
Ռադիացիոն կենսաբանության լաբորատորիան, որն այժմ ռադիացիոն կենսաֆիզիկայի խումբ է, գործում է Ֆիզիկայի Կիրառական Հետազոտությունների Բաժանմունքի կազմում, որտեղ գիտնականներն զբաղվում են կենսաֆիզիկայով։ Գիտության զարգացմանը զուգահեռ զարգանում են նաև գիտական ուղղությունները։ Նոր ու ժամանակակից ճյուղերում առանձնանում է ռադիացիոն կենսաֆիզիկան։ Սա մեծ ոլորտ է և ունի հետազոտության բազմաթիվ թիրախներ։
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտական մի խումբ ուսումնասիրում է իոնիզացնող ճառագայթների ազդեցությունը կենսաբանական օբյեկտների վրա։
Ինստիտուտում ռադիոկենսաբանությամբ նախկինում զբաղվում էր մեծ թվով գիտնականներից կազմված լաբորատորիա, տարիների ընթացքում մնացել է մի փոքր խումբ։ Փոքր ու հստակ քայլերով փորձում են վերականգնել այս ուղղությամբ կատարվող հետազոտությունները։
Գիտական այս խումբը, որի ղեկավարն Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտաշխատող Լուսինե Ալոյանն է, բարձրագույն կրթության ու գիտության հայտարարած դրամաշնորհի շրջանակներում միջդիսցիլպինար ուղղությունն է զարգացնելու։
Հետազոտելու են գերկարճ էլեկտրոնային փնջերի ազդեցությունը կենսաբանական օբյեկտների վրա։ Գերկարճ էլեկտրոնային փնջերը շատ կարճ՝ մեկ միլիարդերորդ վայրկյանից էլ կարճ տևողությամբ իմպուլսային փնջեր են: Այս փնջերը թույլ են տալիս ազդել կենսաբանական օբյեկտների վրա նոր, ավելի ճշգրիտ եղանակներով: Հասկանալով այս ազդեցությունները՝ կարելի է մշակել ուռուցքների բուժման նոր մեթոդներ, բարելավել ճառագայթային թերապիայի արդյունավետությունը, և նույնիսկ հասկանալ, թե ինչպես պաշտպանել տիեզերագնացներին տիեզերական ճառագայթումից:


Ծրագիրը կիրականցնեն փուլ առ փուլ, սա նաև դրամաշնորհային ծրագրի պահանջներից է։ Միշտ չէ, որ ամեն ինչ հաջող է ընթանում, երբեմն նաև փորձերը չեն ստացվում, պատճառները տարբեր են՝ ասում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտաշխատող Լուսինե Ալոյանը։
Ալիսա Եղիազարյանը ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում է սովորում, աշխատում է նաև Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում։ Նշում է՝ լաբորատորիայում փորձ անելիս կոնկրետ պայմաններ կան։ Ալիսան հիշում է գիտության մեջ առաջին քայլերը, անգամ գաղափար չուներ՝ ինչպես են փորձերը արվում։ Կենսաբանությունը դեռ դպրոցական տարիներից է սիրում, հատկապես հետաքրքիր է ֆիզիկայի ու կենսաբանության համատեղումը։
Հետազոտողներն արձանագրում են՝ առանց դրամաշնորհի աշխատել հնարավոր է, բայց լուրջ գիտական հետազոտություններ անելն արդեն բարդ կլինի։ Երիտասարդ հետազոտողը, ով նոր է մուտք գործում գիտության աշխարհ, վստահ է, որ Հայաստանում գիտական հետազոտություններ անելու հնարավորությունները գնալով ավելանում են: Միջազգային համագործակցությունը և դրամաշնորհային ծրագրերը թույլ են տալիս տեղում զարգացնել առաջատար հետազոտություններ:
«Մեր արդյունքները մրցունակ են միջազգային մակարդակում, իսկ մեր հրապարակումներն ընդունվում են հեղինակավոր գիտական ամսագրերում», — նշում է նա, սա ևս ցուցիչ է, որ մեր երկրում գիտությունն իսկապես զարգանում է։




