Էկոսֆերա

Երևանի բուսաբանական այգում ծառահատումների վնասը գերազանցել է 16․5 մլն դրամը․ ԲԸՏՄ․ «Էկոսֆերա»

Երևանի բուսաբանական այգում տեղի ունեցած կաղնու ծառուղու հատումը համացանցում և լրատվամիջոցներով բավականին մեծ աղմուկ առաջացրեց։ Ահազանգը հնչեցրել է քաղաքացի Էդուարդ Հայրումյանը։ Ըստ նրա՝ Երևանի բուսաբանական այգում հատվել են մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ։

Երևանի բուսաբանական այգուց էլ հայտնեցին, որ Երևանի բուսաբանական այգու ծառահատումների հետ կապված ներկայիս տնօրեն՝ Ժաննա Հովակիմյանը որևէ կապ չունի և իր օրոք ոչ մի կաղնի և ոչ մի ծառ չի կտրվել։   

«Համաձայն ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի տնօրենի 2025թ․-ի մարտի 17-ի 15-Լ հրամանի, մասնագիտական հանձնախմբի մասնակցությամբ՝ Ժիրայր Վարդանյան, Նորիկ Շատոյան, Աշոտ Բոգդանյան, Նաիրա Պողոսյան, Արթուր Պետրոսյան, Մերինե Սարգսյան, 2025թ-ի մարտի 17-ին Երևանի բուսաբանական այգու դենդրոհավաքածուների հողամասում իրականացրել են կաղնու ծառուղու դիտարկում, ուսումնասիրություն։ Արդյունքում պարզվել է, որ ծառուղու երկարությամբ առկա էին մոտ 30 հատ հատված կոճղեր, ակնադիտական եղանակով դիտարկելիս ակնհայտ է, որ մեկ տասնյակից ավելի քանակությամբ կոճղերն ունեն մի քանի տարիների հատման վաղեմություն։ Մոտ 20 հատ կոճղերը հատվել են վերջին 2 տարում (2023-2024թթ․)։ Հատված կաղնու ծառերի կենսունակության աստիճանի որոշումը պահանջում է համալիր դենդրոչափական ուսումնասիրություն»,- հայտնում են բուսաբանական այգուց։ 

Բուսաբանական ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ Ժիրայր Վարդանյանը տեղեկացրեց, որ հանձնաժողով է ձևավորվել, որի անդամներն այգու գիտաշխատողներն են։ Նոր մանրամասներ այգում տեղի ունեցած դեպքից դեռևս չկան, միայն ԲԸՏՄ-ից մեզ հայտնեցին, որ այս գործն անցնում է քրեական վայրույթով։

«Տեսչական մարմնի աշխատակիցները վարույթի շրջանակում իրականացնում են գործողություններ»,— հայտնեցին ԲԸՏՄ-ից։ Այնուհետև ԲԸՏՄ-ն  տեղեկացնում է, որ Բուսաբանական այգում ծառահատումների  վնասը գերազանցել է 16․5 մլն դրամը։

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում «ՀՀ ԳԱԱ Ա․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տարածքում հատված ծառերի վերաբերյալ ստացված ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։ Վարույթի շրջանակներում Բուսաբանության ինստիտուտի տարածքի զննության արդյունքում, այգու հարավ-արևելյան հատվածում, արձանագրվել է «Կաղնի ամառային» տեսակի 35-74սմ տրամագծով ապօրինի հատված 34 ծառի կոճղեր։ Ապօրինի ծառահատման արդյունքում բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է՝ 16 570 000 ՀՀ դրամ։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»,— հայտնում են ԲԸՏՄ-ից։

Կարդացեք նաև

Back to top button