Արփինե Ավանեսյանը ծնվել է 2001 թվականին Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում։ Ստեփանակերտում դպրոցն ավարտելուց հետո 2016-ին ընդունվեց Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան։ Հենց այստեղ էլ ծանոթացավ Ռոբերտի հետ։ Վարժարանի շրջանավարտ Ռոբերտ Միկիչյանը ծնունդով Վանաձորից էր։ Այդ ժամանակ ավարտել էր ՌԴ Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարանն ու իր ընտրությամբ ծառայության անցել Արցախի հանրապետության ՊԲ-ի Դրմբոնի զորամասում որպես ԴՇԲ դասակի հրամանատար։ ՊԲ-ում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, փայլուն ծառայության համար Ռոբերտ Միկիչյանը բազմաթիվ պարգևների է արժանացել։ 44-օրյային Մարտակերտի հյուսիսային հատվածում էր՝ առաջնագծի ամենաթեժ կետերից մեկում։ Մի քանի թեթև վիրավորումներին ուշադրություն չէր դարձրել ու առաջնագիծը չէր լքել։ 44-օրյա պատերազմում Արփինեն կորցրեց հայրիկին, հարազատ այլ մարդկանց ևս։
Ռոբը վերադարձավ, պատերազմի ավարտից անմիջապես հետո ամուսնացան, 2021-ի հոկտեմբերի մեկին ծնվեց առաջնեկը՝ Վահեն։ Երջանիկ էին՝ չնայած Արցախում տիրող իրավիճակին։ Սակայն տեղի ունեցավ ամենասարսափելին՝ բոլորի համար անսպասելի։ 2023-ի հուլիսի քսանմեկին Ռոբերտը դիրքերից տուն իջավ։ Կիրակի առավոտյան ինքնազգացողությունը կտրուկ վատացավ։ Հիվանդանոցում ախտորոշեցին՝ սրտի տամպոնադա (սրտի աորտայի պատռվածք)։ Կարճ ժամանակ անց Ռոբերտի սիրտը կանգ առավ։ «Տանը Ռոբի ձեռքը բռնել էի, ու նա ամուր սեղմեց իմ ձեռքը։ Չգիտեի, որ վերջինն է։ Ինձ թվում է՝ իր ամբողջ ուժն այդ պահին Ռոբն ինձ փոխանցեց»,-ասում է Արփինեն։
Երկար պայքարից հետո հուլիսի 29-ին կապիտան Ռոբերտ Միկիչյանի մարմինը Արցախից տեղափոխեցին իր ծննդավայր՝ Վանաձոր։ Նույն օրը որդու հետ միասին Հակարին անցնում էր նաև Արփինեն, որը ստիպված էր ձևացնել, որ առջևի մեքենայում գտնվող Ռոբերտի մարմնի հետ որևէ կապ չունի։
2023-ի նոյեմբերի հինգին ծնվեց Ռիտան՝ կապուտաչյա գեղեցկուհին, որը ապրելու նոր իմաստ տվեց Արփինեին։ Կեսարյան վիրահատության օրը՝ նոյեմբերի հինգը, Ռոբի հետ միասին էին որոշել։ Արցախի պաշտպանության բանակում այդ օրը Հետախույզի օրն էր։
2023-ին Արփինեն ավարտել էր Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի «Լեզու և գրականություն» բաժինը, Հայաստան տեղափոխվելուց հետո 2024-ին ընդունվեց Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարան։ Շարունակում է ապրել, մաքառել՝ հանուն Ռոբից մնացած երկու թանկագին մասնիկների։




