Արթուր Սաֆարյանը ծնվել է 1972 թվականին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում։ Մանկության ամենավառ հիշողություններում ոչ միայն գյուղի չքնաղ պատկերներն են, այլև հանդերում երեք եղբայրներին անընդհատ փնտրող լուսահոգի բաբոյի ձայնը՝ Արթուր, Արտակ, Արսեն․․․
Արսենը եղբայրներից կրտսերն էր, վեց կիլոգրամ քաշով էր ծնվել։ Տղայի և՛ քայլերն էին ուշանում, և՛ խոսքը։ Անհանգիստ Բաբոն փոքրիկին գրկած, եղբայրների թաթիկներից բռնած սարերով երեք-չորս կիլոմետր անցնում, մինչև Գանձասար էր հասնում՝ Աստծուց խնդրելու՝ իմ բալայի լեզուն թո՛ղ բացվի։ Նատալի բաբոյի աղոթքներով բացված լեզուն ոչ միայն խոսեց, այլև երգեց։ Արսենը երգում էր, Արթուրը նրա համար երգեր գրում։ Հետագայում երգով հայտնի դարձած Սաֆարյան եղբայրների ընտանիքն Արցախից Հրազդան է տեղափոխվել 1979 թվականին՝ ոչ մի օր չկտրելով կապը ծննդավայրի հետ։ Արթուրը դպրոցն ավարտեց ու ինստիտուտ ընդունվեց Արցախում։ Ընդունվեց ու սկսվեց պատերազմը։ Հանգամանքների բերումով ուսումը շարունակեց Վանաձորի մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետում։ Ավարտելուց հետո 1995 թվականին զորակոչվեց բանակ։ Նուբարաշենի զորամասում է ծառայել, որտեղ նրա անմիջական ղեկավարը մայոր Ռոբերտ Ղուկասյանն էր։ Զորացրվելուց երկու տարի անց ժամկետային զինծառայության անցավ Արսենը։ Ուրիշ զորամասում էր ծառայում, բայց հրամանատարը դարձյալ Ռոբերտ Ղուկասյանն էր։ 44-օրյային, երբ եղբայրներով մեկնում էին Արցախ, պարզվեց, որ իրենց հրամանատարը նույն ինքը՝ Ռոբերտ Ղուկասյանն է։ Պատերազմում Արթուրի համար կրկնակի ծանր էր, ասում է․«Մեծ եղբոր սինդրոմը մարդու միջից երբեք դուրս չի գալիս։ Արսենի համար էի դողում ավելի շատ։ Երբեք չեմ մոռանա այդ օրը․ արկը պայթեց ասֆալտի վրա, մեզ շատ մոտ, Արսենին օդում տեսա, ասեցի վե՛րջ»։ Բարեբախտաբար վերջը չէր, բայց հետևանքները ծանր էին։ Պատերազմից հետո երկու տարի շարունակ Արսենը վիրահատությունների մեջ էր։
«Պատերազմը մարդու միջից երբեք դուրս չի գալիս։ Ով թեկուզ մեկ օր պատերազմի ժամանակ կանգնել է մարտական դիրքում , գիտի՝ քո մարտական դիրքը ուրիշ հայրենիք է։ Ես չեմ կարող հաշտվել այն մտքի հետ, որ իմ հարազատ գյուղը, ծննդավայրը, սրբավայրերը, որոնք պաշտում եմ, այլևս չեմ տեսնելու։ Չեմ էլ ուզում դրան հավատալ։ Ինչ կարողանամ, անելու եմ, որ այսպես չմնա։ Ես անպայման խունկ եմ ծխելու իմ բաբոյի գերեզմանին»,-ասում է Արթուրը։




