ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Մենք մի փոքր ճգնաժամային իրավիճակում ենք». ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյան

2022-ին «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ՝ դպրոցների տնօրենների ընտրության կարգն արմատապես փոխվել Է։ Նոր կարգավորմամբ՝ ընտրության գործընթացում որոշիչ են թեկնածուի ներկայացրած՝ դպրոցի զարգացման ծրագիրը և մասնագիտական հանձնաժողովի հետ հարցազրույցը։  

ԿԳՄՍ ներկայացուցիչները հայտարարում են, որ իրավիճակը ճգնաժամային է, 200-ից ավելի դպրոցներ՝ առանց տնօրենների են: Թեման ուսումնասիրել Է Անահիտ Սվարյանը:

200 դպրոցներ չունեն տնօրեն

Ընթացիկ տարում, ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանի, 853 դպրոցի զարգացման ծրագրի փորձաքննություն է իրականացվել, դրական եզրակացություն ստացել է, սակայն, ընդամենը 99-ը։

2023-ի սկզբին «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ՝ դպրոցի տնօրեն դառնալ հավակնողները պետք Է 3 փուլ հաղթահարեն։ Առաջին՝ գրավոր թեստավորման ու հավաստագրման փուլից դիմողների շուրջ 85 տոկոսը դուրս է մնում, իսկ հաջորդ փուլ անցածների 60 տոկոսը կրթության կառավարման գիտելիքների պակաս են ունենում։

Այս տարի 99 դրական եզրակացությամբ զարգացման ծրագրեր ունեցողներից միայն 44-ն է հարցազրույցից հետո դրական եզրակացություն ստացել: Այդ մասին «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել Է կրթության փոխնախարար Արաքսյա Սվաջյանը․

«Մենք մի փոքր ճգնաժամային իրավիճակում ենք, որովհետեւ ավելի քան 200 դպրոցում չունենք տնօրեն, ունենք ժամանակավոր պաշտոնակատարներ կամ պարտականությունները կատարողներ»։

Զարգացման մրցակցային ծրագիր գրելն այնքան բարդ է դիմորդների համար, որ Կառավարությունը ՄԱԿ-ի, Եվրոպական միության ու «ԱՅԲ» կրթական հիմնադրամի հետ վերապատրաստման դասընթացներ է նախաձեռնել։

           Ով կհաղթի՝ «Անտիպլագիա՞տը», թե՞ ԱԲ-ն

Իսկ մինչ փոխնախարարի ներկայացրած ճգնաժամը կլուծվի՝ տնօրեն դառնալ ցանկացողները դիմում են տարատեսակ քայլերի, դրանցից մեկն արհեստական բանականությունն Է։ Գործադիրը զարգացման ծրագրերի ինքնատիպությունը ստուգող «անտիպլագիատի» ծրագիր ունի, բայց արհեստական բանականության մասնակցությունը պարզել դեռ չի ստացվում։ Արաքսյա Սվաջյան․

«Մենք նաև ներդրել ենք տեքստի ինքնուրույնության ճանաչման համակարգ, «անտիպլագիատ»-ի ծրագիր ունենք, որով ստուգում ենք զարգացման ծրագրերի ինքնատիպությունը և որոշակի շեմեր ունենք սահմանած։ Արդեն ահազանգեր ենք ստացել, որ արհեստական բանականության միջոցով են գրվում զարգացման ծրագրերը։ Հիմա փորձում ենք արհեստական բանականության ստեղծած ծրագրերի կանխարգելման գործիքներ ներդնել, ինչը բավական բարդ է»։

«Այս տարի հաստատված ծրագրերի կեսն իմ Է»

Փոխնախարարի թվարկած խնդիրների կողքին «Ռադիոլուրը» նկատել է ևս մեկը. հայտարարությունների ամենահայտնի կայքերից մեկում իր վճարովի ծառայությունն է առաջարկում ֆինանսիստ-իրավաբան ներկայացող մի անանուն զրուցակից, ով բաց աղբյուրում դրած իր հայտարարությամբ խոստանում է գրել դպրոցի տնօրենի մրցույթում հաղթելու ծրագիր։

Նշում է՝ շատ ցանկանալու դեպքում առաջին փորձից ինքն էլ կդառնա առանց տնօրենի մնացած 200-ից ավելի դպրոցներից մեկի տնօրենը։ Մեր անանուն զրուցակիցն անհատներին իր ծառայությունը մատուցում է շուրջ 450 000 դրամի դիմաց, կախված նրանից՝ դպրոցը գյուղակա՞ն, թե՞ քաղաքային բնակավայրում է։  Նաև խորհրդատվություն է տրամադրում՝ ժամը 1000 դրամ։

Զրույցում մանրամասնում է. «Կարող եմ Ձեզ խորհրդատվություն տրամադրել, և Դուք ինքներդ աշխատեք գրել զարգացման ծրագիր։ Նաև Ձեր փոխարեն ինքս կարող եմ գրել»։ 

Բաց աղբյուրներում իր հայտարարությունն ու տվյալները տրամադրելուց չխորշող քաղաքացին վստահեցնում է, թե հաստատված ծրագրերից առնվազն 49-ի հեղինակն ինքն է։ Բայց ինչքանո՞վ կարելի Է վստահ լինել, որ ծրագրերը կընդունվեն, չԷ՞ որ դրանք կարող են մի քանի փուլով գնալ, սակայն, ի վերջո, չհաստատվել:

-Էսպես ասեմ այս տարի հաստատված ծրագրերի կեսն իմ աշխատած ծրագրերն են,  բնականաբար, չեմ կարող երաշխավորել, որ հենց առաջին անգամից ծրագիրը հաստատելու են, բայց վստահ կարող եմ ասել, որ դրական եզրակացություն ունենալու ենք՝ չբացառելով նաև, որ հենց առաջին անգամից կարող է հաստատվի ծրագիրը»։

Համացանցում առաջարկվող այս գործարքի մասին «Ռադիոլուրի» տեղեկությունը ԿԳՄՍ-ն ընդունել է ի գիտություն, ասում են, թե  տեղեկություն չեն ունեցել այս մասին։

     Գնահատողների իրարամերժ գնահատականները

Իսկ «Դասավադի՜ր, Հայաստան»-ի համակարգային նորարարությունների գծով տնօրեն Ալեքսանդր Հակոբյանն էլ մեկ այլ խնդրից է խոսում․ նկարագրում է տնօրենների հավակնորդներին ամենաշատը նյարդայնացրած իրավիճակներից մեկը․

«Զարգացման պլանն առաջին անգամ գնացել էր գնահատման և վերադարձել որոշակի բալերով, նշանակումներով։ Շտկումներից հետո նորից էր վերադարձել, գնացել էր այլ կազմակերպության ստուգմանը, և այն հատվածները, որտեղ բալերն առաջին կազմակերպությունը բարձր է գնահատել, երկրորդը՝ ցածր է գնահատել, հակառակն էլ կա՝ երկրորդ կազմակերպությունը բարձր Է գնահատել ծրագիրը, որը ցածր Է գնահատվել առաջին կազմակերպության կողմից:

Ստացվում է՝ գնահատող կազմակերպություններից մեկը ստուգել է նախորդ կազմակերպության՝ զարգացման ծրագրի դրական գնահատված բաղադրիչը և բացասական գնահատել։ Սա հավակնորդների կարողությա՞ն, թե՞ գնահատողների անկարողության խնդիր է՝ հարցին փոխնախարար Սվաջյանը պատասխանում է․

«Մենք նաև գնահատողների կարողության խնդիր ունենք։ Այնպես չէ, որ մենք ունենք շատ լավ փորձագետներ, որոնք կարող են երեք հոգով նույն ծրագիրը առանձին-առանձին գնահատել և միասնական միանման պատասխան տալ։ Քանի որ այս տարին ամփոփում ենք, որոշ կարգավորումներ ևս կլինեն։ Մասնավորապես, օրինակ, կարգավորել ենք, որ արդեն իսկ դրական՝ անցողիկ շեմը հաղթահարած միավորները, եթե տվյալ բաղադրիչում մասնակիցը փոփոխություն չի արել, այլևս չի գնահատվելու, այսինքն՝ եթե ինքն ունի արդեն դրական միավոր, այդ կտորը այլևս չի փորձաքննվի, որպեսզի այլևս ռիսկերի չբախվենք»։

                               «Սկզբունքի հարց Է»

Չնայած խնդիրներին՝ նախարարությունը հետքայլ չի անի։ Փոխնախարար Արաքսյա Սվաջյանն ասում է՝ սկզբունքի հարց է՝ տնօրեններ կդառնան միայն ընտրության բոլոր երեք փուլերը հաղթահարած հավակնորդները։ 

Կարդացեք նաև

Back to top button