Սփյուռքի ձայնը

Հայության արմատները Եվրոպայում. Բելգիայի «Նարեկ» վարժարանի և Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի կրթական համագործակցությունը. «Սփյուռքի ձայնը»

Բելգիայի «Նարեկ» հայկական կրթամշակութային միությունը և Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանը համատեղ իրականացրել են «Հայկական հետքը Վենետիկում» խորագրով ուսումնական այց: Առաջին անգամ Սփյուռքի հայկական դպրոցի և եվրոպական առաջատար համալսարանի միջև կրթական համագործակցություն է հաստատվել:

Բելգիայի հայկական կիրակնօրյա դպրոցների աշակերտները բացառիկ հնարավորություն ստացան անձամբ ծանոթանալու և ուսումնասիրելու Վենետիկի հայկական հարուստ ժառանգությունը: Ուսումնական ծրագիրը ներառեց այցելություններ դեպի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան Միաբանության մայրավանք, Սուրբ Խաչ եկեղեցի, ինչպես նաև Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարան:

«Այս համագործակցությունը ծնվեց Հայաստանում՝ կրթական 11-րդ խորհրդաժողովին մասնակցելու ժամանակ: Տարբեր տարիքի երեխաներին հնարավորություն տրվեց հայկական հետքը տեսնելու, ծանոթանալու և հարցեր ուղղելու համալսարանի հայագիտական ամբիոնում հանդիպման ընթացքում», — պատմում է «Նարեկ» վարժարանի տնօրեն Արտակ Ժամհարյանը:

Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը նշում է. «Վենետիկում հայկական հետքը շատ հին է, սկսվում է դեռևս 13-րդ դարից: Բազմաթիվ են հուշագրություններն ու տարբեր փաստագրությունները, որոնք պատմում են հայկական հետագծի ու դրա կարևորության մասին: Այս համագործակցությունը Սփյուռքի հայկական դպրոցի հետ և առաջինն էր, և շատ կարևոր այն առումով, որ առաջին անգամ Սփյուռքի հայ երեխան նման համագործակցության արդյունքում ծանոթանալու և բացահայտելու էր իր ինքնության, արմատների արժեքայնությունը՝ ոչ իր հայրենիքում»:

Նա նաև ավելացնում է, որ համալսարանն արդեն համագործակցում է Երևանի պետական համալսարանի հետ՝ ներառյալ ուսանողների փոխանակման ծրագրեր:

«Մենք շարունակելու ենք հայկական հետքի ճանաչողական ու բացահայտմանն ուղղված նախագծերի իրականացումը», — հավաստիացնում է Արտակ Ժամհարյանը:

Սոնա Հարությունյանն այս առումով ընդգծում է երկու կարևոր հանգամանք. նախ՝ Սփյուռքում ապրող հայ երեխաները կարողանում են ծանոթանալ իրենց նախնիների թողած ժառանգությանը, իսկ եվրոպական համալսարանն էլ հնարավորություն է ստանում եվրոպայում ապրող երեխաներին իր մասին պատմել ու ներկայացնել:

«Այս առանձնահատուկ կրթական նախաձեռնությունը նոր դուռ է բացում Սփյուռքի հայ համայնքների և եվրոպական կրթական հաստատությունների միջև՝ նպաստելով մշակութային կապերի ամրապնդմանը և հայկական ինքնության պահպանմանը սերունդների համար», — նշում են կազմակերպիչները։

Կարդացեք նաև

Back to top button