
Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական ու արդյունավետ կիրարկումը, որի հիմքում կանոնադրական մարմինների անխափան աշխատանքն է, այդ թվում` ոլորտային նախարարությունների, գերատեսչությունների կողմից համապատասխան հանձնառությունների լիարժեք իրականացումը, շարունակում էր մնալ երկկողմ օրակարգի առաջնահերթությունների շարքում:
Ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը` ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 24-ի նիստում քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:
Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին` փոխնախարարը նշել է, որ այս մասով բանակցությունները շարունակվում են: «Կարծում եմ, որ գործընթացը կունենա արդյունավետ ընթացք հնարավորինս արագ, որպեսզի առանց վիզայի ռեժիմի համակարգը գործի Հայաստանի քաղաքացիների համար»,- ասել է նա:

Այս համատեքստում հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշել է. «Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունն այսօր Եվրամիության կողմից վարվող միակ ազատականացման երկխոսությունն է: Որեւէ այլ պետության հետ այս պահին նման երկխոսություն չկա. կա’մ այդ երկխոսությունն ավարտվել է արդեն, եւ վիզաների ազատականացումը տեղի է ունեցել, կա’մ նման մտադրություն որեւէ այլ պետության նկատմամբ չկա էլ»: Ըստ նրա` սա վերաբերմունքի ցուցիչ է:
Պատգամավոր Արմեն Գեւորգյանը հետաքրքրվել է, թե մոտավորապես երբ կարող է վիզաների ազատականացման հարցը որոշակիանալ: «Ցավում եմ, բայց չեմ կարող նշել կոնկրետ տարի, թե երբ կավարտվեն բանակցությունները: Բայց, իմ կարծիքով, այդ գործընթացը շատ ավելի արագ կանցնի, քան մի շարք այլ երկրների դեպքում»,- ասել է փոխնախարարը` հավելելով, որ այս հարցում կարելի է դիտարկել այլ երկրների փորձը, որը, մոտավորապես, տեւել է 3-6 տարի: Նրա խոսքով ԵՄ գործընկերներն էլ են խուսափում ժամկետների մասին խոսելուց:




