գործուղվել կարող են այն մարդիկ, որոնք ունեն ուսումնական հաստատություն ղեկավարելու փորձ, և նրանց ղեկավարած հաստատությունն ունի կատարողականի բարձր ցուցանիշներ, ինչպես նաև նրանք, որոնք որևէ դպրոցի զարգացման իրենց ծրագրին ստացել են դրական եզրակացություն և հաղթահարել  հարցազրույցի փուլը:

Կարդացեք նաև

Back to top button