
Տարեսկզբից դպրոցների տնօրենների ընտրության կարգն արմատապես փոխվել է․ եթե նախկինում տնօրենի ընտրության և նշանակման հարցում ամենակարևորը դպրոցի կառավարման խորհրդի որոշումն էր, նոր կարգավորմամբ գործընթացում առանցքայինը ծրագիրն ու մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունն են։ «Թեկնածուն կարո՞ղ է տնօրեն դառնալ, թե՞ ոչ» հարցին այժմ պատասխանում է փորձաքննող խումբը՝ հիմք ընդունելով վերջինի ներկայացրած դպրոցի զարգացման ծրագիրը։
Կարգի գործարկումից 5 ամիս անց «Ռադիոլուր»-ը հետաքրքիր արդյունքներ է բացահայտել․ մինչև հիմա քննված 170 հայտից հավանության է արժանացել միայն 15-ը։
Ծնողներն «այդ մարդուն» չեն ուզում․ տնօրեն ճաշակո՞վ, թե՞ ծրագրով
«Ծնողներն ու ուսուցիչները դեմ են, որ այդ մարդը տնօրեն դառնա»․ Արագածոտնի մարզի դպրոցներից մեկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ զրույցն այս նախադասությամբ է սկսվում։ «Այդ մարդը»՝ տնօրեն դառնալու հավակնություններ ունեցող թեկնածուն, 1 տարի առաջ հավասար պայմաններում հաստատ տնօրեն չէր դառնա։ Նոր կարգով, սակայն, ծնողների ու ուսուցիչների կարծիքը նույնքան կարևոր չէ։ Տնօրեն ընտրելու հիմքն արդեն ոչ թե վերջինների ճաշակն է, այլ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը։
2023-ի փետրվարի 9-ի Կառավարության 181-Ն որոշմամբ հաստատվել է տնօրենի ընտրության ու նշանակման նոր կարգը։ Դրանից առաջ գործում էր դեռ 2010-ին ընդունված կարգը։ Ըստ դրա՝ տնօրենն ընտրվում էր կառավարման խորհրդի կողմից։ Խորհրդի եզրակացության հիմքով տնօրենին նշանակում էր լիազոր մարմինը (մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը)։ Կառավարման խորհրդի կազմում մանկավարժներ էին, ծնողներ, ներկայացուցիչներ լիազոր մարմնից, համայնքից, նախարարությունից։

«Նախկինում էլ հիմքը զարգացման ծրագիրն էր, ուղղակի կառավարման խորհուրդն էր զարգացման ծրագիրը լսում, որոշում, իր կողմ կամ դեմ ձայնը տալիս հավակնորդին։ Բայց կառավարման խորհուրդը երբեմն ձևավորվում էր մարդկանցից, որոնք ընդհանրապես տեղյակ չէին, թե դպրոցի զարգացման ծրագիրն իրենից ինչ է ներկայացնում»,- պատմում է ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը։
Այսպիսով՝ այն խորհուրդները, որոնց անդամները պատկերացում չունեին զարգացման ծրագրերի իմաստի ու էության մասին, որոշում կայացնելու լիազորություն էին ստանում՝ ասում է նախարարության ներկայացուցիչը։ Արդյունքում՝ տնօրեն ընտրվելու համար ոչ թե դպրոցի կառավարման պատկերացում ու կարողություն էր պետք, այլ «լավ» հարաբերություններ որոշում կայացնողների հետ։
«Ինքը կողքի գյուղից է, իրանց գյուղում էլ ուզել է տնօրեն դառնալ, չի անցել, իրենց գյուղացիները չեն ընտրել իրան։ Առաջվա կարգը, օրենքը ուրիշ էր, մանկավարժական-ծնողական էր, բայց քանի որ օրենքը փոխվել է, հիմա ինքը պիտի զարգացման ծրագիր ներկայացնի, մեկ էլ հավանություն տան, թե չտան։ Բայց, Ձեզ ասեմ, ծնողները դեմ են, ու գյուղացիներն էլ են դեմ»,- ասում է տնօրենի ժ/պ-ն՝ «այդ մարդու» մասին։
Տնօրենների ընտրության նոր կարգով ընտրությունը կայացվում է զարգացման ծրագրերի՝ փորձաքննության արդյունքում գրանցված եզրակացության հիման վրա։ Նախարարությունում ձևավորվել է մասնագիտական հանձնաժողով (կազմում՝ նախարարի՝ ոլորտը համակարգող տեղակալը, երկու ներկայացուցիչ նախարարության հանրակրթության վարչությունից, մեկական ներկայացուցիչներ՝ անձնակազմի կառավարման և իրավաբանական վարչություններից, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամից և «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ից)։ Հանձնաժողովը համապատասխան լիազոր մարմիններից ստանում է զարգացման ծրագրերը, դրանք փոխանցվում են նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթում հաղթած երկու կազմակերպություններից որևէ մեկին։
«Հայտ ներկայացրել է 6 կազմակերպություն, որոնցից 2-ը հաղթող են ճանաչվել։ Գնահատումն իրականացնում են ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված գնահատման սանդղակով։ Զարգացման ծրագրին ներկայացվող պահանջները նախարարի մեկ այլ հրամանով հաստատվել են դեռ 2022-ին»,-ասում է Ստալ Սարդարյանը։
Այսպիսով՝ տնօրեններ դառնալ/մնալ հավակնողների աշխատանքային ճակատագրերը այս 2 փորձագիտական կազմակերպությունների որոշումներից են կախված։
Երկու անբավարար՝ երկու հայտով
«2-րդ անգամ եմ հայտ ներկայացրել, ու պատասխանը բացասական է եկել»,- ասում է տնօրենի հավակնորդը, ում թեկնածությանը ծնողներն ու ուսուցիչները հավանություն չեն տալիս։ Նրա հետ մեր զրույցի որոշ հատվածներ ներկայացնում ենք առանց միջամտության ու խմբագրման․
— Երկրորդ մերժումը ստացել եմ ամսի 20-ից հետո։
— Իսկ ի՞նչ հիմնավորմամբ էին մերժում։
— Դե, զարգացման ծրագրի հետ կապված էր, ինչ-որ բաների հետ կապված էր, ես էլ, ճիշտն ասած, չիմացա։ Ներկայացնում էր, թե քանի բալ ես հավաքել։ Օրենքով պիտի 18 բալ հավաքես։ Թե՞ 16 է։ Չեմ էլ հիշում։ 18։
— Դուք քանի՞սն էիք հավաքել։
— 8 է, 9 է, չգիտեմ․․․ պատճառը որն է, ճիշտ է, թե սխալ, չեմ էլ հետաքրքրվել։ Եթե խնդիրը սենց է, կարող է ես չմասնակցեմ 3-րդ անգամ։
— Բա չիմանա՞ք ինչն է խնդիրը, կարող է մի բան թերի եք ներկայացնում, ուղղելու ցանկություն չունե՞ք։
— Կարող է էլի, զարգացման ծրագրի հետ է կապված, իհարկե, զարգացման ծրագիրը երևի․․․ չգիտեմ՝ օրենքը ոնց է․․․ երևի լավ չի ներկայացվել, ինչ է եղել․․․ չգիտեմ ճիշտ ասած։
— Իսկ կարո՞ղ է օրենքը չգիտեք, դրա համար է, որ վատ է․․․
— Չէ-չէ, չէի ասի, զարգացման ծրագրի հետ է կապված․․․
Երբ արտագրում են տնօրենները

«Մենք ունենք դեպք, երբ տնօրենի թեկնածուն լրիվ ուրիշ դպրոցի ծրագիր էր copy արել, դրել իր ծրագրի մեջ՝ մոռանալով ուղղել դպրոցի համարը։ Պայմանական՝ ինքը 100-րդ դպրոցի հավակնորդն էր, 50-րդի ծրագիրը copy էր արել, դրել՝ մոռանալով համարն ուղղել։ Եթե բուհերում դիպլոմայինները, կուրսայինները, մագիստրոսականները բիզնես են, պարզ է, որ արտագրությունը ցկյանս ուղեկցելու է հայ ազնիվ ժողովրդին»։
Վահրամ Թոքմաջյանը կառավարության հայտարարած դրամաշնորհային մրցույթը հաղթած փորձագիտական խմբերից մեկի ղեկավարն է։ Կարդացել է բազմաթիվ զարգացման ծրագրեր, մի քանիսը նույնությամբ մի քանի անգամ՝ որպես տարբեր հավակնորդների անհատական աշխատանք։
«Հավակնորդները հույս ունեին, որ էդ 140 էջանոց ծրագրերը ոչ ոք չի կարդալու, բայց չգիտեին, որ կան մարդիկ, որոնք սիրում են ընթերցանությամբ զբաղվել։ Մարդիկ կան՝ 2-3 անգամ են արդեն եկել ու չեն ստացել։ Սա նշանակում է, որ մարդը պիտի որոշի՝ ինքն այդ պաշտոնին համապատասխանու՞մ է, թե՞ պիտի գնա, ուրիշ գործով զբաղվի։ Ի վերջո պայման չի, որ մարդը տնօրեն լինի, թող գնա, մանկավարժությամբ կամ ուրիշ բանով զբաղվի»։
Նախարարությունից «Ռադիոլուր»-ին փոխանցում են՝ փորձագիտական երկու խմբերը միասին նախորդ 5 ամիսներին 170 ծրագիր են քննել։ 170-ից հավանության է արժանացել 15-ը։
— Ուզում եմ այնտեղ մի լումա ունենամ։ Մենք չունենք հիմա էս տարածքում բարձրագույն ուսանողներ, երևի ուզում եմ աշխատեմ էդ գծով։ Որ մի երկու հոգի գնան, սովորեն։ Ուզում եմ լումա ունենամ,- ասում է տնօրենի հավակնորդը։
— Ո՞նց եք պատկերացնում դա, ի՞նչ ծրագրեր ունեք։
— Դե, շատ ծրագրեր ունեմ, մանավանդ կրթության հետ կապված։ Երեխաները չեն գնում, սովորում։ Ասի մի քիչ ձգտեմ, գնան, սովորեն։ Ամենաշատն էդ հարցով եմ զբաղված։
Տնօրենի՝ արդեն երկու անգամ մերժված թեկնածուի գործողությունների ծրագրից որևէ կոնկրետ քայլ լսելու մեր ջանքերը անհաջողության մատնվեցին։ Ի՞նչ խնդիր կա դպրոցում, որ ուզում եք լուծել․ մեր այս հարցը ևս անպատասխան մնաց․
— Չգիտեմ հիմա ընդեղ ոնց է, 15 կմ հեռու է էդ գյուղը մեր գյուղից, չգիտեմ ոնց են դասավանդում։
— Բա որ չգիտեք, ո՞նց եք ուզում էդ դպրոցում փոփոխություն անել, եթե չգիտեք, օրինակ, ինչն է սխալ, որ ուղղեք։
— Չէ, գիտեք ինչ, չեմ ասում սխալ բաներ կան, հիմա ես չգիտեմ՝ սխալ բաներ կան։ Չեն ասի, ո՞վ ինձ կասի՝ սխալ բաներ կան, թե չկան։ Ես իմ կարծիքն եմ ասում, ուզում եմ՝ մի քիչ փոփոխություն մտցնել, երեխեքի հետ շփվել։ Եվ թափուր է հայտարարված, դրա համար է։
Գյումրիի ծանոթներից չի զանգել միայն տատիկը
«Հանձնվել պետք չի, որտեղ կա լուսավոր կետ, պետք է հենվել այդ լուսավոր կետերի վրա։ Օրինակ՝ մենք ունենք շատ փոքր դպրոցներից եկած ծրագրեր, կարող է ինչ-որ բաժնից կտրվում է, հետո ուղղում է էդ բաժինը, բայց երբ կարդում ես, հավեսդ գալիս է, հասկանում ես, որ էդ մարդն ի սրտե պատկերացնում է իր գործը և ուզում է էդ աշխատանքն անի։ Լավագույն ծրագիրը, որ կարդացել եմ էսքան ժամանակ, եզդիական փոքր համայնքից եկած ծրագիր էր․ իրական պատկերից, իրական կյանքից բխող՝ առանց լոլոների, առանց ավելորդ ճոռոմաբանության, վեհ-հայրենասիրական կենացների, թե ինչի մասին է կրթությունը»,- ասում է Վահրամ Թոքմաջյանը։
2023-ին տնօրեն ընտրվելու է հանրապետության 170 դպրոցում։ Թոքմաջյանն ասում է՝ հանրակրթության ոլորտի բարեփոխումները բարդ են տրվում․ ամեն կառավարություն կրթական գաղափարախոսությունը սեփական ճաշակով է ընտրում, արդյունքում՝ դրանք սկսում են տրամաբանորեն հակասել իրար։ Գումարվում է ծանոթ-հարազատների աջակցության հնարավորությունը կորցրած թեկնածուների շփոթմունքը։
«Չափորոշիչները բավական հստակ են, սուբյեկտիվության գործոն չի կարող չլինել, մենք փորձում ենք պահել առավելագույն օբյեկտիվությունը։ Իհարկե՝ միջնորդությունների փորձեր էլ կան։ Երեկ, օրինակ, ես 14 տարբեր զանգ եմ ստացել, մենակ հանգուցյալ տատիկս չի զանգել Գյումրիի ծանոթներից»։

Զարգացման ծրագրի մշակման պահանջներն ու ձևաչափը՝ այստեղ
10 տարի աշխատել են, բավարարել է, հիմա հանկարծ չի բավարարում
— Լա՞վ աշխատանք է տնօրենի աշխատանքը, ձեռնտու՞ աշխատանք է։
— Դե, աշխատանք է, էլի, ամեն տեղ էլ աշխատել եմ։
— Դուք ինչու՞ եք շահագրգռված դառնալ տնօրեն։
— Դե, շահագրգռված չեմ, դե աշխատանք է, գործ է, պիտի արվի, հիմա, ես չէ, մեկ ուրիշը կգնա էնտեղ։
Տնօրեն դառնալու հավակնությամբ, սակայն մերժված որոշ թեկնածուներ «Ռադիոլուր»-ին հայտնեցին իրենց մտահոգությունը՝ անանուն մնալու պայմանով։ Նրանցից ոմանք պարզապես չեն հասկանում՝ ինչ է ակնկալվում իրենցից, ինչու են պարբերաբար մերժում ստանում։ «10 տարուց ավելի աշխատել եմ, բավարարել է, հիմա հանկարծ չի բավարարում»,- ասում է հավակնորդներից մեկը, սակայն հրաժարվում է մանրամասնել մտահոգությունը լրացնելով՝ դեռ էլի եմ դիմելու, եթե 3-րդ անգամ էլ մերժեն, կխոսեմ։
ԿԳՄՍ նախարարությունը մինչ այս պահը մի քանի բողոք ստացել է՝ ասում է Ստալ Սարդարյանը․ «Ունենք դեպքեր, երբ ուղղակի արտագրություններ են հայտնաբերվել, և այս դժգոհությունները այնքան էլ օբյեկտիվ չեն»։
Վահրամ Թոքմաջյանն ասում է՝ զարգացման ծրագրերին ներկայացվող պահանջները դեռ էլի խստացվելու կարիք ունեն։ Այլ ակնկալիքներ ևս կան․ եթե այժմ հավանության արժանացած ծրագրերի հեղինակները ընտրվում էին լիազոր մարմնի հաստատումից հետո, ապա ակնկալվում է այս լիազորությունն էլ «հեռացնել» հնարավոր հարազատ միջավայրից և վերապահել նախարարության մասնագիտական հանձնաժողովին։
«Մեր եզրակացությունը վերջնական որոշում է այն պարագայում, երբ կտրվում է մասնակիցը, այսինքն՝ հավակնորդը եթե կտրվեց, վերջ, էլ չի կարող էդ պահին մասնակցել։ Եթե մեր կողմից հաստատվում է ծրագիրը, էդ հարցազրույցը մարզպետարանում կրում է ձևական բնույթ։ Բայց եթե կա երկու հավակնորդ, և երկուսն էլ ստանում են միավորները, այստեղ արդեն լիազոր մարմինը հարցազրույցի արդյունքով ինքն է որոշում, թե ում նշանակի։ Սա նշանակում է, որ եթե ինչ–որ մեկը մարզպետի կամ քաղաքապետարանի սիրելին է, մեկնարկային առավելություն ունի»։
Նոր կարգով ընտրված տնօրենները կպաշտոնավարեն 5 տարի։ 2028-ից կգործի տնօրենների ատեստավորման կարգը։ Դրանով գործող տնօրենների աշխատանքային պայմանագրերի ժամկետը լրանալուց հետո նոր մրցույթի փոխարեն կիրականացվի ատեստավորում։ Դրական արդյունքի դեպքում այս տարիներին ընտրված տնօրենները կշարունակեն պաշտոնավարել։





